Ընդդեմ Հայաստանի Հանրապետության

17/01/2007

Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանից ներկայացված հայցով իր առաջին վճիռը, ըստ որի` Հայաստանում խախտվել է հայցվորի` Արմեն Մկրտչյանի խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը: Հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2002 թվականի մայիսին Երեւանում բողոքի ցույցից հետո վարչական տույժի ենթարկված ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք: 2002թ. մայիսի 14-ին «Հանրապետություն» կուսակցությունը եւ մի շարք այլ քաղաքական ուժեր Երեւանի Ազատության հրապարակում ցույց էին կազմակերպել: Նույն օրը երեկոյան «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի մի քանի անդամներ ձերբակալվել էին, եւ նրանց ազատ արձակելու նպատակով Արմեն Մկրտչյանը, որպես կազմակերպիչ, գնացել էր Արաբկիրի ոստիկանական բաժանմունք եւ նույնպես ձերբակալվել էր: Չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը Մկրտչյանին վարչական տույժի էր ենթարկել` տուգանելով 500 դրամի չափով: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումն անփոփոխ էր թողել, իսկ Վճռաբեկն ընդհանրապես հրաժարվել էր գործը քննել, ինչից հետո ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման ճանաչումն «իր մեջ արդեն պարունակում է բավարար արդար հատուցում դիմողին հասցված ոչ նյութական վնասի դիմաց»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցման, պնդել է, որ ցույցերի եւ փողոցային երթերի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանված է եղել օրենքով, որն ընդունվել է 1988-ին եւ իր ուժը պահպանել 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո: Այս մասով Եվրոպական դատարանը նշել է, որ չի եղել որեւէ իրավական մեխանիզմ, որը կնշեր, թե արդյոք փլուզված Խորհրդային Միության օրենքները գործո՞ւմ են ՀՀ տարածքում: Եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ Հայաստանի կառավարությունը չի կարողացել Եվրոպական դատարանին ներկայացնել դատական որեւէ որոշում, որը կհստակեցներ այդ հարցը կամ հղում կպարունակեր նախկին խորհրդային օրենսդրությանը: Ըստ Եվրադատարանի, «տեղի դատարանները չկարողացան նաեւ ներկայացնել որեւէ իրավական ակտ, որը սահմանում է այն կանոնները, որոնք հայցվորը խախտել էր»: Դատարանը նաեւ նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում չի եղել համապատասխան որեւէ օրենսդրական ակտ, որ սահմաներ ցույցերի եւ երթերի անցկացման կարգը. այդ օրենքն ընդունվել է միայն 2004թ. ապրիլին: Դատարանը ընդունում է, որ երկրին, իհարկե, որոշակի ժամանակ էր պահանջվում օրենսդրական դաշտը ձեւավորելու համար, բայց նաեւ արդարացված չի համարում ավելի քան 13 տարի օրենքի ընդունման ձգձգումը: