Աշխատանքային թրաֆիկինգի զոհեր Գյումրիում

21/01/2007 Վարդուհի ԶԱՔԱՐՅԱՆ

«Յոթ հոգով մի փոքր սենյակում էինք մնում, որտեղ նույնիսկ տարրական կոմունալ հարմարություններ չկային: Համարյա միշտ կիսասոված էինք. օր էր լինում` ցամաք հաց էինք ուտում, լինում էր` կաղամբի կոթեր, օր էլ է եղել` բան չենք կերել: Ութ ամիս այդպես արդեն աշխատել էինք, երբ իմացանք, որ Արարատը ոչ մի կոպեկ մեր տուն չի ուղարկել` չնայած որ եղբոր գերեզմանով էր երդվում, որ տնեցիք ամեն ամիս փողը ստանում են»,- պատմում է Գյումրու բնակիչ, 42-ամյա Ռոբերտ Կարապետյանը:

Դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Արարատ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին, Աշոտ Գրիգորյանին հավաքագրելու եւ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության Ալմետեւսկ քաղաքում ավելի քան մեկ տարի աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ: Մինչեւ Թաթարստան մեկնելը Ռոբերտն աշխատում էր Ծաղկաձորում` շինարարության վրա: Երբ ավարտվեցին աշխատանքները, վերադարձավ Գյումրի: 2003-ի դեկտեմբերին Գյումրիում հարազատներից մեկի թաղման արարողության ժամանակ հանդիպում է մորաքրոջ տղային` Արարատին, եւ պատմում, որ նյութական ծանր վիճակում է եւ աշխատանք է փնտրում: Արարատը նրան պատմում է, որ իր ընկերներից մեկը` Մանվելը, Թաթարստանում շինարարության վրա աշխատող խումբ է հավաքում, եւ նրանք միասին կարող են մեկնել: Ռոբերտը համաձայնվում է: Որոշ ժամանակ անց Արարատը գնում է Ռոբերտի տուն` գործի մանրամասները քննարկելու: Ռոբերտի ու նրա կնոջ` Հայկանդուխտ Կարապետյանի հետ զրույցի ընթացքում Արարատն ասում է, որ ամսական վճարը վարպետի գործի համար կկազմի 12 հազար ռուսական ռուբլի` մոտ 400 դոլար, իսկ բանվորի համար` 11 հազար ռուբլի` 300 դոլար, որից կհանվի ապրուստի ամսական գումարը` 50 ԱՄՆ դոլար:

Ռոբերտը որոշում է իր հետ վերցնել նաեւ 16-ը նոր լրացած որդուն` Էդգարին, եւ իր կնոջ եղբորը` Աշոտին: «Քիչ փող չէր առաջարկում: Ու քանի որ մեծ ընտանիք ենք, հոգսերն էլ շատ են` մեծ տղաս հիվանդ էր, բանակի, համալսարան ընդունվելու հարց կար, դրա համար էլ մտածեցի` վատ չի լինի, որ փոքր տղաս էլ Ռոբերտի հետ գնա: Իսկ Արարատի առաջ պայման դրեցի, որ Էդգարին Ռոբերտից չբաժանի, պետք է միասին աշխատեն: Նա էլ համաձայնվեց»,- պատմում է Հայկանդուխտ Կարապետյանը:

Արարատն ասում է, թե ճանապարհածախսի գումար չունի, եւ նրանք պետք է գումար ճարեն մեկնելու համար: Հետո էլ վստահեցնում, որ հասնելուց ամենաշատը 20 օր հետո այն կուղարկեն: Ուստի, Ռոբերտն ու Աշոտը տոկոսով 300 դոլար են վերցնում ու ապրիլի 25-ին մեկնում: Հասնելուն պես Ռոբերտն ու Աշոտն իմանում են, որ աշխատելու են Արարատի ղեկավարությամբ: Արարատը Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին ու Աշոտին մի քանի այլ բանվորների հետ բնակեցնում է Ալմետեւսկի մոտ գտնվող Տիխսնաբ գյուղում վարձակալած սենյակում, որտեղ անկողիններից բացի ոչինչ չի լինում:

«Առավոտ 7-ից, երբեմն էլ 6-ից գնում էինք աշխատելու: Չնայած նախապես պայմանավորվել էինք աշխատել մինչեւ իրիկվա 7-ը կամ ամենաուշը 8-ը, լինում էր` գիշերը 1-ին ու 2-ին էինք գալիս: Նորմալ հաց չէինք ուտում: Մի անգամ էլ հիվանդացա, ոչ դեղ առավ, ոչ էլ բժիշկ կանչեց: Որ մի բան էլ ուզում էինք, ասում էր` փող չունեմ, լավ չեք աշխատում, փողը քիչ ա: Բայց երդում էր ուտում, որ աշխատածներս տուն ա ուղարկում»,- պատմում է Աշոտ Գրիգորյանը:

Որոշ ժամանակ անց Արարատը գրանցման հարցերը լուծելու պատրվակով հավաքում է նրանց անձնագրերը: Հետո էլ հայտարարում, թե գործ չկա ու դրա համար էլ պետք է ուրիշ բրիգադիրի մոտ ուղարկի աշխատելու: 2004-ի հունիսին Արարատը Ռոբերտին առանց Էդգարի ուղարկում է Նուրլատ գյուղ: Մոտ 7 ամիս աշխատելուց հետո Ռոբերտը վերադառնում է ու տեսնում, որ Արարատը դաժան ծեծի է ենթարկել Էդգարին:

«Երեխեն ասել էր` փող տուր տուն զանգեմ, տեսնեմ ինչ կա: Նա էլ ծեծել էր երեխուն: Հետո էլ մի փչացած հեռախոս էր նվիրել ու խոստացել, որ կլիցքավորի, բայց ոչինչ էլ չէր արել: Ընդհանրապես շատ էր լինում, որ խմած գալիս էր ու ծեծկռտուք սարքում: Իսկ բողոքել չէինք կարող, քանի որ ոստիկանների հետ լավ հարաբերությունների մեջ էր»,- դատարանում ասաց Ռոբերտ Կարապետյանը:

Մի քանի անգամ էլ Աշոտ Գրիգորյանն է ծեծվել, երբ տուն վերադառնալու համար Արարատից անձնագիրն է պահանջել: Այսպես ամիսներ շարունակ Արարատը Կարապետյանների ու Աշոտի` տարբեր խմբերում աշխատելուց եկամուտ էր ստանում, իսկ նրանց հայտարարում, թե վատ են աշխատել, դրա համար էլ գործատուները չեն վճարել: Այդ ընթացքում Գյումրիում Հայկանդուխտ Կարապետյանը մի քանի անգամ այցելել է Արարատ Մուրադյանի բնակարան` նրա ընտանիքից ինչ-որ լուր իմանալու: «Շատ վատ էին ինձ ընդունում, կոպտում էին ու ասում, որ ոչ մի տեղեկություն չունեն: Մի օր էլ նրանց մոտից հենց տուն վերադարձա, Արարատը զանգեց ու սկսեց սպառնալ ու պահանջել, որ իր ընտանիքին չանհանգստացնեմ: Հետո էլ Ռոբերտի հետ խոսեցի, ասացի, որ հայրը վատ է, մեծ տղային էլ հոսպիտալ են պառկեցրել, տոկոսներն էլ մի կողմից. գումար է հարկավոր: Զարմացավ, կարծում էր փող ենք ստանում: Հետո էլ կաշկանդված ասաց, թե ամեն ինչ լավ կլինի, որ չբողոքեմ: Մի անգամ էլ Արարատը զանգեց ու սպառնաց, թե եթե նորից ընտանիքին անհանգստացնեմ կամ բողոք գրեմ, Էդգարիս գլուխը փաթեթավորած կուղարկի»,- պատմում է Հայկանդուխտը:

Սակայն Հայկանդուխտ Կարապետյանը 2004-ի նոյեմբերից սկսում է տարբեր ատյաններ բողոքներ գրել: Ռոբերտ ու Էդգար Կարապետյանները եւ Աշոտ Գրիգորյանը հետախուզման մեջ են հայտնվում: Հետո բողոքները հասնում են Մոսկվա, որտեղից էլ հարցում է կատարվում Թաթարստան: 2005-ի մայիսին Թաթարստանի Միգրացիայի վարչությունը ձերբակալում է Ռոբերտ Կարապետյանին եւ ուղարկում Կազան: Ռոբերտը Կազանի բանտում 2 ամիս է անցկացնում, որի ընթացքում ձերբակալվում են որդին` Էդգարն ու Աշոտը: Հուլիսին Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններն ու Աշոտ Գրիգորյանը վերադառնում են Հայաստան:

Արարատ Մուրադյանը դատավարության ընթացքում հրաժարվեց պատասխանել հարցերին եւ հայտարարեց, որ պնդում է նախաքննական ցուցմունքները: Մուրադյանը նախաքննական ցուցմունքում պատմել է, որ Ռոբերտ Կարապետյանը խաբել է իրեն, թե լավ վարպետ է, եւ որ նրա կատարած ցանկացած գործ բողոքի տեղիք է տվել: Էդգարն ու Աշոտն էլ լավ չեն աշխատել, դրա համար էլ ինքը ոչ մի գումար չի ստացել: Ինչ վերաբերում է սննդին ու ծեծին, սուտ է: Բացի այդ, ինքը որոշակի գումար է նրանց վճարել, սակայն ապացուցել չի կարող: Դեկտեմբերի 12-ին դատարանը (դատավոր Էդիկ Մանուկյան) Արարատ Մուրադյանին դատապարտեց 5 տարի ազատազրկման եւ պարտավորեցրեց Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին ու Աշոտ Գրիգորյանին վճարել 11 հազար 400 ԱՄՆ դոլար:

www.hetq.am