Ագրեսիվ են դարձել նաեւ շները

17/01/2007

Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ցերեկային ժամերին մարդկանց նկատմամբ փողոցային շների հարձակումներ են տեղի ունեցել: Հարձակումներ են գրանցվել Երեւանի թե կենտրոնական, թե արվարձանային թաղամասերում: Ականատեսների վկայությամբ, օրեր առաջ Նորքի 5-րդ զանգվածին կից տարածքում շները հարձակվել են երեխաների վրա, իսկ «Ասսա» ընկերության հարակից տարածքում 2-3 շուն հարձակվել են մի երիտասարդ տղայի վրա եւ կծել նրան: Տղային հաջողվել է շների «ճիրաններից» փրկվել պատահաբար փողոցում հայտնված անծանոթների օգնությամբ: Ըստ Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Վազգեն Գեւորգյանի, տարբեր գնահատականներով, ներկայումս մայրաքաղաքում 15-20 հազար փողոցային շներ կան: Նրա ասելով, քաղաքային իշխանությունները, անցյալ տարվանից սկսած, շների դեմ պայքարում հրազենային ոչնչացումներին զուգահեռ կիրառում են նաեւ ստերիլիզացիայի եղանակը` սեռապես չեզոք դարձնելով կենդանիներին: Շների արտահայտված ագրեսիվությունը Վ. Գեւորգյանը մեկնաբանում է միայն մի գործոնով` սովածությամբ: Իսկ, թե ցրտերը որքանո՞վ կարող են նրանց դարձնել կատաղի, Վ. Գեւորգյանը դժվարանում է պատասխանել: Շները նաեւ բնության «սանիտարներ» են: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները եւ առհասարակ քաղաքակիրթ աշխարհը դեմ է նրանց ոչնչացմանը: Սակայն քաղաքակիրթ աշխարհում հազիվ թե պատահի այնպիսի դեպք, որ մարդիկ վախենալով քայլեն իրենց քաղաքի փողոցներում` վարանելով սոված ու ցրտահարված շներից: Մասնագետների հաշվարկներով, ստերիլիզացիայի կենտրոնի հիմնադրմամբ, 3-5 տարվա ընթացքում 50 %-ով կնվազի շների բազմացումը: