Լեռնային Ղարաբաղում 2006թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 2005թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.6 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 107.4, վճարովի ծառայությունների սակագներինը՝ 107.9 տոկոս: Սպառողական գների ինդեքսը 2006թ. դեկտեմբերին 2002թ. համեմատ կազմել է 123.8 տոկոս:
Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կտրուկ աճ է արձանագրվել ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի, շաքարավազի, հագուստեղեն-կտորեղենի, կենցաղային ծառայություններից վարսավիրանոցային ու բնակարանային, կոմունալ ծառայությունների ապրանքախմբերում:
Մրգերի եւ բանջարեղենի բարձր գները պահպանվել են տարվա ողջ ընթացքում, այդ թվում` բերքահավաքի բուռն շրջանում: Ղարաբաղում անցած տարի թանկ էին ոչ միայն ներկրվող մրգերն ու բանջարեղենը, այլեւ հանրապետության տարածքում աճեցվող բանջարեղենը, միրգն ու ընդեղենը` պնդուկ, ընկույզ, նուռ, արքայախնձոր, պոմիդոր, վարունգ եւ այլն: Իսկ Ղարաբաղ ներկրվում են հիմնականում ցիտրուսային մրգեր, ինչպես նաեւ խնձոր, ծիրան, տանձ, դեղձ, իսկ բանջարեղենից` հիմնականում կարտոֆիլ, բազուկ, կաղամբ, գազար եւ այլն: Հայտնի է, որ այստեղից արտահանվում են ընկույզը, պնդուկը, նուռը, արքայախնձորը:
Մրգերի եւ բանջարեղենի գներն աճել են նաեւ նոր տարվա նախաշեմին: Այդ ժամանակ Ղարաբաղում էժան էր միայն խոզի միսը, իսկ մյուս ապրանքների գներն անսպասելի բարձրացել էին: Օրինակ, գազարի 1կգ-ն արժեր 400-500 դրամ:
Վերջին ժամանակներս Ղարաբաղի բնակչության շրջանում շատ են խոսում գազի սակագնի մասին: Դա հատկապես եղավ այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գազի սակագինն իջել է (1խորանարդ մետր գազի դիմաց բնակիչները 65 դրամի փոխարեն կվճարեն 59 դրամ):
Հայտնի է, որ Ղարաբաղ մտնող գազի մոտ 80 տոկոսը բնակիչների կողմից է օգտագործվում: Ուստի սակագնի շուրջ մտահոգություններն էլ նրանց կողմից են հնչում:
Ղարաբաղում գազի սակագնի փոփոխության մասին դեռեւս չեն հայտարարել, չնայած բնակիչներից շատերն ակնկալում են, որ գները կիջնեն, քանի որ գտնվում ենք միեւնույն քաղաքական եւ տնտեսական դաշտում:
Հարցի առնչությամբ դիմեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանին: Մեր այն հարցին, թե Ղարաբաղում նախատեսվո՞ւմ է գազի սակագնի իջեցում, նա պատասխանեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:
Հայտնի է նաեւ, որ Ղարաբաղում աճում են նաեւ բնակարանների գները, որոշ շրջաններում` նույնիսկ կրկնակի անգամ: Սրանից կարելի է ենթադրել, որ Ղարաբաղում հաստատվելը գնալով թանկ հաճույք է դառնում: Իսկ հանգստանալու մասին խոսք չկա. այստեղ հյուրանոցային ծառայություններից օգտվելու գներն էլ են շատ բարձր: Այս մասին խոստովանում են Ղարաբաղ այցելողները: