Խորհրդային հատուկ ծառայությունների արխիվների բացման եւ գործակալների գաղտնազերծման թեման Հայաստանում սկիզբ առավ դեռ Ղարաբաղյան շարժման սկզբում: Անցած 18-19 տարիների ընթացքում այդ թեման մերթ մոռացվում էր, մերթ թարմացվում: Մեզ մոտ սովորաբար այն նորից ակտուալ է դառնում նախընտրական ժամանակահատվածում: Այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս անգամ էլ «հատուկ ծառայությունների գործակալների գաղտնազերծման» թեման նորից առաջնայիններից է լինելու քաղաքական ընդդիմախոսների «խաղացանկում»: Տարբերությունը նախորդ դեպքերի համեմատ, թերեւս, այն է լինելու, որ այս անգամ պահանջվում է գաղտնազերծել ոչ միայն խորհրդային ԿԳԲ-ի, այլեւ բոլոր երկրների հատուկ ծառայությունների գործակալների անունները՝ պատճառաբանելով դա նրանով, որ այդ գործակալներից շատերն այժմ բավականին ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում հայաստանյան թե քաղաքական, թե լրատվական ու մշակութային դաշտերում, նաեւ պետական ատյաններում: Օրերս մամուլում ի հայտ եկավ պահանջվող բացահայտումների առաջին ծիծեռնակը. հայտարարվեց, որ ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայիս ղեկավարներից մեկը դեռ 60-ականներին դարձել էր ԿԳԲ-ի գործակալ, եւ ի հավելումս դրան հայտնվեց, որ սա առաջին, բայց բնավ էլ ոչ վերջին նման գաղտնազերծումն է:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նախընտրական այս շրջանում գործակալների վերաբերյալ, իրոք, բավականին հարուստ լրատվական արտահոսքեր են սպասվում: Ըստ նույն աղբյուրների՝ առաջին հերթին գաղտնազերծվելու են այն գործակալ գործիչները, որոնք հատուկ ծառայությունների «կողմից հավաքագրվել են», այսպես ասած, ակտիվ կոմերիտական երիտասարդական շրջանում: Պարզվում է, որ գործակալների այդ տեսակն այժմ արդեն բավականին ազդեցիկ դիրքեր ունի եւ իշխանական եւ ընդդիմադիր դաշտում, իսկ ոմանք նաեւ մեծահարուստներ են ու նույնիսկ օլիգարխ են համարվում: Իրավիճակի նրբությունը նրանում է, որ լրատվական այդ արտահոսքերը կարելի է սպասել թե Արեւմուտքից, թե Ռուսաստանից եւ նույնիսկ Արեւելքից: Ամբողջ խնդիրը նրանում է, որ 90-ականների սկզբին ՀԽՍՀ ԿԳԲ-ի արխիվների մի մասն ինչ-ինչ գործարքների արդյունքում հայտնվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ (եւ հավանաբար` ոչ միայն նրանց մոտ): Եվ այսօր «գործակալների թեման» յուրաքանչյուրը կարող է օգտագործել իր քաղաքական նախասիրություններին համապատասխան: