Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնեցրել են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախագծի մանրամասները եւ արձանագրություն են ստորագրել դրա իրացման մասին: Ինչպես հունվարի 13-ին Թբիլիսիում կայացած դռնփակ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, արդեն համաձայնեցված են բոլոր մանրամասները, եւ մոտ ժամանակներս ստորագրված արձանագրությունը կուղարկվի երեք երկրների կառավարություններին, որոնք վերջնական տեսքի կբերեն համաձայնագիրը: Դրանից հետո փաստաթուղթը կհանձնվի խորհրդարանների վավերացմանը: Ինչպես նշել է Արվելաձեն, «նախագիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման համար, եւ նոր աշխատատեղեր կստեղծի»: Վրացական աղբյուրների ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նախագծի շրջանակներում Ադրբեջանի կառավարությունը 220 մլն դոլար կհատկացնի երկաթուղու՝ Վրաստանում արդեն գոյություն ունեցող հատվածի վերականգնման եւ դեպի Թուրքիա երկաթուղային ճյուղի շինարարության համար: 25 տարի ժամկետով Ադրբեջանի կառավարության տրամադրած անտոկոս վարկը Վրաստանը կփոխհատուցի իր տարածքում երկաթուղու շահագործումից ստացվելիք եկամուտների հաշվին: «Վարկը կմարվի երկաթուղուց ստացվելիք եկամուտների հաշվին»,- ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ շինարարական աշխատանքները Վրաստանի տարածքում կսկսվեն 2007-ի երկրորդ եռամսյակում եւ միաժամանակ կիրականացվեն երկու տեղամասերում՝ Մարաբդա-Ախալքալաք (վերականգնողական աշխատանքներ) եւ Ախալքալաք-Կարս (շինարարական աշխատանքներ): Ենթադրվում է, որ երկաթուղին շահագործման կհանձնվի երկու-երեք տարի հետո: Կողմերը հուսով են, որ տարեկան մինչեւ 15 մլն տոննա բեռ թողունակությամբ երկաթուղային մայրուղու նախագծին կմիանան Չինաստանն ու Ղազախստանը: