ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր այրվածքաբան, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ճառագայթաբանության կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ Հովսեփ Շամախյանն «այրվածքամետ» տոներից առանձնացնում է Նոր տարին, Տերընդեզը եւ Սուրբ Զատիկը: «Ցրտերն ընկնելուն պես, բաժանմունքում շատանում են նաեւ ցրտահարության դեպքերը: Ներկա պահին մեզ մոտ կան 4 անօթեւաններ, իսկ այս գիշեր մահացել է բաժանմունք ընդունված անօթեւաններից մեկը: Բոլոր անօթեւանների վիճակը ծանր է, նրանք կոմբինացված վնասվածքներ ունեն, այսինքն` եւ ցրտահարված են, եւ այրվածքներ ունեն: Ցրտահարվելուց հետո այդ մարդիկ իրենց վերջույթների զգայունությունը կորցնում են, որի հետեւանքով փորձելով տաքացնել դրանք՝ այրվածք են ստանում: Այրվածքները 2-րդ, 3-րդ աստիճանի են, ցրտահարությունները` հիմնականում 4-րդ աստիճանի: Դա ամենաբարձր աստիճանն է, եւ այդ հիվանդներին սպասվում են անդամահատումներ: Անդամահատումներից հետո հետագայում պրոթեզավորման խնդիրներ են առաջանում: Անցյալ տարի Պրոթեզավորման կենտրոնի հետ համատեղ մի անօթեւանի պրոթեզավորեցինք: Ցավոք, այդ հիվանդը` 53-ամյա Սուրեն Ղազարյանը, այս տարի նորից այրվածքներով պառկած է մեզ մոտ»,- ասում է գլխավոր այրվածքաբանը: Ընդհանրապես, կենտրոնը տարեկան ընդունում է 10-17 անօթեւան հիվանդների: «Անցյալ տարի անօթեւաններն ավելի շատ էին, այս տարի նվազել է նրանց թիվը: Ցրտահարվելով իրենք չեն դիմում հիվանդանոց, շատ ժամանակ նրանք տեղափոխվում են հենց փողոցներից` անգիտակից վիճակում, շտապօգնության մեքենաներով: Եթե ընդհանուր սառեցում է լինում, նման հիվանդներին ուղարկում են այլ բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներ»,- հավելում է բժիշկը: Ի տարբերություն այրվածքների, ցրտահարությունները չեն դասվում վնասվածքների շարքը, այդ պատճառով բուժհաստատությանը հարկ չի լինում տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Հ. Շամախյանը նշում է նաեւ, որ անցյալ տարի Այրվածքային բաժանմունքում մեծ թվով միայնակ թոշակառուների ընդունելություն է գրանցել: Ի դեպ, նշված սոցիալական խմբում նախորդ տարի արձանագրվել է նաեւ բարձր մահացություն` 13 մահվան դեպք, ինչը, բաժանմունքի վարիչի հավաստմամբ, շատ բարձր ցուցանիշ է: «Ցուրտ եղանակին միայնակները տանը վառարանի կամ էլեկտրական սալիկների կողքը նստում են, քնում, նրանց հագուստը կպնում է էլեկտրական պարույրներին եւ այրվում: Ստացած այրվածքները լինում են բարձր տոկոսի եւ մեծ խորության»,- մեկնաբանում է բժիշկը: Եթե վերջին 4-5 տարիներին նրանց հաջողվել է նվազեցնել մանկական մահացության տոկոսը` մինչեւ 1-2%, ապա մեծահասակ ազգաբնակչության շրջանում, փաստորեն, այրվածք ստանալու հավանականությունը մեծացել է: Հ. Շամախյանի ասելով, անցյալ տարի Երեւան քաղաքում մանկական խմբում 2 մահ է գրանցվել` նախորդ տարիների 20-23 մահի փոխարեն: Օրինակ, 2004թ. մանկական, այսինքն՝ 0-17 տարիքային խմբում արձանագրվել է 0 մահ, ինչն աննախադեպ դրական ցուցանիշ է համարվում: «Փոքր տարիքի երեխաների այրվածքների 90% դեպքերում հիմնականում մեղավոր են ծնողները: Միայն ուշադրության պակասի հետեւանքով են նրանք այրվածքներ ստանում, մանավանդ, դա առավել հաճախ պատահում է տոնական օրերին, երբ ծնողները զբաղված են լինում այլ գործերով»,- ասում է Հ. Շամախյանը:
«Մենք էլ մարդ ենք, հո անասուն չե՞նք»
Բնականաբար այրվածքներ ստանում են այն մարդիկ, որոնք չունեն նորմալ կենցաղային պայմաններ: 46 տարեկան Վրեժ Ստեփանյանն Այրվածքաբանության բաժանմունք է ընդունվել հունվարի 2-ին: Նա ամուսնալուծված է, ու արդեն 4-5 տարի անօթեւան է եւ «բնակվում» է 4-րդ գյուղի այգիներում: «Փողոցներում հիմա լիքը անտեր ու դուրս այնքան մարդիկ կան… Տեր չունեն, յոլա են գնում՝ էս պադվալում, էն պադվալում, կռիշներում: Ես չեմ ասում, թե մենք մեղավոր չենք: Էնքան սխալ ենք, որ հասել ենք էս աստիճանի: Անասուն չենք, մենք էլ մարդ ենք, վսյո տըկի հայ ենք: Հունվարի 2-ին մորքուրիս աղջկա տանն էի, պառկած ժամանակ տեսանք, որ վերմակն արյունոտվում է: Երբ նասկիներս հանեցի, սեւախառն հեղուկ էր գնում: Մորաքրոջս աղջիկն էլ չթողեց հագնեմ նասկիներս, զանգեց շտապօգնություն: Տարան 6-րդ հիվանդանոց, այնտեղ չընդունեցին: Մալադեց էդ սկորու աշխատողներին, զանգեցին էս կողմ, զանգեցին էն կողմ ու բերեցին այստեղ: Ես ըսենց բան առողջ վախտս էլ չեմ տեսել, մարդիկ մինչեւ այսօր հացը տալիս են, ջուրը տալիս են»,- ասում է անօթեւան Վրեժը, որի երկու վերջույթները մոտ օրերս պետք է անդամահատեն: «Մի բան կխնդրեի, էդքան Տիգրան Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը ու մեր հաստափոր ազգային հերոսները, որ էնտեղ վեր ընգած են ու ելույթ են ունենում, գոնե մատների արանքով էս մանր-մունր անտերներիս նայեն: Ոնց պիտի լինի, չգիտեմ, ասում են` ոտքերս պիտի հեռացնեն»,- անտարբերությամբ ասում է Վրեժը: Նույն հիվանդասենյակում, Վրեժի հարեւանությամբ անշարժ պառկած էր մյուս անօթեւանը` Արման Կարապետյանը: Նա, արդեն 9 տարի է, ինչ անօթեւան է, չունի ընտանիք, իրենով հետաքրքրվող հարազատներ, սակայն ունի մեծ հույս, քանի որ իրեն համարում է Հիսուսի հիմնադրվածը: Նրան սնունդով ապահովում է Քանաքեռի ռուսական եկեղեցին: Արմանը, որը Խորհրդային կարգերի փլուզման տարիներին կորցրել է իր բնակարանը, բոլոր մարդկային արարածներից այնքան վրդովված էր եւ նեղսրտած, որ հարցրեց. «Երեւի սովորական մատերիալ է ձեզ համար…»: Նրանք հիվանդանոցում էլ իրենց անտեսված ու ներքուստ վիրավորված էին զգում, որովհետեւ ասում էին, որ, արդեն 10 օրից ավելի է, ինչ պառկած են, հեռուստատեսություններից եկել-նկարահանել են, սակայն «մինչեւ օրս մի պաչկա պապիրոս էլ չեն ստացել»: «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ Սամվել Մանուկյանի խոսքերով, դեկտեմբերի 31-ից մինչ օրս իրենց կենտրոն ընդամենը 4 անօթեւան է դիմել, որոնցից միայն մեկն է բացարձակ անօթեւան եղել: «Նրանք այնպիսի հիվանդներ են, որ ավելի շատ ունենում են ցրտահարություն, խրոնիկական քաղց եւ հարբածություն: Նրանք կարեկցանքի եւ մարդկային վերաբերմունքի են արժանի: Դա համապետական սոցիալական հարց է»,- նշում է նա: