Կուռ համագործակցությունը բացառվում է

17/01/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀԺԿ-«Ազգային միաբանություն» հնարավոր միավորման մասին խոսակցությունները հիմնականում տարածվել են հենց այս երկու կուսակցությունների գրասենյակներից, որովհետեւ, ըստ մեր աղբյուրների, այդ միավորումից դժգոհ են հենց այդ կուսակցությունների շարքերը: Ու հենց սրանով է պայմանավորված, որ մինչ այսօր նրանցից որեւէ մեկը հստակ չի հայտարարում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մեկ թիմով:

ՀԺԿ-ում չեն ուզում հավատալ, որ իրենց առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով 2003թ. նախագահական ընտրություններում դարձել էր «ժողովրդի ազգընտիրը», կարող է հանկարծ մոռանալ այն ամենն, ինչ իր ու ժողովրդի գլխին բերեց Արտաշես Գեղամյանը՝ չհամաձայնելով 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարել ընդդիմության միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանին: ՀԺԿ-ում չեն ուզում նաեւ հավատալ, որ այդքանից հետո Ստեփան Դեմիրճյանն ինչ-ինչ հարցերի շուրջ կարող է անգամ նստել ու բանակցել Արտաշես Գեղամյանի հետ: Ու հենց այս դժգոհություններն են պատճառը, որ նույն ՀԺԿ-ում ցանկանում են հրապարակային դարձնել Արտաշես Գեղամյան-Ստեփան Դեմիրճյան գաղտնի բանակցությունները, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ խոչընդոտել դրան: Սակայն, ըստ մեր աղբյուրների, ՀԺԿ-ականներն ամենից շատ վախենում են այն բանից, որ մի օր Ա. Գեղամյանն, «իր բնավորության» համաձայն, շատ պատասխանատու պահի կարող է լքել Ս. Դեմիրճյանին: Մի խոսքով՝ նրանց բնորոշմամբ, Ա. Գեղամյանը շատ անկանխատեսելի քաղաքական գործիչ է:

Իսկ «Ազգային Միաբանությունում» էլ դեմ են, որովհետեւ նրանք ցանկանում են իրենց կուսակցությունը միավորված տեսնել ոչ թե ՀԺԿ-ի հետ, այլ «Օրինաց երկրի», քանի որ վստահ են, որ Գեղամյան-Բաղդասարյան դուետը բավական «լավ ասոցիացիաներ» կթողնի ժողովրդի մոտ: Սակայն դրան, ըստ մեր աղբյուրների, դեմ է անձամբ Ա. Գեղամյանը, որովհետեւ, եթե նա վստահ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ս. Դեմիրճյանն իր թեկնածությունը կհանի հօգուտ Ա. Գեղամյանի, ապա Արթուր Բաղդասարյանը նման քայլի երբեք չի գնա: Իսկ Ա. Գեղամյանը, բնականաբար, նման դաշնակից չի ցանկանա ունենալ:

Եվ հենց դրանով է բացատրվում նաեւ Ա. Գեղամյանի վերջերս արած հայտարարությունը, թե իր ղեկավարած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալու կապակցությամբ ակտիվ բանակցություններ է վարում հատկապես Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ: «Դուք ճիշտ գիտեք: ՀԺԿ-ի հետ որոշակի քննարկումներ այդ ուղղությամբ եղել են, բայց խոսքը գնացել է նախ եւ առաջ՝ անել ամենը, որ ապահովվեն առաջիկա ընտրությունների ժողովրդավարական ընթացքը, օրինականությունը եւ բացառվեն ընտրակեղծիքները»,- «Ազատությանն» ասել էր Արտաշես Գեղամյանը: Իսկ ՀԺԿ-ն՝ արձագանքելով Ա. Գեղամյանի հայտարարությանը, ընդամենը հայտարարեց, թե միավորման շուրջ պայմանավորվածություն կամ բանակցություններ իրենք առայժմ չեն ունեցել:

Բավական ուշագրավ էր նաեւ այս առնչությամբ նախկին ՀԺԿ-ական եւ «Ազգային Միաբանության» անդամ, ներկայումս քաղաքագետ ու պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքը: Նա վստահ է, որ եթե ՀԺԿ-ն ու «Ազգային Միաբանությունը» միավորվեն, ապա շատ արագ այդ միավորումը կամ դաշինքը կփլուզվի: Պատճառն, ըստ նրա, ամենեւին էլ այդ երկու կուսակցությունների լիդերների ամբիցիաները չեն միայն: «Ես չեմ գտնում, որ միայն ամբիցիաներն են, որ խոչընդոտելու են այդ միավորմանը: Պատճառը 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հետեւած ժողովրդական հույզերի, ցույցերի ժամանակ Արտաշես Գեղամյանի որդեգրած կեցվածքն ու գնահատականներն են: Դեռեւս ընտրությունների առաջին փուլից հետո Գեղամյանը Ստեփան Դեմիրճյանին մեղադրեց իշխանությունների հետ համատեղ իր քվեները յուրացնելու եւ իր համար՝ երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը փակելու մեջ,- ասում է Հ. Հովհաննիսյանը,- Բացի դրանից, մեծ խոչընդոտ է նաեւ Արտաշես Գեղամյանի կեցվածքը երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ. նա 1998թ. նախագահական երկրորդ փուլից առաջ բացահայտորեն հանդես էր գալիս Կ. Դեմիրճյանի դեմ: Իսկ հոկտեմբերի 27-ի դեպքերից անմիջապես հետո Ա. Գեղամյանն իրեն իրավունք վերապահեց դիմելու գեներալներին: Դա ոտնձգություն էր Վ. Սարգսյանի հիշատակին, որովհետեւ նա այդ մտերմությունը չուներ Վ. Սարգսյանի հետ, ու բոլորին է հայտնի, որ Վազգեն Սարգսյանը չէր ընդունում Ա. Գեղամյանին: Հայտնի է, որ Վ. Սարգսյանն է դեմ եղել, որ 1998թ. նախագահական ընտրություններից հետո Գեղամյանը նշանակվի Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ում ջատագովն էր Գեղամյանը 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում: Այնպես որ՝ այդ կնճիռներն այնքան խորն են, որ եթե Գեղամյանը չապաշխարի իր մեղքերը Կարեն Դեմիրճյանի հիշատակի առջեւ, ապա կարելի է այսօր արդեն հաստատապես ասել, որ նման միավորումը, եթե լինի, դատապարտված է լինելու անհաջողության»: Հ. Հովհաննիսյանը վստահ է, որ Ստեփան Դեմիրճյանը չի մոռացել այս ամենը, ինչպես նաեւ չի մոռացել Կ. Դեմիրճյանի կենդանության օրոք նրա դեմ ուղղված Ա. Գեղամյանի քայլերը: «Այն կնճիռները, որոնք եղել են իրենց միջեւ, պետք է հարթել, այլապես հասարակությունը կողմերից մեկին կհամարի խաբող կողմ, իսկ մյուսին՝ խաբված: Հեռանկարային իմաստով՝ կուռ համագործակցության հնարավորությունները, կարծում եմ, նրանց մոտ բացակայում են»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: