«Հաջողակ լինելը գիրք կարդալ է նշանակում»

21/01/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Համոզված է ռուս գրող, էսսեիստ, լրագրող եւ «Կուլտուրա» ալիքի «Այն ժամանակ» վերլուծական ծրագրի հեղինակ Ալեքսանդր Արխանգելսկին, ով իր ստեղծագործական խմբով Հայաստան էր այցելել՝ Մատենադարանի մասին հեռուստաֆիլմ նկարահանելու համար: Մատենադարանը աշխարհի խոշորագույն թանգարանների շարքում իր նոր տեղն է զբաղեցնելու: Այդ նախագիծն իրականություն դարձավ Ռուսաստանի եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունների համագործակցության շնորհիվ:

– Ձեր ֆիլմում Հայաստանը միայն Մատենադարանո՞վ է ներկայանալու, թե՞ նաեւ այսօրվա օրով:

– Գրադարանի կամ պահոցի մասին միայն որպես գրադարանի մասին պատմել չի ստացվի: Պետք է պատմել նաեւ երկրի, պատմության, կյանքի մասին։ Այդ պատճառով էլ մեր ֆիլմը միայն Մատենադարանի մասին չի լինի, այնտեղ տեղ կգտնեն քաղաքը, հուշարձանները, Էջմիածինը, խաչքարերը, մարդիկ։ Մենք մարդկանց միջոցով ենք նայելու գրքերին ու պատմության միջոցով՝ այսօրվա օրվան։ Հույս ունենք, որ մեր՝ հիմնականում՝ ռուս հանդիսատեսը, որը շատ քիչ բան գիտի Մատենադարանի մասին, կծանոթանա նաեւ այսօրվա Հայաստանի հետ։

– Հայաստանը շա՞տ է փոխվել:

– Ես քսան տարի չեմ եղել Հայաստանում, եւ երկրում կատարված փոփոխություններն ինձ համար ակնհայտ են։ Կյանքն այստեղ շատ է ծանրացել, եւ ոչ միայն այն պատճառով, որ ձմեռ է ու ջերմության պակաս կա, այլեւ՝ զգացվում է, որ հայերին պակասում է կամքը։ Նկատի ունեմ նաեւ տնտեսական կամքը, որը միշտ առկա էր հայերի մեջ։ Բայց պետք է ընդունել, որ աշխարհում կատարվող բոլոր փոփոխություններն անխուսափելի են, հարկավոր չէ դրանց հակառակվել եւ պետք է մտածել՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Ինչ եղել է, արդեն պատմություն է։

– Ձեր հեղինակային հեռուստատեսային ծրագիրը շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի։ Ինչպե՞ս կարելի է անել այնպես, որ մեր, բավականին անտարբեր հասարակության մեջ մշակութային խնդիրները նման ակտիվ քննարկումների առիթ դառնան։

– Ռուսաստանում էլ է եկել անտարբերության ու հոգնածության ժամանակը։ Ռուսաստանը հոգեբանորեն է հոգնել։ Մեր պրոբլեմը նրանում է, որ Ռուսաստանը սկսել է պատվել յուղի բարակ շերտով, ինչի հետեւանքով էլ ինքնաբավարարված, կիսաքնած իրավիճակ է ստեղծվել։ Նման իրավիճակից դուրս գալու դեղատոմս չկա, պարզապես պետք է անել այն, ինչ կարող ես, եւ թող լինի այն, ինչ պետք է լինի։ Այդ ռուսական ասացվածքի մեկ այլ տարբերակ էլ կա. «Արա այն, ինչը պետք է անես, եւ թող ստացվի այնպես, ինչպես Աստված է կամենում»։ 90-ական թվականներին Ռուսաստանը շատ ակտիվ էր, հիմա «դինջ» ժամանակներ են սկսվել։ Բայց ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ այսօր չենք հասնում մեր նպատակներին՝ կհասնենք վաղը։

