Այս տարվա դեկտեմբերին մեկնարկած եւ շարունակվող ցրտաշունչ եղանակը ներկայումս ազգաբնակչությանն ամենաշատ հուզող ոչ քաղաքական հարցերից է:
Հայաստանում սառնամանիքից են զարմացած, իսկ ՌԴ-ում եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում` աննախադեպ տաք ջերմաստիճանից: Միջազգային օդերեւութաբանները հաղորդում են, որ այս տարի ՌԴ-ում արջերն այդպես էլ քուն չեն մտել, 50 տարվա մեջ առաջին անգամ Մոսկվայում ջերմաստիճանը ցերեկային ժամերին դիտվել է +5,5 աստիճան, ինչը հազվադեպ երեւույթ է: Իսկ Եվրոպայի առանձին շրջաններում ծաղկել են ծառերը, բացվել են վարդերը, նույնիսկ ելակն է աճել: Եվրոպայում ձյան բացակայությունը բացասաբար է անդրադարձել նաեւ տեղի տնտեսության, մասնավորապես տուրիզմի վրա: Տուժել է նաեւ դահուկասպորտը: Եղանակային այս անոմալիաները գիտնականները կապում են երկրագնդում տեղի ունեցող կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ: Մասնագետների գնահատականներով, վերջին հարյուրամյակում երկրագնդի ջերմաստիճանը բարձրացել է 0,6 տոկոսով: Գիտնականներն անհանգստացած են նաեւ, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կարող է հալչել: Թե ինչո՞ւ է ջերմաստիճանը սկսել բարձրանալ՝ հարցի վերաբերյալ դեռեւս չկա միանշանակ կարծիք: Գիտնականների մի մասը կարծում է, որ դա մարդու անտրոպոգեն գործունեության արդյունք է, իսկ մի մասը հակված է պնդել, որ դա հետեւանք է այլ գործոնների: Օրինակ, որ արեւային համակարգը ներկայումս անցնում է գալակտիկայի համեմատաբար տաք մասով, եւ դրանով պայմանավորված` ջերմաստիճանը բարձրանում է: Հայհիդրոմետ ծառայության պետի տեղակալ Ալբերտ Թորոսյանն ասում է, որ 0,6-ը այն թիվը չէ, որի դեպքում այսպիսի անոմալիաներ նկատվեին: Եվ հավելում է, որ դեռ 100 տարի առաջ այսքան մեծ հաճախականությամբ օդերեւութաբանական դիտարկումներ չեն կատարվել. օրինակ, ներկայումս օվկիանոսների վրա 2-3 հազար հատ ավտոմատ կայաններ կան տեղակայված: Ա. Թորոսյանի հավաստմամբ, մինչեւ 80-ական թթ. ջերմաստիճանի բարձրացում չի նկատվել, այն հիմնականում նկատվել է 1990-ականներից սկսած: Այսինքն, ջերմաստիճանի բարձրացումները հիմնականում արձանագրվել են վերջին 10-15 տարվա մեջ: Իսկ ՀՀ-ում առկա ցածր ջերմաստիճանի առնչությամբ Ա. Թորոսյանն ասում է. «Հիմնականում ցուրտ է Արարատյան դաշտավայրում, հանրապետության մյուս շրջաններում ջերմաստիճանը բավականին բարձր է: Արարատյան դաշտավայրում պահպանվող ցուրտ եղանակը պայմանավորված է տեղանքի գոգավորությամբ. ցուրտն այստեղից դժվար է դուրս մղվում: Հունվարի 12-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտավայրում եւ Շիրակում կդիտվի մառախուղ»: Ըստ նրա, Երեւանի եւ մարզերի տարբերությունը 16 աստիճան է: «Իրադրությունը Արարատյան դաշտավայրում վատ է նաեւ այն տեսակետից, որ ցրտերին գումարվում է մառախուղը, որը բացարձակապես թույլ չի տալիս, որ արեւի ճառագայթներն ընկնեն երկրի մակերեւույթ: Այսինքն, տաք օդը մնում է վերեւում: Այսպիսի ցրտեր ամեն տարի չեն դիտվում, բայց ասել, որ նման ուժգնությամբ ցրտեր չեն եղել, չի համապատասխանում իրականությանը: Հանրապետության տարածքում ամենաուժեղ ցուրտը, այսինքն՝ բացարձակ նվազագույն ցածր ջերմաստիճանը դիտվել է մոտ 40 տարի առաջ, հյուսիս-արեւմուտքում` Աշոցքի շրջանի Պաղակն գյուղում` – 42 աստիճան, իսկ այս տարի այդ տարածքում ջերմաստիճանը չի նվազել -25, – 27-ից: ՀՀ-ում բավականին ցուրտ շրջաններ են համարվում նաեւ Տաշիրը, Ապարանը, Գավառը, Մասրիկը: Ընդ որում, այս վերջին 3-4 օրերի ընթացքում ամեն օր ջերմաստիճանը 1 աստիճանով իջնում է»,- տեղեկացնում է նա: Ինչ վերաբերում է ցրտերի նահանջելուն, Ա. Թորոսյանը նշում է, որ, Արարատյան դաշտավայրում ոչ մի երաշխիք տալ հնարավոր չէ, որովհետեւ եթե ցուրտը մտել է, ու առկա է ձյուն, ապա բավական դժվար է ասել, թե Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը երբ կբարձրանա: «Մինչեւ ձյունը չհալվի, պետք է, որ ցրտերը շարունակվեն»,- ընդգծում է Ա. Թորոսյանը: Օրերս նաեւ լուրեր էին շրջանառվում, թե Արարատյան դաշտավայրի ծիրանենիներն ու դեղձենիները ցրտահարվել են: ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հ. Բերբերյանի կողմից արված այս հայտարարությունը 2 օր առաջ հերքեց Գյուղնախարարության Մշակաբույսերի վարչության պետը: Ա. Թորոսյանն ասում է, որ Արարատյան դաշտավայրում դիտված -24, -25 ցրտի պայմաններում չի բացառվում, որ առանձին տեղերում ծառերը վնասված լինեն, բայց քիչ հավանական է, որ ծառերը լիովին սառչեն: «Եթե նույնիսկ -25, -26 է եղել, դա շատ կարճատեւ ընթացք է ունեցել, ինչը նշանակում է, որ հնարավոր չէր ամբողջովին վնաս հասցվեր գյուղատնտեսությանը»,- վստահեցնում է Ա. Թորոսյանը: Իսկ մեր այն հարցին, թե մինչեւ ի՞նչ ջերմաստիճանի պայմաններում է թույլատրվում աշխատել, Ա. Թորոսյանը պատասխանեց, թե կոմֆորտ եղանակ հասկացություն գոյություն ունի, որը համարվում է +25-34 աստիճանը: Իսկ կոմֆորտային զգացողություն ունենալու համար սենյակային ջերմաստիճանը պետք է լինի +16 աստիճանից բարձր: «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի» 153 հոդվածում ամրագրված է նաեւ, որ ջերմաստիճանի +40 աստիճանից բարձր եւ -10 աստիճանից ցածր ցրտի պայմաններում տրամադրվում է լրացուցիչ եւ հատուկ ընդմիջում: Աշխատանքի պետական տեսչությունից տեղեկացանք, որ գործատուների նկատմամբ իրենք բողոք-դիմումներ չեն ստացել, քանի որ տեղային տաքացուցիչների հետեւանքով կան բավարար աշխատանքային պայմաններ: