Ասում են՝ շուտով փողոցներում չենք տեսնի Պետավտոտեսչության որեւէ աշխատակցի, որի դեմքի արտահայտությունը՝ սուլիչի եւ գծավոր փայտիկի ֆոնի վրա, մեզ ստիպում է արագ-արագ 1000 դրամը տեղավորել տեխանձնագրի մեջ։ Փայտիկն, ասում են, ընդհանրապես կվերանա։ Փոխարինելու կգան նոր միջոցներ՝ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանին համահունչ՝ տեսախցիկներ, համակարգիչներ, չիպեր եւ այլն։ ՊԱՏ-ը ամբողջությամբ կվերափոխվի Ճանապարհային ոստիկանության՝ ՃՈ-ի, իսկ իրենք՝ «գաիշնիկները», չեն կանգնի ծառերի տակ, այլ կշրջեն 400 նոր մեքենաներով, 50 մոտոցիկլետներով, մի քանիսն էլ անգամգ ուղղաթիռով, որը նախատեսվում է գնել կես միլիոն դոլարով։ Այս ամենի վրա նախատեսվում է ծախսել 22.9 միլիարդ դրամ։ Ասում են՝ դա կոռուպցիան կնվազեցնի։ Մնում է համոզել Համաշխարհային բանկին՝ տալ այդ գումարի մի շատ չնչին մասը՝ 18 միլիարդը, եւ լուսապսակներ ճարել՝ ՊԱՏ աշխատակիցների գլխավերեւում տեղավորելու համար։