– Այդպես են մտածում ռոմանտիկները…

– Եվ փառք Աստծո, որ այդպես է։ Առանց ռոմանտիզմի որոշակի չափաբաժնի պատմության մեջ ոչինչ չի արվում։ Երբ մենք որոշումներ ենք կայացնում, մենք պետք է պրագմատիկներ լինենք, բայց երբ նպատակներ ենք մեր առջեւ դնում, պետք է ռոմանտիկ լինենք։ 1968 թվականին Սորբոնի համալսարանի դարպասներին գրված էր. «Ռեալիստ եղեք եւ անհնարինը պահանջենք»։ Այնպես որ, եթե անհնարինը չպահանջենք, ոչնչի չենք հասնի։ Ընդհանրապես, մենք չենք էլ պատկերացնում, որքան շատ են պատմության մեջ ֆանտաստիկ երեւույթները։ Մենք չգիտենք, ի՞նչ է մեզ սպասում հաջորդ պտույտում, այն հաջո՞ղ կլինի, թե՞ աղետալի։ Եվ ուրեմն, պետք է հանգիստ անենք մեր գործը։ Եվ մեր առջեւ նպատակներ դնենք՝ հաշվի չառնելով` դրանք այսօր եւ այստեղ իրականանալո՞ւ են, թե՞ ոչ։ Դա վերաբերում է եւ քաղաքականությանը, եւ նոր գրքերին, եւ հեռուստատեսությանը, եւ երեխաների դաստիարակությանը։ Մենք համարում ենք, որ այսօրվա սերունդն է պատմության վերջին էջը թերթելու։ Դա մոլորություն է, քանի որ գալու են հաջորդ սերունդները… Ես հիմա լրագրության հիմունքներն եմ դասավանդում Մոսկվայի համալսարաններից մեկում ու շատ հստակ տեսնում եմ, որ գալիս է ավելի կոպիտ, բայցեւ՝ ավելի խելացի սերունդ։

– Իսկ պե՞տք է արդյոք ձգտել ազատ եւ իշխանություններից անկախ մամուլ ունենալ։

– Այդ հարցի պատասխանը շատ պարզ է. խոսքի ազատությունը ոչ թե անհատ լրագրողին է պատկանում, այլ՝ ողջ հասարակությանը։ Հասարակությունն իրավունք ունի օգտագործել կամ չօգտագործել իր այդ իրավունքը։ Խոսքի ազատությունը լրագրողի սեփականությունը չէ, քանի որ յուրաքանչյուր լրագրող միշտ էլ կախյալ վիճակում է գտնվում։ Նա կախում ունի կամ պետությունից, կամ մասնավոր կորպորացիայից։ Խնդիրը նրանում է, որ հասարակության մեջ ինֆորմացիայի տարբեր եւ բազմաբնույթ աղբյուրներ պետք է լինեն։ Եվ մարդը, եթե ցանկանա, պետք է իրավունք ունենա բոլոր աղբյուրներից օգտվել։ Ռուսաստանում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. կարելի է ասել, որ մենք չունենք ինֆորմացիայի ազատություն, եւ կարելի է ասել, որ ինֆորմացիայի բացարձակ ազատություն ունենք։ Ինտերնետն ու արբանյակը դեռ ոչ ոք չի արգելել, այնպես որ, եթե մարդը ցանկանա, անպայման կօգտվի տարբեր աղբյուրներից, իսկ եթե չի ցանկանա, կարող է դիտել մեր «Առաջին ալիքը»։

– Երեւի շատերը միայն այդ ալիքն էլ դիտում են։ Այդպես է նաեւ մեզ մոտ։

– «Վրեմյա» հաղորդումից ինֆորմացիա են ստանում հիմնականում մեծ տարիքի ու ոչ շատ ապահովված մարդիկ։ Ընդհանրապես, հեռուստատեսության ոլորտում մեզ մեծ փոփոխություններ են սպասվում։ Վերջին հարցումները պարզել են, որ հինգ տարվա ընթացքում հեռուստալսարանը 20 տոկոսով կրճատվել է։ Իսկ մարդկանց եւս 20 տոկոսն ընդհանրապես հեռուստացույց չի միացնում, քանի որ պարզապես դրա ժամանակը չունի։ Ժամանակակից երիտասարդը առավոտից մինչեւ երեկո աշխատում է, աշխատանքից հետո սրճարան, թատրոն կամ կինոթատրոն է գնում, իսկ եթե երեկոյան տանն է լինում, ապա տնային կինոթատրոնն է միացնում եւ իր ընտրությամբ որեւէ ֆիլմ է դիտում։ Այսինքն, երիտասարդի համար հեռուստատեսությունը որպես ինֆորմացիայի աղբյուր դադարել է գոյություն ունենալ։

– Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է «Կուլտուրա» ալիքի հեռուստալսարանը եւ արդյոք այն գրավո՞ւմ է երիտասարդներին։

– Մեր ալիքն ամեն դեպքում մեծ տարիքի մարդկանց համար է աշխատում։ Մեր հիմնական հեռուստալսարանը կազմում են 45-ն անց մարդիկ։ Մենք ունենք ավելի զվարճալի «ՍՏՍ» ալիքը, որի մեջ աշխատում են բարձր կուլտուրա, լավ կինո ու լավ գրքեր ներմուծել։ Դա դժվարությամբ է ստացվում, բայց մի օր կստացվի։ Հեռուստատեսությունը ոչինչ չի ստեղծում, այն միայն հեռարձակում է: Հենց որ հեռուստացույցը սկսում է ինչ-որ բան ստեղծել, նրան իսկույն սկսում են օգտագործել, եւ նա գործիք է դառնում: Դրա համար էլ ավելի ազնիվ է միանգամից խոստովանել` մենք միայն հեռարձակում ենք: Մոտակա տասը տարիների ընթացքում հեռուստատեսությունը շատ է փոխվելու, այն էժանանալու ու ավելի մատչելի է դառնալու։ Ալիքները սկսելու են մարդկանց նեղ խմբերի համար աշխատել բաժանորդագրության միջոցով։ Հիմա հեռուստատեսությունը տասնյակ միլիոնների համար է աշխատում, բայց պետք է սովորի հազար մարդու համար աշխատել։ Այդ ժամանակ նա կկարողանա ավելի խորը, բարդ ու կարեւոր բաներից խոսել։ Ապագան նման ալիքներին է պատկանում։ Իհարկե, նորից վատի ու լավի խառնուրդ կլինի, քանի որ պատմության մեջ երբեք ոչ մի մաքուր ու անաղարտ բան լինել չի կարող։ Հեռուստատեսության «նեղացման» վտանգը նրանում է, որ կկորչի միասնական տեղեկատվական տարածքը եւ կլռի ընդհանուր ինֆորմացիոն միջնորդը, եւ մենք ընդհանուր թեմաներ այլեւս չենք ունենա։

– Բայց «Կուլտուրան» կմնա ու կշարունակի հանդիսատես ձեւավորել։

– Մենք գոյություն ունենք բացառապես պետական ֆինանսավորման շնորհիվ, քանի որ շուկայական ալիք չենք։ Ես չեմ կարող ասել, որ մենք հանդիսատես ենք ձեւավորում, ավելի շուտ մենք հանդիսատես ենք «պահում», քանի որ մեր հանդիսատեսը վաղուց արդեն եւ ոչ մեր շնորհիվ ձեւավորված մարդիկ են։ Մեր հանդիսատեսն այն բանական մարդիկ են, ովքեր ուզում են զգալ սեփական նույնացումն իրենց տան պատերից դուրս գտնվող աշխարհի հետ եւ շփվել իրենց նման մտածողների հետ։ Մենք միավորում ենք այդ մարդկանց մեկ կետում։

– Ռուսական ինտելիգենցիա ասելով՝ պատկերացնում ես, որ դրանք մարդիկ են, ովքեր կանխազգում ու առաջնորդում են հասարակությանը։ Հիմա այդ ձայնի կարիքը ռուս հասարակությունը զգո՞ւմ է։

– Եթե ողբերգություններ տեղի չեն ունենում, ինտելիգենցիայի ձայնի կարիքը հասարակությունը չի զգում։ Մարգարեները ծնվում են միայն պատմական ճեղքումների ժամանակ։ Եթե ամեն ինչ կարգին է ընթանում, ապա մտավորականները մեծ դեր չեն ունենում։ Դա չի նշանակում, որ պետք է դադարել խոսել մարդկանց հետ։ Եթե որեւէ մեկը մարդկանց հետ զրուցելու շնորհ ունի՝ պետք է խոսի։ Եթե չեն լսում, ուրեմն գտիր այնպիսի մարդկանց, ովքեր լսում են։ Ագահ մի եղիր, մի ձգտիր լսելի լինել միլիոնների համար, զրուցիր տասնյակի կամ նույնիսկ մեկ մարդու հետ։ Մեր ինտելիգենցիային այդ համեստությունն է պակասում: «Կուլտուրա» ալիքն, օրինակ, շատ փոքր լսարան ունի. այն դիտում է բնակչության ընդամենը 4 տոկոսը, բայց եթե հաշվենք, կստացվի, որ այն չորս միլիոն մարդ է դիտում։ Իսկ չորս միլիոն մարդը քառասուն մարզադաշտ է լցնում։ Եվ դա միայն Ռուսաստանում։ Ուրեմն մեր ալիքը այդքան էլ «նեղ» չէ։ Մենք ահռելի քանակի կարեւոր մարդկանց համար ենք աշխատում, ոչ թե քաղաքական իմաստով կարեւոր մարդկանց, այլ՝ դարաշրջանի շունչը որոշող մարդկանց։

– Հետաքրքիր է, ե՞րբ է արվեստը մշակույթ դառնում։

– Խնդիրը նրանում է, որ մշակույթ ասելով, մենք միայն արվեստ ենք պատկերացնում։ Դա սխալ է, քանի որ մշակույթը հասարակական ինստիտուտների մի ողջ ցանց է, որը իմաստ է ծնում։ Գրադարանները, դպրոցները, գիտությունը մշակույթի գործիքներ են։ Տնտեսությունը` նույնպես։ Բիզնեսում էլ մշակույթի տարրեր ու իմաստային շերտեր կան։

– Ստացվում է, որ ամեն ինչն էլ մշակույթ է։

– Բացի քաղաքականությունից, որը սովոր է շահագործել մշակույթի կողմից ստեղծված իմաստները։ Քաղաքականությունն ու մշակույթը մշտական բախման մեջ են գտնվում եւ երկուսն էլ միմյանց անհրաժեշտ են։ Անհրաժեշտությունն ու վեճն իրարից անբաժան են։ Եվ քաղաքական գործիչներին եւ մշակույթի մարդկանց հարկավոր է հակառակորդներ, հակադիրներ ունենալ։ Եթե նրանց բոլորը լսում են, ուրեմն նրանք ուղղակի որեւէ գաղափարի բարձրախոսն են դառնում։ Իսկ նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ պետք է մտածող լինեն ու պարտավոր են սխալներ գործել։

– Արվեստի զարգացում ասելով՝ ի՞նչ պետք է հասկանալ:

– Արվեստը միշտ երկու քարի արանքում է գտնվում: Կամ պետության հսկողության տակ է հայտնվում, եւ այդ դեպքում պետությունն է վեր «հրում» արվեստն ու թույլ է տալիս, որ նա մեծ մասշտաբների ու ֆորմաների մեջ իրականանա (բոլոր հուշարձանները պետության հովանու ներքո են ստեղծվել), բայց, միեւնույն ժամանակ, խլում է ստեղծագործողի կամքն ու նրան «բռի մեջ» է պահում: Մշակույթի հաջորդ ճանապարհը շուկան է, որն ասում է` արի ինձ մոտ, ես քեզ կազատեմ այդ բռունցքից: Եվ ազատում է… Ստեղծագործողը ազատ է դառնում, բայց շուկան սկսում է նրան որպես ինդուստրիայի մի մասնիկի վերաբերվել: Արտադրություն, արտադրանք, եւ որպես դրա արդյունք` սկսվում է ստանդարտացումը: Շուկան այդպես է կառուցված, վաղ թե ուշ նա կպահանջի այդ ստանդարտացումը: Արվեստի համար երկու կողմերում էլ անդունդներ են, եւ պետք է կարողանալ մանեւրել, «արանքը ճղել»: Դա բարդ խնդիր է, եւ միշտ էլ բարդ կլինի: Մենք սովոր ենք պատմությունը որպես բարձունքներ ուսումնասիրել, բայց իրականությունը նրանում է, որ մենք հարթավայրում ենք ապրում ու տեսնում ենք բոլոր դժվարություններն ու ուրախությունները: Իսկ պատմական երեւույթների մեջ միայն ուրախություններն ենք հակված տեսնել:

– Այսինքն` Բախի՞ն, Դոստոեւսկո՞ւն…

– Այո: Մենք հիմա բողոքում ենք, որ լավ գրականություն չունենք եւ ժամանակակից գրողները դասականներից վատն են, բայց մոռանում ենք, որ երկու լավ վեպերի արանքում առնվազն քսան-երեսուն տարի է ընկած եղել: Եվ այդ տարիները լցված են եղել նույն այն բարբաջանքով եւ «աղբով», որը հիմա էլ կա: Հիմա շատ հստակ տենդենց կա. հաջողակ երկրներում գրքերը սկսում են կրկին շրջանառության մեջ մտնել: Փողը ոչ միայն հարստություն է, այլեւ` խորհրդանիշ է: Հիմա շուկան սկսել է գրողներին պատվերներ անել` հասկանալով, որ զարգացնելու շատ լուրջ աղբյուր է հայտնաբերել: Քսան տարի առաջ այդպես չէր: Հիմա եթե մարդը քիչ է կարդում, նա հաջողակ դառնալ չի կարող: Դա իրոք այդպես է, եւ դա հասկացել են հրատարակիչները:

– Դուք պատրա՞ստ եք ավելի քիչ գիրք վաճառել, սակայն ինտերնետի միջոցով ավելի մեծ թվով ընթերցող ձեռք բերել:

– Բարդ հարց է: Հոդվածներիս ժողովածուները մեծ հաճույքով տեղադրում եմ ինտերնետում, բայց նույնը անել իմ գրքերի հետ չէի ցանկանա: Հասկանո՞ւմ եք, գրականությունը մասնագիտություն է, իսկ մասնագիտությունը պետք է «կերակրի» մարդուն: Իսկ այն, ինչը կարող է կերակրել՝ պետք է կերակրի: Ես անվճար օգտագործման դեմ եմ, կարող եմ գրքերս նվիրել, բայց պարտավոր չեմ անվճար տալ: Գրականության տարածման նոր ձեւերը դեռ ուսումնասիրված չեն: Նոր մոտեցումն առաջինը փորձեց կիրառել Սթիվեն Կինգը, ով 1999 թվականին վճարովի ինտերնետային կայք բացեց ու բոլոր ցանկացողներին առաջարկեց մեկ դոլար վճարել ու իր վեպերի հաջորդ գլուխները կարդալու իրավունք ստանալ:

Նա խոստացավ, որ գիրք կգրի, եթե որոշակի գումար հավաքվի: Արդյունքում նա վեց գլուխ գրեց, ու վեպն անավարտ մնաց, որովհետեւ ավելի քիչ գումար հավաքվեց, քան նա սպասում էր: Նա վերադարձրեց ստացված գումարներն ու այլեւս նման փորձ չարեց: Դա շատ հետաքրքիր էքսպերիմենտ էր, քանի որ թույլ տվեց մշակույթին ոչ միայն որպես հոգեւոր, այլ` տնտեսական տեսանկյունից նայել: Տեսեք, մարդը միշտ ցանկանում է էկոլոգիապես մաքուր ու բարձր որակի սնունդ գնել: Նա թանկ խանութ է գնում եւ մեծ գումար է տալիս` այդ մթերքը գնելու համար, սակայն եթե նա այդ ֆինանսական հնարավորությունը չունի, ապա միջին որակի եւ միջին գումարի մթերք է գնում: Իսկ եթե շատ քիչ գումար ունի, էժան խանութ է գնում ու էժան մթերք է ձեռք բերում: Ընդ որում, մթերքների որակը կարող է շատ քիչ բանով տարբերվել, նրանց գինը հիմնականում փաթեթավորումն ու ձեւավորումն է որոշում: Նույնն էլ գրքերի դեպքում է: Մենք վճարում ենք ոչ թե գրական արժեքի, այլ` թղթի, տպագրության, կազմի որակի համար: Հիմա մենք գրական դաշտն էժան արտադրանքին, մասսայական հեղինակներին ենք հանձնել, որոնք մեծ տպաքանակներով են տպագրվում` դետեկտիվներին, «կանացի վեպերին»: Գրական շուկան դեռ չի ձեւավորվել, քանի որ այնտեղ միայն էժան ապրանքն է իշխում: Նույն իրավիճակն է կինոյի ոլորտում: Մենք նույն գինն ենք վճարում ֆիլմի պրեմիերայի, երկրորդ դիտման եւ շատ հին ֆիլմեր դիտելու համար: Դա տոմսի գինն է, այլ ոչ թե` ֆիլմի գինը: Այսինքն, մենք վճարում ենք տեխնոլոգիաների համար, ոչ թե` ստեղծագործության: Պուշկինը հանճարեղ խոսքեր ունի. «Ներշնչանքը չի վաճառվում, բայց կարելի է ձեռագիրը վաճառել»: Չի կարելի գրել շուկայի համար, բայց այն պահից, երբ ավարտում ես գրածդ, այն դառնում է առք ու վաճառքի առարկա, եւ պետք է կարողանալ այն վաճառել:

– Ինտերնետի դերն այդ գործում մե՞ծ է:

– Շատ մեծ է: Տեխնոլոգիական հնարավորությունների զարգացումն արդեն հանգեցրել է նրան, որ կարելի է ոչ մեկին չխաբելով ու հեղինակին ոչ մի կոպեկ չվճարելով ինտերնետից ուզածդ բանը «քաշել»: Իրավաբանական նոր ֆորմաներ են ի հայտ եկել, որոնց շնորհիվ կարելի է պարզապես տեղեկացնել, որ դուք պատրաստվում եք, ասենք, գիրք ձեռք բերել: Ու ձեռք եք բերում՝ առանց հեղինակային իրավունքների խախտման, քանի որ դուք հասցրել եք նախապես զգուշացնել ձեր գործողությունների մասին ու «մաքուր» եք օրենքի առաջ: Սպառողի եւ արտադրողի հարաբերությունները բոլորովին այլ են դառնում: Ստեղծագործողի ու նրա հասցեատիրոջ հարաբերություններն, անկասկած, փոփոխվելու են: Եվ միայն Աստված գիտի` թե դրանք ի՞նչ վերջնական տեսք կունենան: Գուցեեւ ստեղծագործողին հենց նրա հասցեատերն էլ կֆինանսավորի:

– Հաճախ կարելի է լսել՝ իմ կտավները, գրքերը կամ ֆիլմերը ոչ մեկին պետք չեն, ուրեմն չեմ ստեղծագործի։ Կամ էլ՝ իմ գաղափարները տեղ չեն գտնի քաղաքականության մեջ, ուրեմն, չեմ էլ փորձի դրանք բարձրաձայն ասել։

– Մոտեցումն է սխալ։ Իսկ ինչո՞ւ ինձ պետք է մտահոգի՝ պե՞տք եմ ես որեւէ մեկին, թե՞ ոչ։ Պուշկինն ասել է. «Պոեզիայի նպատակը պոեզիան է»։ Եթե ներսումդ կա մի բան, որը պետք է կերպարի, խոսքի կամ սյուժեի միջոցով ելք գտնի, գնա ու ստեղծագործիր։ Գուցե կգա այն ժամանակը, երբ քո արածը պետք կլինի։ Կամ էլ այդ ժամանակը երբեք չի էլ գա։ Մարդու համար կարեւորն ինքնաբավ լինելն է, քանի որ առանց այդ զգացումի անգամ մեկ օր ապրելը դժվար է։ Տասը տարի առաջ ռուսական կինոն կարելի էր բնորոշել «սարսափ» ու «ամոթ» բառերով: Էկրան էին լցվել կրիմինալ ու «սեւ» ֆիլմերը, լավ կինոն էկրան դուրս գալու հնարավորություն ընդհանրապես չուներ: Բայց վերջին տարիներին ռուսական կինոն սկսեց մեծ վերելք ապրել, ինչը ոչ ոք տասը տարի առաջ նույնիսկ ենթադրել չէր կարող, թվում էր, որ համատարած Հոլիվուդ է լինելու: Հիմա սկսել են ֆիլմեր պատվիրել, ու կինոարտադրությունը հսկայական քայլերով զարգանում է: Ձեր կինոն ոչ մի թարմ բանով աչքի չի՞ ընկնում: Վաղը պատկերը կարող է լիովին փոխվել: Երբեք պետք չէ խուճապի մատնվել, պարտվել մենք միշտ էլ կհասցնենք: Իսկ եթե Աստված թույլ տա, նույնիսկ կկարողանանք ինչ-որ բաներ շահել, եթե, իհարկե, կարողանանք ավելորդ պատրանքների գիրկը չընկնել:

– Ռուսաստանում նացիոնալիստական հողի վրա ծագող ընդհարումները բնակա՞ն երեւույթ եք համարում, թե՞ դրանք արհեստածին են:

– Եթե Ռուսաստանում ազգամիջյան թշնամանք բռնկվի, դա կործանիչ կլինի ոչ միայն մեզ համար, այլեւ` համաշխարհային մասշտաբի աղետ կդառնա: Թշնամանքը դեռ չի հասցրել բռնկվել, դեռ անորոշ խմորումներ են տեղի ունենում: Բայց եթե իսկական բախումներ սկսվեն, Ռուսաստանն ուղղակի ներսից կտոր-կտոր կլինի, ու կդադարի իր գոյությունը: Ռուսաստանը հիվանդ է քսենոֆոբիայով: Մեր երկրում «օտարներին» միշտ էլ որոշակի լարվածությամբ են նայել, ընդ որում, «օտարը» ռուսների համար այսօր կարող են լինել հրեաները կամ կովկասցիները, իսկ վաղը նրանք «օտար» կհամարեն իրենց հարեւանին, որը Վոլոգդայից է եկել, քանի որ նա սխալ կերպ է ուտում, քնում կամ խոսում: Եվ ընդհանրապես` ինչո՞ւ է նա այստեղ եկել: Ազգային պայթյունը ռումբի պայթյունի կարող է նմանվել, եւ «ազգային խաղաքարտը» խաղարկել ոչ մի դեպքում չի կարելի, թեեւ որոշ ուժեր փորձում են դա անել: Կոնդոպոգա քաղաքում տեղի ունեցածը ես ռազմական փորձակումների եմ նմանեցնում, քանի որ բնական ճանապարհով ծագած կոնֆլիկտին թույլ տվեցին զարգանալ, որպեսզի տեսնեն` ի՞նչ է լինելու, եւ հետո միայն այն մարեցին: Տեսան, որ կարող են մարել այդ կոնֆլիկտը եւ հանգստացան: Ռուսաստանը հիմա ընտրության առջեւ է կանգնած, եւ եթե ուզում է կայսրություն համարվել, ապա իր պետականությունը պետք է կառուցի ու իդենտիֆիկացնի ոչ թե էթնիկական, այլ` քաղաքացիական սկզբունքով: Այդպես է Ամերիկայում, որտեղ բոլորը առաջին հերթին ամերիկացիներ են, հետո միայն որպես էթնիկական որեւէ խմբի անդամ են ներկայանում: Հայաստանը բոլորովին այլ պատմական ճակատագիր ունի, նա մոնոէթնիկ պետություն է եւ կայսրություն լինել չի կարող:

– Դուք բավականին հագեցած կյանքով եք ապրում, շատ բաներից եք տեղյակ: Հետաքրքիր է, երբ լսում եք «Հայաստան» բառը, առաջին հերթին ի՞նչ պատկերներ են ծագում: Շատերի մոտ մեր երկիրը ողբերգության հետ է ասոցիացվում:

– Ոչ, Հայաստանն ինձ համար առաջին հերթին Արարատն է, գեղեցկությունը, հետո միայն եղեռնը: Գուցե ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ եթե Հայաստանին ինչ-որ բան սպառնում է, ապա դա` հանուն անցյալի ապագայից հրաժարվելն է: Անցյալը միշտ հիշել է պետք, բայց միայն անցյալով ապրել չի կարելի, այդ դեպքում դուք ապագա չեք ներխուժի: Անցյալը բոլորին է հարկավոր, քանի որ թույլ չի տալիս ձուլվել ու կորչել այս աշխարհում, եւ պետք է պահպանել հավասարակշռությունը: Իսկ Հայաստանը հիշելիս ես միշտ իմ ճամփորդական հուշերն եմ պատկերացնելու, որոնք շատ գեղեցիկ էին:

– Իսկ մեր մայրաքաղաքի նոր շինարարական նախագծերը ոգեւորի՞չ են: Շատերը համարում են, որ կորչում է Երեւանի հմայքը:

– Այս ձյան շերտի միջից չեմ հասցրել լավ տեսնել քաղաքը, բայց տեսածս, անկեղծ ասած, կարող եմ խայտառակություն անվանել: Այն, ինչը հիմա այստեղ կառուցվում է, 70-ական թվականների եվրոպական ճարտարապետության հեռավոր արձագանքներ են: Երեւանի կենտրոնի շինարարությունը 1970թ. Ժնեւում կառուցված օֆիսային կենտրոնի փոքր-ինչ ավելի թերի տարբերակն է հիշեցնում: Մոսկվան որպես ճարտարապետական երեւույթ` գրեթե լրիվ անհետացել է, մենք ձեր ճանապարհով ավելի շուտ գնացինք: Եվ քանի որ ավելի շատ փող ունեինք` այդ պրոցեսները շատ ավելի արագ ընթացան: Արդյունքում` Մոսկվան ավելի մաքուր եւ կուշտ դարձավ, բայց կորցրեց իր նախկին յուրահատկությունը` դառնալով միջազգային մասշտաբի միջին քաղաք: Դա շատ ցավալի է, բայց նույնն ամենուրեք է կատարվում, եւ այդ պրոցեսը կանգնեցնելը դժվար գործ է: Ես վերջերս եղա Սիբիրում` Տոմսկում, որը շատ լուրջ վայրում է գտնվում՝ նավթ, գազ ունի, եւ որտեղ պահպանվել են 19-րդ դարի փայտե, նախշազարդ շքեղ երկհարկանի տները: Հիմա այդ տները համատարած ոչնչացվում են ու դրանց տեղը քարե առանձնատներ են կառուցվում: Տեղացի միլիոնատերերին հարցնում էի` ինչո՞ւ չեք պահպանում այդ շքեղ տների արտաքին տեսքը եւ ներսից դրանք ավելի հարմարավետ դարձնում: Նրանք հարցս չէին հասկանում: Այ, եթե մեկ կամ երկու տուն մնա, նրանք նոր խելքի կգան ու այդ մեկ-երկու տների համար պատրաստ կլինեն տասնյակ միլիոններ վճարել: Դա անխուսափելի պրոցես է, քանի որ գաղափարներն ավելի արագ են ծնվում, քան օրենքները:

– Գուցե ավելի արա՞գ են հայտնվում մեծ փողերը..

– Փողի բացակայությունը շատ վատ բան է, բայց փողի մեծ քանակը նույնպես լավ չէ, որովհետեւ փողը ծուղակ է դառնում: Տեսեք, ո՞ւր են գնում մեծ գումարները: «Գազպրոմը» հիմա Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ-Սիթի»` 300 մետրանոց աշտարակ է կառուցում: Դա աղետ է, քանի որ քաղաքը սպանվում է: Եվ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Մնում է միայն վեպերում նկարագրել հին քաղաքն ու հուշերի միջոցով այն վերականգնել: Ժամանակակից ճարտարապետության գիտակցությունը 20-րդ դարում է սկսվել, մենք չենք կարող նախորդ դարաշրջանների մարդկանց մեղադրել` հին շենքերի քանդման մեջ, քանի որ այն ժամանակ չկար ճարտարապետական ժառանգության գիտակցումը: Այդ գիտակցումն ավելի ուշ է ծնվել: Եվ քանի որ այն ծնվել է, մենք իրավունք չունենք այն անտեսել ու վարվել այնպես, ինչպես վարվել են նախորդ դարերում: Մենք պետք է պահպանենք մեր ունեցած ամեն մի շինությունը, եւ այս գործում շատ մեծ դեր ունի հասարակության կարծիքը: Պետք չէ հարուստներին մեղադրել, երբեմն հերիք է պարզապես զրուցել նրանց հետ: Շատ դեպքերում դա ազդում է: Մոսկվայում քիչ չեն այն դեպքերը, երբ ոչնչացման դատապարտված հին, գեղեցիկ տները փրկվում են: Արբատում հրաշալի մի տուն կար, Մելնիկովի տունը, որը գնել են հենց ոչնչացման համար, բայց այդ առանձնատունը հասարակական հզոր ալիքի շնորհիվ հաջողվեց փրկել:

– Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը:

– Հայրենասիրությունը երկակի զգացում է: Մի կողմից դա ամեն մի լավ բանի համար ունեցած հպարտությունն է, մյուս կողմից էլ` ամեն մի վատ բանի համար ունեցած ամոթի զգացումը: Չի կարելի ժողովրդի վզին միայն ամոթի զգացումը «փաթաթել», ինչն անում է մեր ինտելիգենցիան, եւ չի կարելի միայն հպարտության զգացում ունենալու հորդորել, ինչն անում են մեր իշխանությունները: Միայն այն ժամանակ, երբ վատ բաների համար ամաչում ես՝ դու լավով հպարտանալու իրավունք ես ձեռք բերում: Այդ դեպքում ես միայն սեփական պատմությանը պատկանում: Հայրենասիրությունը նույն սերն է: Սերը երբեք ավելորդ բառերի կարիք չի ունենում: Երբ սիրում ես, ամեն վայրկյան քո սիրո մասին չես խոսում: Սերը կամ լինում է, կամ չի լինում: