ԱՊՀ – 2007

17/01/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Դատելով որոշ նշաններից՝ ԱՊՀ-ի համար 2007-ը կարող է վերջինը լինել: Միջպետական ալյանսի քաղաքական արդյունավետության վրա վաղուց է խաչ քաշված: Այժմ խաչ է քաշվում փոխշահավետ տնտեսական կապերի վրա: Թեեւ, եթե վերանանք քաղաքական կոռեկտությունից, ապա ԱՀՊ-ի ստեղծման հենց սկզբից փոխշահավետ տնտեսական կապերի տակ նկատի էր առնվում միայն մի բան՝ մյուս բոլոր անդամ-երկրների կողմից Ռուսաստանին օգտագործելը: Խոսքը վերաբերում է արտոնյալ պայմաններով էներգակիրների մատակարարմանը, ԱՊՀ անդամ-երկրների ոչ այնքան բազմաքանակ ապրանքները ռուսական շուկաներ ազատ արտահանելուն եւ ռուսական ապրանքների՝ իրենց երկրներ ներմուծելուն, ինչին, ի դեպ, զանազան խոչընդոտներ էին ստեղծվում: Օրինակ՝ ԱՊՀ որոշ անդամներ վերջին տարիների ընթացքում ժամանակավոր արգելքներ էին դնում ռուսական գարեջրի ներմուծման վրա, իսկ գարեջուր Ռուսաստանում չափից դուրս շատ է արտադրվում, ինչը տնտեսության մեջ կոչվում է գերարտադրություն: Բացի այդ, պարզվեց, որ բացառությամբ ԱՊՀ անդամ մեկ-երկու երկրների, մնացածները մոլի կողմնակիցներ են միակողմանի խաղին. ընդունելով Ռուսաստանի շահերի գոյությունն իրենց տարածքում, նույնիսկ դրանց օրինաչափ ու հիմնավորված լինելը, նրանք միաժամանակ գործնականում չէին ցանկանում հաշվի նստել դրանց հետ: Եվ իրերի նման դրությունը Մոսկվային պարզապես զզվեցրեց: Տրամաբանական է, որ նա ուղղակիորեն կամ իր արդյունաբերական կառույցների միջոցով սկսեց զբաղվել իրադրությունը շտկելով: Ընդ որում՝ որոշ գործողություններից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ԱՊՀ-ն` որպես այդպիսին, արդեն ձանձրացրել է Ռուսաստանին: Իզուր չէ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթներից մեկի ժամանակ ալյանսն անվանեց նախկին ԽՍՀՄ անդամների քաղաքակիրթ ապահարզանի գործիք եւ խոսեց կոնկրետ երկկողմ հարաբերությունների ստեղծման անհրաժեշտության մասին:

Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դիրքերը բավականաչափ ամուր են թվում: Տաջիկստանն ու Ղրղըզստանը միշտ էլ ընդգծված լոյալ են եղել Մոսկվայի հանդեպ, եւ ոչ մի բանից չի երեւում, թե այդ իմաստով որեւէ փոփոխություն կա: Ինքնաբավ Ղազախստանը ԱՊՀ գաղափարի նկատմամբ Ռուսաստանի կողմից ցուցաբերված անտարբեր վերաբերմունքից հետո, երեւում է՝ հակված է դառնալու ինտեգրացիոն գաղափարների գլխավոր շարժիչ ուժը հետխորհրդային տարածքում: Հզոր, դինամիկ զարգացող տնտեսությունն Աստանային թույլ է տալիս Մոսկվայի հետ պարբերաբար խոսել որպես հավասարը հավասարի հետ, սակայն միաժամանակ սահմանները չի անցնում: Ուզբեկստանին հարկ եղավ անցնել Անդիջանի սպանդի միջով, որպեսզի լրջորեն վերանայի արտաքին քաղաքականությունը՝ ուղղվելով դեպի Ռուսաստան: Ինքն իր մեջ ներփակված Թուրքմենիան Թուրքմենբաշիի մահից հետո թերեւս ավելի բաց պետություն կդառնա: Թեեւ Մոսկվայի եւ Աշգաբադի միջեւ գործում է բնական գազի ներկրման 25-ամյա պայմանագիրը, եւ դժվար թե այս ավելի քան հզոր կապը չդիմանա ժամանակի փորձությանը: Թերեւս` միայն այն դեպքում, եթե առաջիկա ընտրություններում հաղթանակ տանի աղոտ գաղափարներ ունեցող որեւէ հուզավառ քաղաքական խումբ:

Հարավային Կովկասում իրադրությունն այդքան հեշտ չէ: Հայաստանն իր՝ Ռուսաստանին տված տնտեսությամբ դեռեւս «ռազմավարական գործընկեր է»: Իսկ կամակոր Վրաստանին ավելացել է նաեւ Ադրբեջանը, որն ավելի քան լրջորեն հույս է դնում իր էներգետիկ ռեսուրսների վրա: Եվ եթե Թբիլիսիին Մոսկվան սկսել է աջուձախ հարվածներ հասցնել բոլոր ուղղություններով՝ փաստորեն խզելով բոլոր կապերը, բացառությամբ հումանիտարից, ապա Բաքվի նկատմամբ գործի է դրվել միգրացիոն «դագանակը». մինչեւ ապրիլ Ռուսաստանում կիրառվելու են առեւտրի կարգավորման մասին օրենքները, ինչից հետո, սոցիոլոգների մոտավոր հաշվարկներով, հայրենիք կարող են վերադառնալ մոտ 1,5 մլն ադրբեջանցիներ: Հեռանկարն այնքան մռայլ է, որ Բաքուն Կրեմլի հետ բանակցությունների համար կառավարական պատվիրակություն է ստեղծել:

Հլու-հնազանդ Մոլդովայի համար Մերձդնեստրի հարցում բավական էր արգելք դնել մոլդովական գինիների եւ մրգի ներմուծման վրա: Հիմա արգելքը հանվել է, եւ կողմերը պատրաստվում են վերսկսել առեւտուրը: Սա ընդամենը ժամանակի հարց է եւ կախված է նրանից, թե որքանով կարող են մոլդավական գինիները հետ վերցնել այն նիշան, որը նրանց բացակայության ընթացքում մեծ հաջողությամբ գրավել են բավականին էժան եւ շատ որակյալ հարավամերիկյան ու ավստրալական գինիները: Մինսկի ամանորյա նավթագազային խռովությունը համոզիչ կերպով ցույց տվեց նման փորձերի անարդյունավետությունը, գոնե այս փուլում: Դիմադրությունը շարունակվեց մի քանի օր, եւ Մոսկվան, պիտի ենթադրել, չցանկացավ վերջնականապես ոչնչացնել խռովարար դաշնակցին եւ աննշան զիջումների գնաց՝ պահպանելու համար Բելառուսի դեմքը, որի հետ դեռեւս գոյություն ունի միասնական պետություն ստեղծելու նախագիծը: Թերեւս առավել հետաքրքիր են Ուկրաինայի հետ հարաբերությունները: Ռուսամետ դիրքորոշում ունեցող վարչապետ Յանուկովիչի եւ արեւմտամետ նախագահ Յուշչենկոյի միջեւ հակամարտության լուծումից է կախված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ընթացքը: Մոսկվան, որը խիստ մեծ աջակցություն էր ցուցաբերել Յանուկովիչի իշխանության գալուն, հիմա արտաքուստ սպասողական դիրք է բռնել:

Մի խոսքով, Ռուսաստանը ցույց տվեց, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկրի համար ինքն ազդեցության իր մեթոդներն ունի. ոմանց համար՝ քաղաքական, ոմանց համար՝ էներգետիկ, ոմանց համար՝ միգրացիոն եւն: Ճիշտ է, միշտ չէ, որ արդյունքը 100%-անոց է լինում: Սակայն խոսքն այստեղ առայժմ արդյունքների մասին չէ, այլ` միտումների, եւ, որոշակի իմաստով, այն երկկողմ հարաբերությունների կառուցման մեթոդիկայի մասին, որոնցով Մոսկվան, դատելով ամեն ինչից, մտադիր է մոտ ապագայում փոխարինել տձեւ, իրեն քիչ բան տվող ԱՊՀ-ական համակարգի հարաբերությունները: