Էլի բարոյական հաղթանակ

17/01/2007

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը կրկին արգելափակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից 2-րդ անգամ առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Հիշեցնենք, որ սենատոր Մենենդեսն արդեն երկրորդ անգամ է արգելափակում Հոգլանդի թեկնածությունը: «Բոլոր առումներով, դեսպան Հոգլանդը դիվանագիտական ծառայության հարգված անդամ է, որը ծառայել է ԱՄՆ-ին ազնվորեն եւ նվիրումով՝ Պետդեպարտամենտում իր ծառայության ժամանակ: Սակայն, նկատի ունենալով պարոն Հոգլանդի թեկնածության շուրջ ծագած հանգամանքները եւ հակասությունները, ես գտնում եմ, որ այս հարցը լուծելու լավագույն ուղին նախագահի համար այս դեսպանի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելն է»,- հայտարարել է Ռ. Մենենդեսը: Ըստ նրա, Պետդեպը եւ Բուշի վարչակազմը շատ սխալվում են, երբ հրաժարվում են ճանաչել ցեղասպանությունը: Այժմ Բուշը կարող է կամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կրկին առաջադրել Հոգլանդի թեկնածությունը, կամ առաջադրել այլ թեկնածություն, կամ էլ ընդհանրապես որեւէ կերպ չանդրադառնալ այդ հարցին, եւ այդ դեպքում դեսպանի պաշտոնը կշարունակի մնալ թափուր: Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է` ԱՄՆ-ը ՀՀ-ում դեսպան չունի, եւ չի էլ երեւում, թե երբ կունենա: Իսկ առաջիկայում մեր երկրում ԱԺ-ի, ապա` նախագահի ընտրություններ են, եւ ՀՀ-ի իշխանությունները հազիվ թե դեմ լինեն այդ ընտրություններն անցկացնել ԱՄՆ-ի աչքից հեռու: Ակնհայտ է, որ ով էլ լինի ՀՀ-ում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը, դրանից ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ էապես չի փոխվելու: Ռ. Հոգլանդի թեկնածության շուրջ ծագած այս ամբողջ աղմուկը հաստատ հայ-ամերիկյան հարաբերությունների լավացման մասին չի խոսում ու ոչ էլ նման հեռանկար է խոստանում: Փաստն այն է, որ այս օրերին ոմանք հերթական բարոյական հաղթանակն են տոնում: Ի՞նչ փույթ, թե դրանից մեր երկիրը տուժում է: Բայց տեսեք ինչ զիլ է հնչում՝ հաղթանակ: Հետո՞ ինչ, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում: Բայց հաղթանակ է, չէ՞: