Անցած տարվա վերջին ամիսների քաղաքական քննարկումների հիմնական թեման մեր երկրի օրհներգն էր: 2006-ին վերջապես մշակույթի նախարար ունեցանք, ով հասարակությանը չսպառնաց, թե խթանելու է ազգային մշակույթը: Նոր նախարարի ելույթներն այլեւս հրապարակային ընթերցանության նյութեր չէին: Նախարարը ոչ Բորոդինին էր հյուրանոցային լյուքս համար պատվիրում, ոչ էլ հացի կտորն էր գետնից բարձրացնում ու «մեղա» ասելով՝ մի բարձր տեղ դնում, ոչ էլ Չեքիջյանին էր խնդրում ներկայանալ՝ ծանոթացնելով իր անձը: Բայց մենք մենք չէինք լինի, եթե նոր նախարարի գլխին արտառոց մի բան սարքած չլինեինք: Ընդ որում՝ հանրաքվեի մակարդակով: Նորացած Սահմանադրությունը, որ հանրաքվեով հաստատվածի համարում ուներ, պահանջում էր երկրի համար նոր օրհներգ գտնել: ՀՀ բազմափորձ նախագահը չստանձնեց օրհներգ ընդունող պետական հանձնաժողովը ղեկավարելու պատասխանատվությունը: Պաշտոնավարման ժամկետի տեսանկյունից ամենափորձառու վարչապետը` նույնպես: Երկրի օրհներգ ընդունելը հո՞ Ռուսաստանում անցկացվող մշակութային տարի չէ, որ դրանով երկրի առաջին այրերը զբաղվեն: Այդ շարքային մշակութային միջոցառման պատասխանատվությունը դրվեց Մշակույթի նախարարության վրա: Հետո հասարակությունը կիսվեց երկու մասի: Ոմանք ասում էին, որ հարկավոր է վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը: Մյուսները պահանջում էին պահել «Մեր Հայրենիքը»: Երկու կողմն էլ հիմնավոր փաստարկներ ունեին: Խորհրդային շրջանի հիմնն արժեքավոր էր ոչ միայն նրանով, որ այն Խաչատրյանի ստեղծագործությունն է: Երաժշտագետների կարծիքով` այն ազգային-հոգեւոր հենք ունի: Հիմքում Հայ Առաքելական եկեղեցու «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ» ծիսական շարականն է: «Մեր Հայրենիքի» կողմնակիցներն ընդգծում էին այն, որ այս օրհներգի հնչյունների ներքո է հայ ժողովուրդը 20-րդ դարում երկու անգամ պետություն ստեղծել: Հասարակական պառակտումը ուր որ է դառնալու էր քաղաքական խայտառակության պատճառ: Երկիրն առանց օրհներգի չթողնելու ազնիվ մղումով Խորհրդարանն ընդհատեց իր ձմեռային արձակուրդը եւ 2006-ի դեկտեմբերի 25-ին ընդունեց օրենք «ՀՀ օրհներգի մասին»: ՀՀ նախագահն անմիջապես ստորագրեց այն: Հետո հայտարարվեց, որ նոր օրենքը հրապարակվել է «ՀՀ 2006թ. դեկտեմբերի 29-ի պաշտոնական տեղեկագրում»: Հապճեպ ընդունված այս օրենքը հարկավ նոր անհարմար ու զավեշտալի իրավիճակներ պիտի ստեղծի: Առաջինն արդեն առկա է: Օրենքի 4-րդ հոդվածն ամրագրում է. «ՀՀ օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձեւից, ամեն օր. ա) հեռարձակման սկզբին եւ ավարտին, բ) ժամը 6:00-ին եւ 24:00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում, գ) Ամանորի գիշերը Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»: Չքննարկենք այն փաստը, որ Ամանորի գիշերը գործող բոլոր հեռուստաընկերությունները խախտեցին ՀՀ նորաթուխ օրենքը: Ոչ էլ այն, որ այս օրերին էլ են նրանք օրինախախտ: Օրենքը կատարելու համար ոչ հեռուստա, ոչ էլ ռադիոընկերությունները անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները կատարելու ողջամիտ ժամանակ չունեին: Փոխարենը փորձենք պատկերացնել, թե ինչ կկատարվի հեռուստառադիո եթերներում այդ ողջամիտ ժամանակի ավարտից հետո: Կատարելով օրենքը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պահանջը, բոլորը եթեր կհեռարձակեն ՀՀ օրհներգը: «Ռադիո ջազն», օրինակ, կարող է եթեր տալ ջազային կատարում: «Վեմը»` Հայաստանի կամերային պետական նվագախմբի կատարումը: Ռաբիսոտ ընկերությունները` որեւէ ռաբիս դաստի կատարում: Մանկական հեռուստաալիքը` մանկական նվագախմբի եւ այլն: Պետությունն անկախ սեփականության ձեւից ընկերություններին պարտադրելով եթեր տալ օրհներգը` չի բարեհաճել այն պատրաստի տեսա կամ ռադիո հոլովակի տեսքով տրամադրել այդ նույն ընկերություններին: Հետեւաբար, հնարավոր է պատկերացնել, թե ինչ տեսաշարով է ուղեկցվելու հանրապետության օրհներգը գործող մայրաքաղաքային ու ոչ մայրաքաղաքային հեռուստաեթերներում: Յուրաքանչյուրն` ըստ իր ճաշակի, պատկերի ու նմանության: Փոխարենն, ամենեւին էլ դժվար չէ պատկերացնելը, որ այդ բազմազանությունը կհեղինակազրկի ուզածդ օրհներգ: Թե գործող, թե ապագա: Մեր մի քանի հեռուստաընկերություններ (ներառյալ Հանրայինը) շուրջօրյա հեռարձակում ունեն: Դրանք ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետի պահանջով պարտավորված են ժամը 6:00-ին եւ ժամը 24:00-ին ընդհատել իրենց հաղորդումները եւ եթեր տալ մեր օրհներգը: Պատկերացրեք` երեկոյան հեռուստաէկրանին «Հիմնական բնազդ» կինոնկարն է, եւ ուղիղ կեսգիշերից առաջ կինոհերոսները հասել են հիմնական բնազդին: Հեռուստաընկերություններն օրենքի պահանջով դադարեցնում են բնազդի ցուցադրությունը, օրհներգ հնչեցնում ու անմիջապես վերադառնում բնազդի կադրին: Կամ, ասենք, «Հայրենիք-Մեցցոյի» եթերում պայացի արիան է: Օրենքի պահանջով այն ընդհատվում է: Երաժշտական որեւէ համարի ընդհատում նույնիսկ ամենակատաղած գովազդատուն չի պատվիրում: Հակամշակութային նման կեցվածք խորհրդարանի թեթեւ ձեռքով մեր հարազատ պետությունն է որդեգրել: Տեսեք, ոչ շուրջօրյա հեռարձակում ունեցողներին օրենքն արտոնում է օրհներգը հնչեցնել հեռարձակման ավարտին: Այսինքն, օրենսդիրն ամենեւին էլ հակված չէ հայաստանյան հեռուստաեթերում որոշակի ժամի տոտալ օրհներգ հնչեցնել: Դա փաստորեն շատ կարեւոր չէ: Բայց շուրջօրյաներին անհասկանալիորեն պարտադրում է հեռարձակում ընդհատել: Մինչդեռ, ասենք, կարող էր նույն պահանջը ներկայացնել, ասենք, «ժամը 24:00-ին հեռարձակվող տեսանյութի ավարտից անմիջապես հետո» ձեւակերպմամբ: Այս դեպքում եթերում ոչ ընդհատված բնազդ կունենայինք (որքան էլ այն հիմնական լինի), ոչ էլ արիա: Մյուս կողմից, եթե նպատակը գործող օրհներգի` «Մեր Հայրենիքի» պախարակումն է, ապա քայլը ճիշտ է հաշվարկված: Մեր օրենքները տրամաբանության փոխարեն կարծես հիմնական բնազդով են գրված: Վերջին ամիսներին ՀՀ Սահմանադրական դատարանը դրանք մի գլուխ հակասահմանադրական է հռչակում: