Մեր երկրի քաղաքական դաշտում պարբերաբար տեղի ունեցող կերպարանափոխություններով, զանազան աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական շրջադարձներով հայաստանցիներին երեւի թե արդեն դժվար է զարմացնել: Բայց գրեթե 100 տոկոսանոց համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս նախընտրական տարում տեղի ունենալիք քաղաքական եւ ֆինանսա-տնտեսական վերադասավորումները եւ զանազան ալյանսներն անակնկալի կբերեն նույնիսկ այլեւս ոչնչից անակնկալի չեկող հայաստանցի ընտրողին: Նման առաջին անկասկած սենսացիոն բնույթի հնարավոր զարգացումը, որն այս օրերին քննարկվում է ընդդիմադիր շրջանակներում, կապված է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել էր «168 Ժամը», չի բացառվում, որ 2008 թվականին նախագահական ընտրարշավում իր թեկնածությունը հերթական անգամ առաջադրող Վազգեն Մանուկյանին աջակցի Սամվել Բաբայանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը կամ կուսակցությունների դաշինքը: Այս տարբերակն, ըստ մեր աղբյուրների, ռազմավարական առումով գրեթե վերջնականապես համաձայնեցված պետք է համարել, եւ խնդիրն ընդամենը մարտավարական բնույթի դետալների մեջ է: Այդ կարեւոր դետալների շարքին կարելի է դասել Վազգեն Մանուկյանի ԱԺ առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափը: Եվ այստեղ է, որ առաջիկայում կարող է մեծ անակնկալ «պայթել»: Ըստ ընդդիմադիր շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների՝ ԱԺՄ-ի նախընտրական առաջիկա համագումարում կամ գուցե կուսակցական մեկ այլ համաժողովում Վազգեն Մանուկյանը հայտարարելու է, որ ժամանակավորապես «սառեցնում» է իր անդամությունը ԱԺՄ-ին` բնականաբար հրաժարվելով նաեւ կուսակցության նախագահի պաշտոնից: ԱԺՄ-ն այդ «սառեցված» ժամանակաշրջանում հավանաբար կղեկավարի կուսակցության ներկայիս փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, գրեթե վերջնականապես որոշված է, որ նա որպես անհատ ներգրավված է լինելու «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ անմիջապես Սամվել Բաբայանից հետո: