Գործարար կնոջ հագուստը (շարունակություն)

21/01/2007

Մի քանի խոսք գործարար կնոջ սանրվածքի եւ մակիաժի մասին:

Սանրվածքը կարող է նորաձեւ լինել, սակայն որոշակի սահմանափակումներ կան. թափված մազերի երկարությունը չպետք է անցնի ուսերի գծից: Եթե մազերը երկար են, պետք է հավաքել, կապել, որեւէ կերպ ամրացնել ծոծրակին, քանի որ աշխատավայրում անհեթեթ է ուսերին թափված երկար մազերով սանրվածքը: Այն կարող է խանգարել ոչ միայն տիրուհուն, այլեւ մյուս աշխատակիցներին եւ հաճախորդներին:

Ինչ վերաբերում է մակիաժին, նախ ասենք, որ դա պարտադիր չէ, թեեւ չի էլ արգելվում: Չնայած կան որոշ հարավասիական երկրներ, օրինակ` Հարավային Կորեան, որտեղ, համաձայն ազգային սովորության, գործարար կնոջը խորհուրդ է տրվում խիստ որոշակի մակիաժ` պարտադիր ներկված թարթիչներ, այտերի կարմրաներկ եւն: Եվրոպական երկրներում, Ամերիկայում, ինչպես արդեն ասվեց, մակիաժը պարտադիր չէ, սակայն չի արգելվում: Միայն մի պարտադիր կանոն կա. մակիաժը չպետք է ճչացող, վառ լինի:

Մանիկյուրը, այսինքն` խնամված ձեռքերն ու եղունգները, պարտադիր են, իսկ եղունգները լաքով պատելը` ոչ: Եթե գործարար կինը գերադասում է եղունգներին լաք քսել, ապա այն պետք է լինի ոչ վառ գույնի, չգրավի ուրիշների ուշադրությունը:

Օծանելիքը պետք է նուրբ բույր ունենա, այն պետք է զգացվի միայն կնոջը շատ մոտ գտնվելիս:

Գործարար կնոջ պայուսակը, համաձայն գործարար էթիկետի, պետք է համապատասխանի նրա կոշիկներին եւ ձեռնոցին, այսինքն` պետք է լինի նույն կաշվից եւ նույն գույնի: Ինչ վերաբերում է պայուսակի չափերին, ապա ժամանակակից գործարար կնոջ պայուսակի մեջ պետք է տեղավորվեն փաստաթղթերը, որոնք, որպես կանոն, A4 ֆորմատի են լինում: Պայուսակի փոխարեն կարող է լինել կեյս կամ թղթապանակ:

Ինչ վերաբերում է զարդերին, ապա թույլատրելի են.

– ուլունքներ (ոչ շատ խոշոր եւ ոչ շատ երկար)

– կրծքազարդ (նախընտրելի է բնական նյութերից` արծաթ, փղոսկր եւն)

– մատանիներ (մեկ կամ երկու (ամուսնական մատանին չհաշված), կարելի է նաեւ քարով, սակայն այն չպետք է շատ մեծ լինի

– ականջօղեր (դրանք չպետք է երկար լինեն)

– վզի շղթա (կախազարդով կամ առանց դրա):

Ցանկալի է, որ զարդերը կոմպլեկտ կազմեն, կամ էլ դրանք պետք է իրար հետ ներդաշնակ լինեն: Զարդերը եւս պետք է չափավոր կրել, դրանց ավելորդ քանակը ցանկալի չէ:

Գլխարկը պետք է համապատասխանի եղանակին, այն կարող է լինել նորաձեւ` կախված կրողի ճաշակից: Գործարար էթիկետը խորհուրդ է տալիս խուսափել լայնեզր կամ շատ զարդարանքներով գլխարկներից, կարեւոր է նրբաճաշակ, խիստ պարզությունը:

Գործարար կնոջ ձեռնոցները պետք է կաշվից լինեն, ցանկալի է սեւ գույնի, թույլատրելի է նաեւ շագանակագույնն ու մոխրագույնը: Գլխարկն ու ձեռնոցները պետք է ներդաշնակ լինեն վերնահագուստի, կոշիկների, պայուսակի հետ: