Կլինի՞, թե՞ չի լինի արաբական Լուվրը

21/01/2007

Փարիզի հանրահայտ Լուվրը 2007 թվականի սկզբին հայտարարել է, որ պատրաստվում է Արաբական էմիրությունների մայրաքաղաքում բացել իր մասնաճյուղն ու իր հավաքածուների որոշ մասը ցուցադրության տեղափոխել Աբու Դաբի: Երկու պետությունների միջեւ ստորագրած պայմանագրի համաձայն` Լուվրը պետք է 20 տարվա ընթացքում արաբական թանգարանին իր ցուցանմուշները տրամադրի: Նախատեսվում է, որ այդ ժամկետի ավարտից հետո արաբական թանգարանը կհասցնի իր սեփական էքսպոզիցիան ձեռք բերել: Բայց մինչ այդ այն պետք է ֆրանսիական հավաքածուներից օգտվի, նաեւ` իրավունք ստանա օգտագործել «Լուվր» անվանումը: Համագործակցությունը պետք է Ֆրանսիային մոտ 700 մլն եվրո եկամուտ բերի: Այդ համատեղ նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Հենց որ հրապարակվեցին պայմանագրի պայմանները, ինտերնետում «Թանգարանները չեն վաճառվում» խորագրով հոդվածներ հայտնվեցին: Հոդվածների հեղինակները Ֆրանսիայի թանգարանների աշխատակիցներն էին, որոնք 2,5 հազար ստորագրություն էին հավաքել` նման համագործակցությունը թույլ չտալու համար: Լուվրի տնօրեն Անրի Լուայետն այդ մոտեցումը սխալ է համարել` թանգարանի աշխատակիցներին մեղադրելով նրանում, որ նրանք «չեն հասկանում գլոբալացման դարում թանգարանների արդի դերը»: Նա նշել է, որ գործարքից ստացված գումարն օգտագործվելու է ֆրանսիական թանգարանների վիճակը բարելավելու համար, եւ հանգստացրել է հանրությանը` խոստանալով, որ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդան» չի լքի Փարիզը:

Սակայն այս, իր նախադեպը չունեցող համագործակցության մոդելը շատերին է մտահոգում: Թանգարանները նախկինում էլ են ցուցանմուշներ փոխանակել, սակայն դա արել են անվճար եւ ոչ այսպիսի մասշտաբով: Փարիզի «Պիկասո» թանգարանի տնօրեն Ժան Կլերն ասել է. «Այն, ինչը նախատեսում է անել Լուվրը, չի կարելի մշակութային փոխանակման նախագիծ անվանել, քանի որ նավթով հարուստ Արաբական Էմիրությունները թանգարանը միայն որպես զբոսաշրջիկներին գրավելու միջոց է դիտարկում: Լուվրի մշտական ցուցադրության մի մասը Աբու Դաբի է տեղափոխվում, իսկ Լուվրը դրա դիմաց կլորիկ գումար է ստանում: Այստեղ մշակութային նախագծի տրամաբանություն չկա, այլ` շուկայի տրամաբանություն կա»: Չնայած, որ «նոր Լուվրի» գաղափարը շատ հակառակորդներ է ձեռք բերել, Ֆրանսիայի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել այդ շահեկան գաղափարից եւ նշում է, որ Աբու Դաբիում իր մասնաճյուղն է պատրաստվում բացել նաեւ Նյու Յորքի հանրահայտ «Գուգենհայմ» թանգարանը, իսկ մի քանի տարի հետո Շանհայում իր մասնաճյուղն է բացելու նաեւ Փարիզի «Ժորժ Պոմպիդու կենտրոնը»: Ընդ որում, Ֆրանսիայի եւ Արաբական Էմիրությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` արաբական կողմն իրեն ցուցանմուշների ընտրություն անելու իրավունք է վերապահում: Այնպես որ, այնտեղ կրոնական թեմայով կամ մերկ մարմին ցուցադրող կտավներ չեն հայտնվի: Թանգարանը բացվելու է 2012 թվականին: