Իրար համոզելու կարիք չկա, պարզ է, որ բաց սահմաններ ունենալը դրական է տնտեսական զարգացման համար: Ոմանց համար կարող է զարմանալի լինել, բայց այս խոսքերի հեղինակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն է:
Ըստ նրա, պետք է պատրաստ լինել այդ տնտեսական հավանական փոփոխություններին: Նա նաեւ չի բացառում, որ ինչ-որ պահի Թուրքիան, քաղաքական ինչ-որ նպատակներով, առանց որեւէ հարց կարգավորելու, բացի սահմանները: «Թուրքիային անհրաժեշտ է, որ ՀՀ-ն լինի թույլ պետություն: Գրեթե համոզված եմ, որ եթե ՀՀ իշխանություններն այսօր ընդունեն Թուրքիայի նախապայմանները, Թուրքիան մի նոր պատճառ կբերի, որպեսզի փորձի սահմանները փակ պահել եւ ՀՀ-ին խեղճացնել»,- երեկ ասուլիսում հայտարարեց Կ. Մանոյանը: Իսկ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ նույն ակումբում նշեց, որ, ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀՀ-ի շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն վարելու հնարավորություն չունեն: «Այն, որ հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ-ի համար տնտեսապես խիստ ձեռնտու է, դա նույնիսկ քննարկման հարց չէ: Դա փաստ է: Իհարկե, ինչ-որ զիջումներ պետք է լինեն, բայց ոչ ցեղասպանության ժխտման հարցում: Եթե խոսքը գնում է այն մասին, որ ՀՀ-ն պետք է ժխտի ցեղասպանության փաստը, դա աբսուրդ է: Նման հարցը նույնպես քննարկման ենթակա չէ: Բայց հերթական անգամ մենք համոզվում ենք, որ սխալ է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը համարել ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ նպատակ»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը: Վերջինիս գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը երկիրն ինքնամեկուսացնում է, եւ Հայաստանը դառնում է տարածաշրջանի «սպիտակ ագռավ»: Դ. Շահնազարյանի խոսքերով՝ ՀՀ իշխանություններն ավելի քիչ ինքնուրույնություն ունեն, քան Ադրբեջանի, Վրաստանի եւ նույնիսկ Բելառուսի իշխանությունները: «Ցեղասպանության հարցը կա, բայց ՀՀ ապագան եւ ներկան զոհել հանուն դրա՝ այս պահին միջազգային ճանաչման, առնվազն սխալ է»,- համոզված է ՀՀՇ վարչության անդամը: Այստեղ Կ. Մանոյանը նշեց, որ մինչեւ 1998թ. եւս հայ-թուրքական սահմանը փակ էր, թեեւ արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց չկար: «Այսինքն՝ այս նույն կեցվածքը Թուրքիան ունեցել է նաեւ այն ժամանակ, երբ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չի եղել ցեղասպանության ճանաչման հարց: Այսինքն՝ ցեղասպանության ճանաչման խնդիրը չէ պատճառը, որ Թուրքիան շրջափակման է ենթարկել ՀՀ-ը»,- ասաց Կ. Մանոյանը: «Փառք Աստծո, այսօր Դուք ասացիք, որ լավ կլինի՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի: Դա ինձ ուրախացնում է: Դա նշանակում է, որ Ձեր կուսակցությունն արդեն դա որպես ճակատ չի դիտարկում: Ձեր քաղաքականության արդյունքում այդ նախապայմանները գիտե՞ք ինչքան են փոխվել: Մինչեւ 1998թ. Թուրքիան ասում էր` ընդամենը որեւէ 2-3 գյուղից դուրս եկեք, մեզ face saving-ի (երեսը փրկելու-Ռ.Թ.) տեղ տվեք, եւ մենք սահմանը կբացենք»,- ի պատասխան նշեց Դ. Շահնազարյանը՝ հավելելով, որ այն ժամանակ իշխանությունները դրան չգնացին, որովհետեւ դա բերելու էր Ադրբեջանի դիրքորոշման վերջնական կարծրացման. 2-3 գյուղ հենց այնպես ստանալուց հետո նրանք 2-3 շրջան էին ուզելուգ: «Հիմա ձեր այդ քաղաքականության արդյունքում նախապայմանները բազմապատկվեցին. ավելացավ ԼՂ հարցի ամբողջական կարգավորում, բոլոր տարածքներից, այդ թվում` եւ ԼՂ-ից, զորքերի դուրսբերումգ: Եթե հիմա իրենց իշխանությունն այս նախապայմաններն ընդունեց, պրն Մանոյանը ճիշտ է ասում, նոր նախապայմաններ կհայտնվեն, որովհետեւ այս ամենի ընթացքում ՀՀ կարգավիճակն է թուլացել, ՀՀ-ն դուք ամբողջովին դարձրել եք ՌԴ-ի արտաքին քաղաքականության կցորդ»,- դիմելով Կ. Մանոյանին՝ շարունակեց Դ. Շահնազարյանն ու նկատեց. «Թուրքիան այսօր շատ հեռու է ԵՄ-ի չափանիշներից: Ու, չնայած այդ ամենին, ձեր հավերժական թշնամի Թուրքիայում հայերն իրենց ավելի անվտանգ են զգում, քան ձեր հավերժական բարեկամ ՌԴ-ում»: Դ. Շահնազարյանի խոսքերով՝ հայտնի քաղաքականության արդյունքում արդեն մի քանի ամիս է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպան չունի, ինչն օգուտ չէ ՀՀ-ին: Ցեղասպանությունը չընդունելու համար դեսպանի թեկնածու Ռ. Հոգլանդի թեկնածությունն արգելափակած սենատորին Դ. Շահնազարյանը խորհուրդ է տալիս նման պահանջներ դնել ոչ թե ՀՀ ուղարկվող դեսպանի, այլ Թուրքիա ուղարկվող դեսպանի առջեւ: Մանոյանն էլ դեսպանի նշանակման հարցը համարում է ԱՄՆ-ի ներքին խնդիրը, եւ ավելացնում, թե «մեր կողմից» ցանկացած միջամտություն կլինի միջամտություն ԱՄՆ-ի ներքին հարցերին: Իսկ Հոգլանդի թեկնածության դեմ տարվող արշավի առաջատարն ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն է, որն, ըստ Կ. Մանոյանի, չի կարելի շփոթել ՀՅԴ-ի հետ: «ՀՅԴ-ն ու ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը նույնը չեն»,- վստահեցրեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն: Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Դ. Շահնազարյանը նշեց, որ իր տեղեկություններով այսօր բանակցային սեղանի վրա դրված է 1997թ. փուլային տարբերակը, սակայն այժմ քննարկման նոր էլեմենտ է ավելացել՝ հանրաքվե, որին ինքը դրական է վերաբերվում: «Մնացածն ամբողջությամբ կրկնում է 1997-ի տարբերակը, որին դուք գնում եք»,- ասաց Դ. Շահնազարյանը: Կ. Մանոյանը պատասխանեց. «Մենք չենք գնում, իշխանությունն է գնում»: ՀՀՇ վարչության անդամի խոսքերով՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունները գնում են, բանակցային սեղանի շուրջ մի բան են ասում, գալիս են, մամուլով ուրիշ բան են ասում: «Նրանց նպատակը բանակցությունները ձգձգելն է»,- համոզմունք հայտնեց Շահնազարյանը, ինչին ի պատասխան` Մանոյանը հարցրեց. «Միշտ իրենք են լինելո՞ւ: Ընտրություններ չեն լինելո՞ւ»: «ՀՀ-ում ընտրություններ են լինելո՞ւ: Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին»,- հարցին հարցով պատասխանեց Դ. Շահնազարյանը:
Հ.Գ. «Պարոն Մանոյան, ախր գիտե՞ք ինչ: Դուք պատմականորեն միշտ պատասխանատվությունից խուսափել եք: Ձեր կուսակցությունը ցեղասպանության համար պատասխանատվություն չի՞ կրում: Ձեր քաղաքական գործընկերներ երիտթուրքերն են իրականացրել ցեղասպանությունը, եւ Ձեր կուսակցությունն էր այն ժամանակ այն քաղաքական ուժը, որ հայության տեսակետներն էր արտահայտում: Դուք չե՞ք ուզում պատասխանատվություն կրել: Դուք չե՞ք ուզում դրա գնահատականը տալ: Պետք է տաք, չէ,՞ դա»,- Դ. Շահնազարյանի այս հարցերը Կ. Մանոյանը երեկ անպատասխան թողեց: