Երիտասարդ ընտանիքները բնակարանային խնդիր ունեն

21/01/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2006թ. հանրապետությունում ծնվել է 2102 երեխա` 2005թ. 2004 երեխայի դիմաց, մահացել է 1235 մարդ ՝ 2005թ. 1260 մարդու դիմաց: 2006թ. բնակչության բնական աճը կազմել է 867 մարդ եւ 2005թ. համեմատ աճել է 123 մարդով կամ` 16.5 տոկոսով: 2006թ. գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 827 ամուսնություն՝ 2005թ. 751-ի դիմաց, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 123` 2005թ. 117-ի դիմաց:

Չնայած ամուսնությունների թիվը Ղարաբաղում ավելանում է, բայց Ղարաբաղում երիտասարդ ընտանիքների համար դեռեւս առաջնային է մնում բնակարանային խնդիրը: Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար պետության կողմից էական քայլեր չեն արվում: Սա խոստովանում են նույն երիտասարդ ընտանիքները, որոնք բնակարան գնելու համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով ստիպված են երկար տարիներ վարձով ապրել: 2006թ. կառավարությունը փորձում էր հարցի լուծման ուղղությամբ ինչ-որ քայլ անել, բայց, ինչպես ասում են, ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց: 2006թ. պետբյուջեով նախատեսված էր 200 մլն դրամ հատկացնել հիպոթեքային վարկի համար: Գործադիր իշխանության ղեկավարն ԱԺ լիագումար նիստերում պատգամավորների կողմից հնչեցված հարցերին ի պատասխան` հավաստիացնում էր, որ 200մլն դրամն անպայման մինչեւ տարեվերջ կտրամադրվի: Հիպոթեքային վարկավորման ձգձգումը կառավարությունը պատճառաբանում էր տրամադրման կարգի մշակման գործընթացով, սակայն տարեվերջյան նիստում պարզվեց, որ վարկերի տրամադրման համար այդքան ժամանակ բանկերի հետ չեն կարողացել պայմանավորվել: Այնինչ դրանից առաջ ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարը նշել էր, որ «Արարատ Բանկ»-ի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում: Մեր տվյալներով, մասնաճյուղի հետ պայմանավորվածությունն իր վերջնագծին չի հասել: Ըստ ամենայնի, կանգ կառնեն «Արցախբանկի» վրա, որի հետ հենց սկզբից չէին կարողացել պայմանավորվել: Կամ էլ կառավարությունը վարկերի տրամադրման այլ ձեւ կգտնի: Իսկ ձեւն անշուշտ պետք է գտնվի, քանի որ 2007թ. պետբյուջեով հիպոթեքային վարկի համար նախատեսվում է արդեն 500 մլն դրամ, որը, որոշ պատգամավորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքով, բավարար գումար չէ: ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի խոսքերով, Ղարաբաղում մի քանի մլրդ դրամի հիպոթեքային վարկի պահանջարկ կա, «սակայն պետությունն այդքանն ի վիճակի չէ ապահովել»:

Թե երբ կսկսվի վարկերի տրամադրման գործընթացը, հստակ չի ասվել: Չի խոսվել նաեւ տրամադրման կարգի մասին:

Հայտնի է, որ հանրապետության երիտասարդ ընտանիքների մի մասը բնակարան է ձեռք բերել Շուշիում: Տարիներ առաջ այնտեղ կարելի էր համարյա անվճար կամ չնչին գումարով բնակարան ձեռք բերել, իսկ վերջին տարում Շուշիի բնակարանների գինը մի քանի անգամ աճել է: Շուշիի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանի խոսքերով, բազմաբնակարան շենքերում արդեն ազատ բնակարան չկա, քանի որ տարիներ առաջ ավերակների վերացման համար որոշվել է շատ հարմար պայմաններով քաղաքացիներին բնակարան տրամադրել. քաղաքացին սահմանված ժամկետում բնակարանը կարգի բերելու եւ վերանորոգելու դեպքում կարող է այդ նույն բնակարանի սեփականատերը դառնալ: Շուշիում միայն մեկ շենք կա, որի բնակարանները գարնանը կտրամադրվեն, իսկ հողատարածքներ շատ կան, որոնք հիմնականում տրամադրվում են կամ մրցութային կարգով, կամ ուղղակի վաճառքի ձեւով: Իսկ 1 քառ.մետր տարածքի կադաստրային գինը Շուշիում 170 դրամ է: