«Նամակներ Բաբելոնից»

21/01/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հունվարի 15-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (ԱՄՀԱ) շնորհեց իր ամենամյա «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակները: «Ոսկե գլոբուսն» անվանում են «Ճանապարհ դեպի Օսկար», քանզի Ամերիկյան կինոակադեմիան հիմնականում կրկնում է ԱՄՀԱ-ի քայլերը (իհարկե, երբեմն անակնկալներ էլ է մատուցում): Լավագույն դրամա ճանաչվեց մեքսիկացի Ալեխանդրո Գոլսալես Ինյարիտուի «Բաբելոն» ժապավենը, որը մեծ աղմուկ հանեց եւ 3 մրցանակ ստացավ Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում աշխարհի տարբեր մասերում, եւ որի հերոսները ստիպված են հաղթահարել լեզվական եւ մշակութային արգելքները, հաղթեց Մարտին Սկորսեզեի «Ուրացողները» ժապավենին: Ընդ որում, ԱՄՀԱ-ն գնահատեց «Բաբելոն» ֆիլմն` անտեսելով դերասաններ Բրեդ Փիթի, Քեյթ Բլանշետի եւ այլոց խաղն ու Ինյարիտուի ռեժիսորական աշխատանքը: Փոխարենը, «Ոսկե գլոբուսը» շնորհվեց Մ. Սկորսեզեին: Հիշեցնենք, որ սիրված այս ռեժիսորը 6 անգամ ներկայացվել է «Օսկարի», բայց երբեք չի ստացել այդ թանկարժեք արձանիկն, ուստի այս տարի նա համարվում է «Օսկարի» հիմնական ֆավորիտը: Դերասանական անվանակարգերում ԱՄՀԱ-ն անակնկալներ չմատուցեց: Դրամայի լավագույն դերասանուհի ճանաչվեց Հելեն Միրենը` Եղիսաբեթ թագուհուն մարմնավորելու համար, իսկ լավագույն դերասան` Ֆորեստ Ուիտակերը` ուգանդական բռնապետի դերի համար: Ղազախ լրագրող Բորատին մարմնավորելու համար «Գլոբուսին» արժանացավ բրիտանացի կատակերգու դերասան Սաշա Բարոն Կոենը, իսկ կատակերգությունում լավագույն դերասանուհի ճանաչվեց եւ իր 6-րդ «Գլոբուսին» արժանացավ անկրկնելի Մերիլ Սթրիփը («Սատանան կրում է Prada»): «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում հաղթեց «Երազների աղջիկները» ժապավենը` «Գլոբուսների» արժանանալով նաեւ երկրորդ պլանի դերասանների համար: Արտասահմանյան լրագրողների ամենահետաքրքիր ընտրությունն արտասահմանյան ֆիլմն էր` «Նամակներ Իվոձիմայից», որի ռեժիսորն ամերիկացի Քլինթ Իստվուդն է: Ֆիլմը նկարահանել է ամերիկյան կինոստուդիան, պարզապես հերոսները ճապոնացիներ են եւ խոսում են ճապոներեն: Այս անվանակարգում ֆավորիտ էր համարվում նաեւ Ալմոդովարի աղմուկ հանած «Վերադառնալ» ժապավենը: Ի դեպ, երեկ Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Օսկարին» հավակնող 9 արտասահմանյան ֆիլմերի ցանկը, որը պետք է կրճատվի մինչեւ 5-ը: Այդ ցուցակում Իսթվուդի ֆիլմը չկա:

Այսպիսով, «Օսկարի» ճանապարհն արդեն հարթ է: Գլխավոր կինոմրցանակի հավակնորդների անունները պարզ կդառնան մի քանի օրից: