Անտառը հավաքում է փեշերը

17/01/2007 Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձորը շրջապատող անտառային գոտում անհետացման եզրին են որոշ արժեքավոր բուսատեսակներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լիլիա Բայրամյանը դրանցից առանձնացնում է այնպիսի դեղաբույսեր ու վայրի ուտելի բույսեր, որոնցից են մարիամախոտը, արեւքուրիկը, ուրցը, դաղձը, եղինջը, ղանձիլը:

Վանաձորի կենտրոնական շուկայի շրջակայքում գարնանը նրա կատարած դիտարկումները թույլ են տվել փաստել, որ օրական անտառային գոտուց այդ ընթացքում հավաքվել եւ վաճառվել է 4 տոննա ուտելի բույս: «Եթե այսպես շարունակվի, ապա երկու տարի անց արժեքավոր բույսերի պաշարները կոչնչանան»,- եզրակացնում է Լ. Բայրամյանը:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն իր հերթին նկատում է, որ առաջիկայում Կարմիր գրքում կհայտնվեն արեւքուրիկի եւ ուրցի մեկական տեսակ:

Լ. Բայրամյանը մարդու «ավերիչ» գործողությունները բուսատեսակներն անխնա հավաքելով չի սահմանափակում: Նա իր ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ արժեքավոր բուսատեսակները ոչնչացման վտանգի տակ են հայտնվել առաջին հերթին անտառահատումների արդյունքում. «Անտառը որ կտրեցին, հողի ջերմաստիճանը բարձրացավ: Անտառային արժեքավոր բույսերն արեւի ճառագայթներից սկսեցին չորանալ: Այդ բույսերի աճման մակարդակը տեղափոխվեց վերին՝ մերձալպյան գոտի: Բայց մարդն էլ իր հերթին է այն շարունակում պոկել»:

Մարդու անմիջական ազդեցությամբ, փաստորեն, արժեքավոր բուսատեսակներին Վանաձորի ու Լոռու մարզի նախկին անտառային տարածքներում փոխարինելու են եկել խոտաբույսերը: Լիլիա Բայրամյանը պարզել է նաեւ, որ Վանաձորի նախկին անտառային տարածքներում անտառների ոչնչացման հետեւանքով նվազել են հողը հարստացնող ու արժեքավոր բուսատեսակները սնող հանքային նյութերը: «Ֆոսֆորի, ազոտի, կալիումի քանակը պակասել է հողի լվացման արդյունքում»,- ասում է Լ. Բայրամյանը: Փոխարենը նպաստավոր պայմաններ են ստեղծվել խոտաբույսերի համար: Վայրի բողկուկը, երեքնուկն ու տատրակը գրավել են անտառային բուսատեսակների տարածքները ու, արագորեն աճելով, իրենց հերթին թույլ չեն տալիս ծլելու թեկուզ պատահաբար այդ տարածքում հայտնված ծառի ու բույսի սերմին: Եթե նույնիսկ այդ հատվածում ծառի սերմ ընկնի, միեւնույն է, այն երկար կյանք չի ունենա. խոտաբույսերը կճնշեն եւ կխոչընդոտեն ծառի սերմի ծլմանն ու աճին:

«Փաստորեն, անտառը կամաց-կամաց հավաքում է փեշերը»,- եզրակացնում է գեոբուսաբան Կարեն Աֆրիկյանը: Դա նշանակում է, որ ծառի սերմը, ընկնելով գետնին, կհանդիպի խոտաբույսերից ու անտառային մնացորդներից գոյացած, այսպես կոչված, մեռյալ շերտին: Այն, ինչպես նկարագրում է գեոբուսաբանը, թույլ չի տալիս բույսի արմատներին հասնել հողի հիմնական՝ հանքային շերտին, հետեւաբար` սնուցվել:

«Շատ տեղերում, որտեղ նոսր է այդ շերտը, սերմը կծլի, բայց մոլախոտերը ստվեր են անում, ու լույսի բացակայությունից այն չորանում է»,- ասում է Կարեն Աֆրիկյանը:

Խոտաբույսերն արագ բազմանալով ու աճելով՝ անտառային նախկին տարածքները վերածում են տափաստանային բուսականության գոտու: Լիլիա Բայրամյանի հավաստմամբ` տեղի է ունենում գոտիականության փոփոխություն: Այս երեւույթն ուղեկցվում է կլիմայի փոփոխմամբ: Այսինքն՝ նախկին անտառածածկ տարածքը գրաված խոտաբույսերն աստիճանաբար անտառին մղում են մերձալպյան գոտի, որտեղ ջերմաստիճանի անընդհատ բարձրացման արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում անտառի աճման համար:

«Այս դեպքում կտուժի մերձալպյան բուսականությունը, որը հարմարված է ցածր ջերմաստիճանին: Հողը տաք է լինելու, օդը` նույնպես, եւ սերմը չի կարող աճել: Եվ անտառն է դուրս մղվելու արդեն: Խոտերը կգան, կլրացնեն, տափաստանային խոտերը կվերածվեն անապատային բուսականության: Առավել շոգ տեղերից միջատներ կգան: Վնասատու տերեւակեր միջատներ, որոնք կվնասեն եղած անտառային տարածքներն ու նաեւ խոտերը»,- զգուշացնում է Լիլիա Բայրամյանը:

«Կլինի անապատային բուսականություն, կաճեն օշինդր, ուղտափուշ, չորասեր բույսեր, անտառ վերականգնելն արդեն կդառնա անհնար, կվերածվի լերկ, մեռյալ տարածքի: Կփոխվի ոչ միայն բուսական, այլեւ կենդանական աշխարհը»,- ասում է Կ. Աֆրիկյանը: Ջերմաստիճանի անընդհատ բարձրացման արդյունքում կոչնչանա անտառը: Դրա նախադրյալները, գեոբուսաբան Կարեն Աֆրիկյանի կարծիքով, առկա են Լոռու մարզում: Մասնագետներն այս գործոններին հավելում են Լոռու մարզի տարածքում 500 աղբյուրների ցամաքումը, սեւահողի կորուստն ու նախանշում անապատացման երեւույթները: Երկրաբան, Լոռու մարզպետարանի Բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության մասնագետ Արտակ Դեմիրճյանի տվյալներով` վեց տարի առաջ ցամաքած աղբյուրների 20 տոկոսն ընդգրկում է Վանաձորը: ժամանակին անտառը պահում էր տեղումներից գոյացած խոնավությունը, ինչն էլ սնում էր աղբյուրները: Չկա անտառ, չկա խոնավություն, չկա սեւահող: Անտառի հատման հետեւանքով հաճախակիացած սողանքները նպաստում են հողի, այսպես կոչված, էռոզիային, որի արդյունքում հողը լվացվում է: Տեղի է ունենում սեւահողի կորուստ:

ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդեւանյանի գնահատմամբ` Լոռու մարզն անապատացման տեսակետից Հայաստանի հարավային ու կենտրոնական հատվածների համեմատությամբ բարվոք վիճակում է: Միեւնույն ժամանակ, նա խորհուրդ է տալիս չմոռանալ, որ այդ գնահատումը եւս մոտավոր է: «Որովհետեւ կա մոնիտորինգի խնդիր»,- ասում է նա ու անհրաժեշտ համարում ուսումնասիրել Լոռու մարզի հողերի հումուսի, ծանր մետաղների պարունակությունը, ինչպես նաեւ` անտառների տեսակային կազմը՝ ինչ էին, ինչ են եւ ինչ կլինի:

Լոռու մարզը անապատացման տեսակետից միջին աստիճանի է որակել աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը: Ուսումնասիրելով Հայաստանում տեղի ունեցող կլիմայական փոփոխություններն ու անապատացման վիճակը՝ մարզը անապատացման տանող գործոններից նա առանձնացրել է անտառահատումները: «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրում», որը ղեկավարել է Աշոտ Վարդեւանյանը, Լոռու մարզում անտառահատման հետեւանքների վերացման որեւէ գործողություն նշված չէ: Մարզում նախատեսված է իրականացնել միայն մեկ գործողություն` Շամլուղի պոչամբարի վնասակար ազդեցության մեղմացում եւ չեզոքացում՝ «այն ինչ-որ ձեւով ծածկելով»:

Ծրագրի մշակումից անցել է 4 տարի, սակայն որեւէ աշխատանք չի կատարվել ֆինանսավորում չլինելու պատճառով: Փոխարենը տարբեր ծրագրերով կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ, որոնք մինչեւ 2001-ը հեռու են եղել մասնագիտական որեւէ մոտեցումից, ինչպես նաեւ` հետագա հետեւողական պահպանումից: Լոռու մարզպետարանի Բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանի տվյալներով` մարզում 1300-1500 հա տարածքում տնկված ծառերից միայն 300 հա-ում է ծառը կպչել ու պահպանվել: Նա մասնագիտական է որակում վերջին երեք տարվա անտառտնկումը: Այդուհանդերձ, 2003-2005թթ. Ստեփանավանի, Լալվարի եւ Ջիլիզայի անտառներում տնկված ծառերի կպչողականությունը Վոլոդյա Բունիաթյանը գնահատում է 40 տոկոս: Գեոբուսաբան Կարեն Աֆրիկյանը Լոռու մարզում նշում է վայրեր, որոնք անվերադարձ կորել են որպես անտառային գոտի ու նույնիսկ հարյուրամյակներ անց չեն վերականգնվի: Տուժած անտառների շարքում նա առանձնացնում է Գուգարքի, մասնավորապես` Վանաձորի անտառները: Մյուս կողմից, բնական աճի արդյունքում տեղի է ունեցել անտառների կազմի որակական փոփոխություն: Եթե մինչեւ հատումները Վանաձորի անտառների 90 տոկոսը կազմում էին կաղնին եւ հաճարենին, ապա անտառահատումներից հետո գերակշռում է բոխին:

«Այսօրվա անտառը որակազրկվել է: Տեղի է ունեցել անտառի տեսակային կազմի փոփոխություն: Արդյունքում իսկական, բնական անտառը փոխակերպվել է երկրորդայինի»,- ասում է Լիլիա Բայրամյանը: Նրա կարծիքով` հազար տարի էլ կարող է պահանջվել, որ բնական անտառը վերականգնվի, եթե մինչ այդ անապատացումն իր սեւ գործը չանի: Իսկ անապատացման վտանգի մասին արդեն վկայում են Վանաձորի նախկին անտառային բուսականությունը տափաստանայինի վերածած երեւույթները:

www.hetq.am