Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ նշանակված էր «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական նիստը: Չգիտես ինչու, դատարանի հսկիչներն իրենց վերահսկողական ռեժիմը խստացրել էին: Վերջիններս ոչ մի կերպ լրագրողներին թույլ չտվեցին մուտքի մոտից առաջանալ՝ հորդորելով, թե դատական նիստը չի սկսվել, եւ սկսվելու պարագայում լրագրողներին թույլ կտան բարձրանալ Նիստերի դահլիճ: Հսկիչները տեղեկացրին, որ Նիստերի դահլիճ են բարձրացել միայն Գագիկ Շամշյանը եւ տուժողները: Մինչ դատարանի ցուրտ պատերի տակ սպասում էինք դատավարության ազդարարմանը՝ հսկիչ-ոստիկանին զանգահարեցին եւ հայտնեցին, որ նիստը հետաձգվել է եւ նշանակվել է փետրվարի 2-ին: Ավելի ուշ Գագիկ Շամշյանը մեզ տեղեկացրեց, որ իրականում դատական նիստը կայացել եւ շարունակվել է մոտ 40 րոպե` առանց լրագրողների ներկայության: «Նիստը կայացավ միայն իմ եւ տուժողների ներկայությամբ, իսկ վկաները չէին ներկայացել դատարան: Չգիտես ինչու, հրահանգել էին, որ լրագրողների մուտքը արգելեն»,- ասաց Գ. Շամշյանը, ում պաշտպան Զարուհի Փոստանջյանը նույնպես չէր ներկայացել դատարան` նախապես դատավորին ուղղած հետեւյալ պատճառաբանությամբ. «Հարգելի պրն Ազարյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ մինչեւ սույն թվականի հունվարի 31-ը խիստ հագեցված աշխատանքային գրաֆիկով պետք է լինեմ թե՛ դատական նիստերի, թե՛ քրեակատարողական հիմնարկում, ուստի խնդրում եմ, ներողամիտ գտնվել եւ Գ. Շամշյանի գործով դատական նիստը նշանակել ցանկացած օր, բացառությամբ մինչեւ սույն թվականի հունվարի 31-ը»: Այսպիսով, դատական նիստը կայացավ առանց լրագրողների ներկայության եւ առանց ավելորդ աղմուկի, քանի որ լրագրողները դատավարությանը մասնակցելու փոխարեն դատարանի նախասրահում մրսում էին: Ի դեպ, Գ. Շամշյանի հավաստմամբ՝ տուժողները դատարան են ներկայացել Նուբարաշեն համայնքի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի մեքենայի ուղեկցությամբ: