Մեղքը գցեցին «անտերի» վրա

17/01/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2006թ. նոյեմբերին «168 Ժամն» ապօրինի ծառահատումների մասին մի նամակ էր ստացել Տավուշի մարզի 160 բնակիչներից: Նամակագիրներն ահազանգում էին, որ իրենց մարզում անտառը հոշոտվում է ու հենց բնապահպանների ձեռքով: Նրանք տեղեկացնում էին, որ Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցների թողտվությամբ եւ անմիջական մասնակցությամբ, 6 տարի է, ինչ ամայացրել են 15-20 հա անտառային տարածք եւ ոչ մի կոպեկ չեն մուծել պետբյուջե: Սակայն վճարել են մարզի տեսչության տարածքային կառույցի ղեկավար Վասիլի Աբրահամյանին: Նրանք նաեւ տեղեկացնում էին, որ Վ. Աբրահամյանը, համագործակցելով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ, «բնաջնջման է ենթարկել 500-600 հատ 70-ական թվականների հաստաբուն սոճիներ»: Դրա դիմաց նա քաղաքապետից կեղծ աճուրդի պայմաններով նվեր է ստացել տնամերձ հողամաս: Բացի այդ, նամակագիրները գրել էին, որ Վ. Աբրահամյանն իր ղեկավարած կառույցն օգտագործում է սեփական գրպանը լցնելու համար: Եվ ոչ միայն: Ըստ նամակագիրների՝ Վ. Աբրահամյանը հայտարարել է, թե իրեն նման քայլի մղում են Երեւանում նստած ղեկավարները, որոնք յուրաքանչյուր ամիս պահանջում են իրենց ուղարկել 20-25 խմ տախտակ, 400-500 խմ մանրատախտակ: Բացի այդ, նա յուրաքանչյուր ամիս 1000 դոլար էլ հանձնում է ԲՊՏ պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանին: Նամակում գրված էր նաեւ այն մասին, թե ԲՊՏ Տավուշի կառույցը պարբերաբար ստուգումներ է անցկացնում տարբեր ձեռնարկություններում եւ նրանցից 100.000-200.000 դրամ շորթում, սակայն փաստաթղթերում ձեւակերպում ընդամենը 1000-2000 դրամ: Մոտ 10 էջանոց այդ նամակը տեղեկացնում է նաեւ կատարված եւ կատարվող բազմաթիվ այլ իրավախախտումների մասին, որոնց արդյունքում պետությունն ամսական մոտ 14,5 մլն դրամի վնաս է կրում: Տավուշցիներն ապօրինի անտառահատումների ու ԲՊՏ-ում տեղի ունեցող չարաշահումների մասին իրենց նամակն ուղարկել էին նաեւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին, ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Տավուշի մարզի պատգամավորներ Արծրուն Ղալումյանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին: Գլխավոր դատախազությունը գնալով այս նամակի հետքերով՝ քրեական գործ է հարուցել եւ պարզել է, որ այդ ամբողջ չարաշահումների միակ մեղավորը ԲՊՏ Տավուշի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Ս. Եղիկյանն է, հավանաբար՝ Սամվել Եղիկյանը, որի մասին նույնպես հիշատակում կար տավուշցիների նամակում. «Ավագ պետական տեսուչ Սամվել Եղիկյանը ստալինյան հարկահավաքի նման շրջագայում է բոլոր տեսակի արտադրությամբ զբաղվող արտադրամասերում եւ անօրինական ձեւով, նույնպես պետի հանձնարարությամբ նրանցից ապրանք վերցնում: Իբր թե վերեւները պահանջում են պարկեր, տախտակ, քար կամ քարե սալիկներ: Հավաքելով այն՝ իրացնում է ինչ-որ մարդկանց միջոցով»:

Բացի Ս. Եղիկյանից, նամակում նշված էին նաեւ այլ տեսուչների, ԲՊՏ ղեկավարների, ինչպես նաեւ՝ Իջեւանի պաշտոնյաների անուններ, որոնք մասնակից են եղել ապօրինի ծառահատումներին ու չարաշահումներին: Սակայն, չգիտես ինչու, ՀՀ Գլխավոր դատախազությունն այս ամբողջ պատմության ու հիշատակված մարդկանց մեջ միայն մի մեղավոր է գտել եւ ամբողջ հանցագործությունները բարդել է միայն մեկ տեսուչի վրա: Այն էլ բավականին մեղմացրած տարբերակով: «168 Ժամն» իր նախկին հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էր տավուշցիների ներկայացրած չարաշահումներին, սակայն Գլխավոր դատախազությունը բացահայտել եւ հիմնավորել է միայն Ս. Եղիկյանի մեղավորությունը: Մեծ շնաձկներն այս անգամ էլ մնացին ստվերում:

«Ս. Եղիկյանը 2005թ. դեկտեմբերից սկսած ստուգայցեր է կատարել Իջեւանի տարածաշրջանում եւ հայտնաբերել, որ Այգեհովիտ գյուղի, Ճալե կոչվող տարածքում՝ Աղստեւ գետի ափի երկայնքով, Ազատամուտ գյուղի Բարխուդաղլիե հանդամասում եւ Սեւքար գյուղի տարածքում գյուղացիները տեղադրել են մետաղական տարողություններ, որոնց մեջ ապօրինի ձեռք բերված փայտանյութով փայտածուխ են պատրաստում: …իրավախախտման փաստեր չարձանագրելու, ապօրինի փայտանյութ ձեռք բերած անձանց վերաբերյալ ակտեր չկազմելու եւ փայտածուխի արտադրությունը չարգելելու համար Ս. Եղիկյանը փայտածուխ արտադրողներից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ 5000-10.000 դրամ եւ ընդհանուր առմամբ ստացել է 308.000 դրամ կաշառք»:

Այս ձեռք բերված «ապացույցների» հիման վրա մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Այն հոդվածը, որով մեղադրվում է ԲՊՏ Տավուշի տարածքային բաժնի ավագ տեսուչ Սամվել Եղիկյանը, նախատեսում է 4-10 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Փաստորեն, Վ. Աբրահամյանի, Մարզպետունի Քամալյանի, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ԲՊՏ բազմաթիվ մեծ ու փոքր պաշտոնյաների փոխարեն քավության նոխազ դարձավ միայն մեկ տեսուչ: Եվ այդ հեկտարներով ապօրինի անտառահատումները, ձեռնարկություններից հարյուր-հազարավոր դրամների շորթումները, ծառահատողներից վերցրած կաշառքներն ու այդ ամենի նկատմամբ աչք փակելը դարձավ ընդամենը «պաշտոնատար անձի կողմից կաշառք վերցնել, որը կատարվել է կրկին անգամ»: Այստեղից կարելի է նաեւ ենթադրել, որ Գլխավոր դատախազությունը եթե կաշառք վերցնելուց բացի մյուս չարաշահումները չի հաստատել, ուրեմն դրանք այնքան էլ հանցագործություն չեն, եւ կատարողները կարող են իրենց գործունեությունը նույնությամբ շարունակել: Պարզ է, որ նման եզրակացության դեպքում Սամվել Եղիկյանից բացի, ԲՊՏ կենտրոնական ու տարածքային ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու: Սա գործը ծածկադմբոց անելու հայկական դասական օրինակ է: Ամբողջ հանցագործությունը կամ հանցագործության միայն մի փոքր մաս բարդում են մեկի՝ հնարավորինս անտերի, անպաշտպանի վրա, իսկ հիմնական դերակատարները ոչ միայն մնում են ստվերում եւ պատասխանատվություն չեն կրում, այլեւ նույն հաջողությամբ կատարում են իրենց անօրինականությունները: Իսկ տավուշցիները հույս ունեին, թե մեր հանրապետության իրավապահ համակարգը եւ մյուս պաշտոնյաները, որոնց նամակով դիմել էին, վերջ կդնեն իրենց մարզի ապօրինի անտառահատումներին: