Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգը կստեղծվի մոտ ժամանակներս եւ կդառնա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում համանման կոալիցիոն ռազմական կառույցների նախատիպը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այտեչ Բիժեւը: «Վստահ եմ, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարության մակարդակով շուտով կստորագրվի համաձայնագիր, որը ՌԴ-ի եւ Բելառուսի զորահրամանատարներին իրավունք կտա համատեղ օգտագործելու միասնական տարածաշրջանային համակարգի մեջ մտած ՀՕՊ-ի ուժերն ու միջոցները»,- ասել է նա: Բիժեւը նաեւ հայտնել է, որ փետրվարի 17-ին Երեւանում ծրագրված է ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի համակարգող կոմիտեի նիստը, որտեղ ներկայացվելու է Կովկասում ՀՕՊ-ի միասնական տարածաշրջանային նոր համակարգը: «Մենք ԱՊՀ-ի երկրների ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի բոլոր հրամանատարներին կծանոթացնենք նոր համակարգին, որի մեջ կմտնեն ՌԴ եւ ՀՀ ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը»,- ասել է գեներալը: