Անցած տարեվերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) ուսումնասիրություն էր անցկացրել լայն սպառման ապրանքների՝ կարագի, ձվի, գարեջրի, ցեմենտի, բենզինի, շինարարական եւ այլ նյութերի շուկաներում ու գտել էր, որ վաճառքի գներն արտադրողներին գերշահույթ են ապահովում:
Հանձնաժողովը քննարկում էր նաեւ տվյալ ապրանքային շուկայում գործող ընկերությունների կիրառած գնային քաղաքականությունը: Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, եւ որտեղ առկա է «չհիմնավորված գների կիրառման կամ հակամրցակցային համաձայնությունների հավանականություն»: Փաստորեն հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում նկատել է «միասնական գնային քաղաքականություն վարելու վարքագիծ»: ՏՄՊՀ-ն նաեւ պարզել էր, որ Հայաստանում արտադրվող ձվի ինքնարժեքը կազմում է 30-35 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին մի քանի ամիսներին ձվի գինը հասել էր մինչեւ 65-71 դրամի ու մինչեւ հիմա շարունակում է մնալ գրեթե նույն մակարդակի վրա: Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանը ձու արտահանող երկիր է: «Վերջին հաշվով մեր հայրենակիցներն ինչո՞ւ պիտի դատապարտված լինեն 70 դրամով ձու գնել»,- տարեվերջին հրավիրած նիստում հայտարարեց ՏՄՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը:
Հանձնաժողովը ձու արտադրող եւ ապրանքային մյուս շուկաներում գործող ընկերություններին գները վերանայելու համար այն ժամանակ նախ 5 օր ժամկետ տվեց: Արտադրողներին առաջարկեց նաեւ համապատասխան միջոցներ ձեռնարկել «գների չհիմնավորված բարձրացումը եւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների կիրառումը կանխելու ուղղությամբ»: Այնուհետեւ հանձնաժողովն այդ շուկայում սկսեց ավելի խոր ուսումնասիրություն՝ մոնիտորինգ իրականացնել, որի ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին: Այդ ընթացքում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն եւ հանձնաժողովին ապացուցեն, որ ձվի կամ մյուս ապրանքների այսչափ թանկության համար այնքան էլ իրենք չեն մեղավոր, եւ, որ իրենք խանութներին հանձնում են վաճառվող գներից շատ ավելի էժան: Բացի այդ, ընկերությունները պետք է նաեւ տեղեկատվություն ներկայացնեն ապրանքների իրացման գների վերանայման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: «Ես այդ նիստի ժամանակ հանրապետությունում չեմ եղել,- ասաց «Մաքս գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանը: -Երբ վերադարձա, «Լուսակերտի» ֆաբրիկայի փաստաթղթերը ներկայացրեցի հանձնաժողովին: Ինձ թվում է, հանձնաժողովը համոզվեց, որ 30-35 դրամ ձվի ինքնարժեք չկա»: «Մենք ձուն խանութներին հանձնում ենք միջինը 54 դրամով,- ասաց «Լուսակերտ» ՍՊԸ տնօրեն Արսեն Բագրատյանը: -Ճիշտ է, կան նաեւ 60-65 դրամանոց ձվեր, որոնք սուպեր տեսակի են՝ ունեն 2 դեղնուց: Բայց 2006թ. մեր ընկերության իրացրած ձվի ընդամենը 1,2 տոկոսն է եղել սուպեր տեսակի»: Անցած տարեվերջին ձվի հիմնական գինը 65-70 դրամ էր: Իսկ խանութներից էլ հավատացնում են, որ գործարանները ձուն իրենց հանձնում են 60-65 դրամով: Իրենք վաճառելիս ընդամենը 6-7 դրամ են ավելացնում: Հանձնաժողովը գների հարցում կարծես թե ավելի շատ հակված էր հավատալ խանութներից ներկայացրած տեղեկատվությանը: Իսկ արտադրողներն էլ հանձնաժողովին առաջարկում են ստուգել թե՛ խանութների, թե՛ իրենց փաստաթղթային տվյալները: Եվ արդյունքում ինչ-որ հակասական վիճակ է ստացվում, ու արտադրող-վաճառող հարաբերությունների արանքում չգիտես, թե որտե՞ղ կամ ո՞ւմ օգտին ձվի գնից 10-15 դրամ է կորչում:
«Լուսակերտ» ընկերությունը Հայաստանում ձվի արտադրության ոլորտում գերիշխող դիրք է գրավում, զբաղեցնում է շուկայի 33 տոկոսը: Իսկ ձու արտադրող երեք խոշոր ընկերությունները՝ «Լուսակերտը», «Արզնին» եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» միասին արտադրում են Հայաստանում սպառվող ձվի 90 տոկոսը: Այս երեք ընկերությունների արտադրած ձուն խանութներում վաճառվում է գրեթե միատեսակ գներով: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ձվի իրացման գին սահմանելու հարցում արտադրող երեք ընկերություններն իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերում: Ա. Բագրատյանի ասելով` «Լուսակերտի» իրացրած ձվերի միջին գինը 2006թ. եղել է 54 դրամ: «Ես չգիտեմ, թե խանութներում ինչո՞ւ է ձուն այդքան թանկ,- ասում է պարոն Բագրատյանը: -Հանձնաժողովը թող ուսումնասիրի եւ պարզի: Մենք մեր արտադրության ու գների հետ կապված փաստաթղթեր ենք տրամադրել հանձնաժողովին: Կարծում եմ` կատարած մոնիտորինգից հետո արդեն նրանց ու բոլորի համար պարզ կլինի, որ մենք ձվի համար ոչ իրական գներ չենք սահմանել եւ գերշահույթ չենք ստանում»: Պարոն Բագրատյանը չտեղեկացրեց, թե որքա՞ն է կազմում «Լուսակերտի» արտադրած ձվի ինքնարժեքը, բայց ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, թե ՏՄՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանի իմացած 30-35 դրամն իրական է: «Չեմ ուզում ասել, ի վերջո դա ընկերության բիզնեսի գաղտնիքն է»,- պատասխանեց ընկերության տնօրենը: Նա նաեւ չտեղեկացրեց, թե ձուն Վրաստան ի՞նչ գնով են արտահանում, միայն պատասխանեց, թե «ավելի էժան, քան Հայաստանում ենք իրացնում»: Պարոն Բագրատյանը նաեւ հիշեցրեց, որ 2006թ. սկզբին երեք ամիս արտադրող ընկերությունները թռչնագրիպի պատճառով ձու եւ թռչնամիս չեն վաճառել ու վնասներ են կրել: Հետո էլ պահանջարկը միանգամից այնքան է մեծացել, որ չեն կարողացել բավարարել: Հավանաբար դրա համար՝ ստեղծված դեֆիցիտը վերացնելու համար էլ աշնանն Իրանից ձու ներմուծվեց: Վերջին 5-6 տարիների համար դա աննախադեպ երեւույթ էր: Հայաստանի արտադրողներն այդ տարիներին կարողանում էին լիովին բավարարել ներքին պահանջարկը, կարողանում էին նաեւ արտահանել: Տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ ոչ միայն ձու, այլ գարեջուր, բենզին, կարագ, ցեմենտ արտադրող եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները մոնիտորինգի ընթացքում իրենց տեղեկատվություն տրամադրել են: Սակայն գնահատական տալ դեռ չեն կարող, որովհետեւ արդյունքներն ամփոփված չեն: Դժվար է ասել՝ այժմ հանձնաժողովը շարունակո՞ւմ է մնալ իր ունեցած կարծիքին, ըստ որի` վերը նշված ապրանքներն արտադրողները գերշահույթ են ստանում եւ պետք է իջեցնեն գները: Թե՞ այս մեկ ամսվա ընթացքում ընկերություններից ստացած «տեղեկությունների» հիման վրա կարող է կարծիքը փոխած լինի: Ամեն դեպքում, հանձնաժողովը դեռեւս 2006թ. տարեվերջին համոզված էր, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները գերշահույթ են ստանում: Իսկ թե ի՞նչ համոզմունք ունի արդեն այս տարի, կիմանանք մինչեւ հունվարի վերջը: