«Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» հասարակական կազմակերպությունը հունվարի 13-14-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով:
Բավականին ներկայացուցչական այս երկօրյա գիտաժողովում զեկուցումով հանդես եկան բազմաթիվ տնտեսագետներ, հետազոտողներ ու վերլուծաբաններ, ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձինք: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման սպասվելիք օգուտներն ու վնասները: Հնչած զեկուցումների մեծ մասը հիմնված էր գիտական հետազոտությունների վրա, եւ դրանցում մանրամասն ներկայացվեցին սահմանի բացման ստատիկ եւ դինամիկ հետեւանքները, եկամուտների բաշխման փոփոխությունները, հարաբերական մրցակցությունը, նորաստեղծ արդյունաբերական ճյուղերի հովանավորումը, պետական սեկտորի դերը, սահմանի բացման հետեւանքները տարածաշրջանի այլ պետությունների համար, միգրացիային, տարածաշրջանային աշխատաշուկաներին, դրամական փոխանցումներին եւ բազմաթիվ այլ հարցերին վերաբերող գիտական վերլուծություններ եւ այլն: Գիտաժողովի սկզբում հայտարարվեց, որ այն չի անդրադառնալու հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման լայն աշխարհաքաղաքական կամ նեղ քաղաքական ասպեկտներին, եւ քննարկման թեմա են լինելու միայն տնտեսական ու սոցիալական առանձնահատկությունները: Թերեւս առաջին անգամ էր այս մասշտաբներով ու գիտական հիմնավորումներով խոսվում հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքների մասին: Զեկուցողները փաստում էին, որ հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի ՀՆԱ-ի 10-25%-անոց աճի, իսկ եթե կարգավորվեն հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ, այդ թիվն է՛լ ավելի կմեծանա: Քննարկվեցին նաեւ արտաքին կոնֆլիկտի ռիսկի նվազման հնարավորությունները: Ըստ այդմ, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում արտաքին կոնֆլիկտի ռիսկի ցուցանիշը կնվազի 25%-ով, որն էլ կհանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների մոտ 50% աճի: Դե, իսկ եթե ՀՀ-ի եւ հարեւան երկրների հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվեն, այս թվերն է՛լ ավելի տպավորիչ կլինեն: Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով կարծիք հայտնեց, թե այս գիտաժողովն «ապաքաղաքական շղարշով պատված» քաղաքական միջոցառում է: Նա գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե նման քննարկումներ կազմակերպվեին Թուրքիայում: Ըստ նրա, պարզ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական դրական հետեւանքներ է ունենալու: Նա կոչ է անում պատրաստ լինել այդ սահմանի բացմանը: Միաժամանակ նա այն կարծիքին է, որ մենք այդ սահմանի բացումից ակնկալվող տնտեսական հավելյալ հսկայական աճը կարող ենք ապահովել նաեւ ներքին ռեսուրսների հաշվին՝ ուժեղացնելով պայքարը կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ: Իսկ գիտաժողովի մասնակից ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով էլ՝ մենք պետք է հայացքն ուղղենք դեպի ապագան ու շարժվենք փակուղուց դեպի խաչմերուկ: Ըստ նրա, պետք է ազատվենք կոմպլեքսներից եւ, օրինակ՝ ուրախանանք մեր հարեւան Թուրքիայի հաջողություններով, այլ ոչ թե հակառակը: Հ. Բագրատյանը գտնում է, որ պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է հարեւանություն անել նաեւ մեր հարեւանների հետ, այլ ոչ թե միայն հարեւանների հարեւանների հետ: