Երբ նայում եմ շուրջս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բոլորը մանկական խաղեր են խաղում: Թե մեր հասարակության մի ստվար զանգված մանկություն չի ունեցել: Եվ հիմա, երբ նրանք արդեն մեծացել են, փորձում են այդ բացը լրացնել: Բայց քանի որ խոսքը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է լինելու, փորձենք կռահել, թե ինչ «խաղեր են տալու» մերոնք ապագա մի քանի տարիների ընթացքում:
Վարդան Օսկանյանը եւ Տիգրան Թորոսյանը տարիների ընթացքում կդառնան «ԹպՐՌՔՖ-վպ ՉպՐՌՔՖ» խաղի վարպետ, Դավիթ Հարությունյանը, ինչպես հատուկ է վունդերկինդին, կշարունակի «Մոնոպոլիա» խաղալ: «Արդարություն» դաշինքն այդպես էլ չի սովորի «բլոտ» խաղալ, որովհետեւ նրանք մինչեւ հիմա չհասկացան, թե որ «մաստն» է պետք «կոզր» հայտարարել, իսկ իշխանությունների «քուանշից» հետո նրանք միշտ կրկնակի են «տակ տալիս»: «Նիգ-Ապարանը» Արագածի շուրջ դեռ կշարունակի «զիլինա» խաղալ: Վանո Սիրադեղյանն արդեն այնքան է վարպետացել «պահմտոցի» խաղում, որ ձեռքի հետ էլ գրքեր է հրատարակելու: Անդրանիկ Մանուկյանին այնքան է դուր եկել «փչացած հեռախոս» խաղը, որ մոտակա տարիներին այս խաղում կհաղթի անգամ հայ լրագրողներին: Կառավարությունում մուկ չեն տշի, այլ` ընդհակառակը, կփորձեն նարդին փոխարինել ավելի ինտելեկտուալ խաղերով: Գալուստ Սահակյանին ամենաշատը կդիմեն «տուր մի կռուգ քշեմ» խնդրանքով: Օլիգարխների մի մասը կսկսի «քաղաքականություն խաղալ», իսկ մյուս մասը՝ «մաֆիա» (ուզում եմ հիշեցնել, որ այս խաղում միշտ չէ, որ սեւերն են հաղթում, հատկապես, երբ վարողը խիստ է լինում): Ամերիկացիների սիրած խաղը «բռնոցի-պպզոցին» է, դաշնակները կշարունակեն «կռիվ-կռիվ» խաղալ, իսկ ռամկավարները, հնուց մնացած համակարգիչների օգնությամբ, կփորձեն Ինտերնետով մտնել խորհրդարան: Աշոտ Մանուչարյանը, ինչպես միշտ, սոցիալիստական խաղեր կտա «վռատար-մեջ» սկզբունքով: Արշակ Սադոյանը եւ Արտաշես Գեղամյանը, «դուռակ»-ից ու «մրոցուց» բացի, այդպես էլ ուրիշ ոչ մի խաղ չեն սովորի: Արմեն Գեւորգյանը «տուն-տունիկ» կխաղա, իսկ Սերժ Սարգսյանը՝ շախմատ խաղալիս մի քանի քայլ առաջ կմտածի եւ, ինչպես միշտ, բոլորին «մատ» կանի: Քաղաքապետարանն իր սիրած «ավտոտնակ-ավտոտնակից»,«հողամաս-հողամասից» բացի, մեկ-մեկ այլ քաղաքների քաղաքապետարանների հետ կարող է «գործագործ» (չՏՐՏՊ ջՈ չՏՐՏՊ) էլ խաղալ: «Օրինաց երկիրը» «դպրոց-դպրոց» խաղալու ժամանակ, բացի «ավանդների վերադարձ, ուսուցիչների օպտիմալացում եւ Էլեկտրոնիկ սիթի» արտահայտություններից, անգիր կանի նաեւ «Արթուր Բաղդասարյան՝ նախագահ» արտահայտությունը: Մնացածը կշարունակեն խաղալ կազինոներում կամ իրենց համակարգիչներով՝ «Lines»: Իսկ ժողովուրդը շարունակելու է «գրպանի բիլիարդ» խաղալ: Մի խոսքով, ոչ թե պետություն է, այլ մի մեծ խաղատուն: Այնպես որ, զարմանալի չէ, որ երբ նրանցից մեկին ծնողը ուզում է տուն կանչել, հետեւում է բոլորին հայտնի պատասխանը. «Լավ է՛լի, պա՛պ, մի քիչ էլ խաղամ»:
Դե, իսկ թե ո՞վ է լինելու այն մարդը, որը վերջում կգոռա. «Թու զա վսեխ, կարմիր ասեղ, ազատում եմ բոլորին», հայտնի չէ անգամ գերտերություններին: