Երեկ այս հորդորն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին էր ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` ի պատասխան երեկ հնչեցրած Ա. Գեղամյանի բացատրություններին, թե ինչից դրդված է Գ. Ծառուկյանը ստեղծել իր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, գործարար Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծել է առաջիկա ընտրություններից հետո իր եւ իր մերձավորների անվտանգությունն ապահովելու եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ դառնալու ծրագրերը խոչընդոտելու համար: Դարձյալ ըստ Ա. Գեղամյանի, Գ. Ծառուկյանը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ իրեն «հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի հարազատների կողմից սպանություն է պատրաստվում: Քիլլեր էր վարձվել, որ սպաներ Գագիկ Ծառուկյանին,- երեկվա ասուլիսում հայտարարեց Գեղամյանը` ավելացնելով,- Այդ գործը բացահայտվել էր: Համենայն դեպս, համառորեն այդ լուրերը գնում էին»: Ա. Գեղամյանի պնդմամբ, այդ ամենի մասին տեղեկացվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանն, ու առերեսում էր տեղի ունեցել, ու, դրա արդյունքում, ինչպես հավաստիացնում էր Ա. Գեղամյանը, «հանգստի, թոշակի գնաց Կառլոս Պետրոսյանը (Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը), որի արդյունքում շինարարական իր բիզնեսը Սաշիկ Սարգսյանը սկսեց իրականացնել արդեն ԱՄՆ-ում: Տարօրինակ պայմաններում սպանվեց Աշտարակի Մուշեղը, որը Հրազդանի «Ցեմզավոդի» փայատեր էր: Եվ, բնականաբար, մարդիկ գիտակցեցին, թե ինչ ահավոր իրավիճակ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, եթե, Աստված մի արասցե, հանկարծ Սերժ Սարգսյանը դառնա երկրի նախագահ»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը` ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով: Ավելին` Ա. Գեղամյանը վստահ է, որ հենց այդ «պայմանով» ստեղծված «Բարգավաճ Հայաստանն» առաջիկա նախագահական ընտրություններում ոչ մի պարագայում չի պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն երեկ Ա. Գեղամյանի հայտարարություններ-բացահայտումներն անպատասխան չթողեց Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը բոլոր լրատվամիջոցներին տարածել էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ուր մասնավորապես ասվում էր. «Ես առաջին անգամ եմ լսում այն ամենի մասին, ինչ այսօր պատմել է Արտաշես Գեղամյանը: Դա պարզապես աբսուրդ է: Նրա այդ պատմությունները որեւէ կապ չունեն իրականության հետ: Եթե պարոն Գեղամյանն ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի, ապա լավ կլինի, որ նա չփորձի լուծել դրանք այլ քաղաքական գործիչներին եւ ուժերին սադրանքով միմյանց դեմ հանելու միջոցով»:
Ա. Գեղամյանը, սակայն, երեկվա ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե իշխանական մամուլն է փորձում իրեն ու Գագիկ Ծառուկյանին միմյանց դեմ հանել, որպեսզի, ըստ Ա. Գեղամյանի` «երկուսիս հարցերը լուծեն ու գցեն իրար վրա»: «Բայց այդ ճիզվիտական մեթոդներով խնդիրներ լուծելու ժամանակն ու հնարավորությունն իշխանությունները սպառել են: Իրենք սպանություններ անելու լիմիտը սպառել են, հանկարծ մտքներով չանցնի, որ կկարողանան ահաբեկել, կամ հանկարծ մեկին ահաբեկեն ու փորձեն ամենը կոտրել մեր գլխին»,- ասաց «ԱՄ» ղեկավարը` հավաստելով, թե իշխանությունների` Գագիկ Ծառուկյանին ու իրեն իրար դեմ հանելու «դավադրությունները» եւ ոչ միայն, ինքը քնած տեղն էլ է կարողանում բացահայտել:
Իսկ այն հարցի պատասխանից, թե ինչպե՞ս է «Ազգային Միաբանությունը» մրցապայքարի մեջ մտնելու կես միլիոն անդամ ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, պարզ դարձավ, որ Ա. Գեղամյանը խիստ կասկածում է Գ. Ծառուկյանի թիմակիցների մատնանշած թվին. «Նույնիսկ մարդահամարն այնքան օպերատիվությամբ չեն իրականացնում, ինչքան այդ կուսակցության անդամների թիվն է անընդհատ թարմացվում»,- ասաց նա` նշելով, թե իր կուսակցության անդամների թիվը հասնում է 46 հազարի: Իսկ հետո նա կես միլիոն անդամ ունեցող «Բարգավաճ Հայաստանին» զգուշացրեց, որ այն կուսակցությունը, որը քաղաքական գնահատական չի տվել ստեղծված իրավիճակին եւ մեղավորների անուններ չի հնչեցրել` ի սկզբանե ձախողված է:
Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ «Ազգային Միաբանություն»-ՀԺԿ եւ «ԱՄ» մյուս հնարավոր դաշինքներին: Ա. Գեղամյանը նշեց, որ դաշինքներ հնարավոր են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ էլ, սակայն մինչ այսօր որեւէ կոնկրետ քննարկում դեռեւս տեղի չի ունեցել: Հարցին, թե 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը չսատարած կամ «Նոր Ժամանակներ» կուսակցության հետ հարաբերությունները դատարանում պարզած «ԱՄ»-ն ինչպե՞ս է այսօր սերտ համագործակցության փորձեր անում նրանց, Ա. Գեղամյանը պատասխանեց. «Ամեն ինչ հոսում, փոփոխվում է, մարդիկ փոխվում են, հարաբերությունները փոխվում են: Եթե Հայաստանի շահը թելադրի, որ պետք է գնալ դաշինքով, ուրեմն կգնանք դաշինքով»: Փաստորեն, 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Ա. Գեղամյանը չկանգնեց Ստեփան Դեմիրճյանի կողքին, որովհետեւ նրան այդպես էր թելադրում Հայաստանի շահը: Այսինքն` այն ժամանակ Ստեփան Դեմիրճյանը Հայաստանի շահին վնաս էր:
Հ.Գ. Ա. Գեղամյանը երեկվա ասուլիսում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներին, ովքեր փետրվարի 20-ը հայտարարել են հանրահավաքների մեկնարկ, մաղթեց հանրահավաքների լավ կազմակերպում: Նաեւ ասաց, թե երբ օրը գա, կասեն` մասնակցելո՞ւ են հանրահավաքներին, թե՞ ոչ: Նայած Հայաստանի ազգային շահն այդ պահին ինչ կթելադրի: