Նախօրեին HSBC Bank Armenia բանկը սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների փոխհատուցման վճարումները: Գումարը տրամադրել է «New York Lile Insurance» ամերիկյան ընկերությունը, որտեղ ժամանակին ապահովագրվել էին ցեղասպանության զոհ դարձած հայերը: Երեւանից եւ մարզերից 1253 հոգի վճարման ցուցակներում են: Բանկին այս պարտավորությունը վստահել է, այսպես կոչված, Հաշտեցման հիմնադրամի խորհուրդը, եւ ինչպես «Ազատությանը» տեղեկացրել են բանկից, վճարումը կատարվում է ըստ հիմնադրամի հաստատած ցուցակների եւ հիմնադրամի կողմից վավերացված նամակների: Առանց այդ նամակների վճարում չի իրականացվելու: «Հայցվորները պետք է անձամբ ներկայանան: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նրանցից ոմանք մահացած են լինում, եւ որդին կամ դուստրն է ուզում ստանալ: Սակայն նման դեպքերում գումարը նրանց տալու իրավունք ունենք միայն այն պարագայում, եթե ներկայացնում են նոտարիատով հաստատված` ժառանգորդը լինելու մասին կտակ կամ լիազորագիր»,- նշել է HSBC բանկի հաճախորդների սպասարկման բաժնի կառավարիչ Սուրեն Զոհրաբյանը: