Առաջ՝ դեպի միջնադար

17/01/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հիսուս Քրիստոսի ծննդյան 2006-րդ տարվա վարագույրից առաջ կյանքից հեռացան միանգամից երեք բռնակալներ՝ Պինոչետը, Թուրքմենբաշին ու Սադամ Հուսեյնը: Աշխարհի ուշադրությունը, սակայն, առավել կենտրոնացած էր Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնի վրա, որը կախաղան հանվեց Բաղդադում: Ինչ խոսք, նրան կարելի էր այն աշխարհ ուղարկել միջնադարում առավել ընդունված եւ հարգի միջոցով, ասենք, կապելով ձիու պոչից ու բաց թողնելով Իրաքի տափաստաններում: Այդպես թեեւ կբարդանար օպերատորի գործը, սակայն կադրերն առավել տպավորիչ կլինեին: Ժամանակակից արդարադատությունը կարող էր օգտվել նաեւ համեմատաբար թարմ մեթոդից եւ Սադամին նետել, ասենք, ծծմբական թթվով լցված ակվարիումի մեջ, ուր նա աստիճանաբար կանհետանար՝ դատավճռի իրականացմանը հետեւող հեռուստադիտողների միլիարդանոց բանակի աչքի առջեւ: Սակայն, ինչպես պաշտոնական Վաշինգտոնն է արդարանում, այդպիսին էր իրաքյան ազատ ժողովրդի կամքը, այդպիսին է մահապատժի իրականացման իրաքյան մշակույթը, որն էլ Սադամի դեպքում մահվան գործիքներից նախընտրեց կախաղանը: Ժողովրդավարության, մարդկային իրավունքների ու արժանապատվության պաշտպան արեւմտյան արդարադատության վճիռը, ապա եւ դրա իրականացումը գուցե թե այնքան անսպասելի չէին, որքան անսպասելի էր 21-րդ դարում կախաղանի ինստիտուտի ռեստավրացիան: Այն էլ՝ համարյա ուղիղ եթերում. դահիճը բարեկրթորեն Սադամ Հուսեյնին բացատրում է, որ պարանը վիզն անցկացնելուց առաջ անհրաժեշտ է ահա այս սեւ կապը փաթաթել պարանոցին. այդպես խեղդամահ լինելը պակաս ցավոտ է, իսկ պարանի թողած հետքն էլ շատ ցայտուն չէ: Դահճի ասիստենտները հոգատար շարժումներով մահապարտի պարանոցին են հագցնում պարանն ու զգո՜ւյշ ձգում, որ հանկարծ շատ չսեղմի: Նրանց հիշեցումը, թե մահապարտի իրավունքն է պատժից առաջ գլխին սեւ պարկ հագնել՝ մահապատժի ընթացքը չտեսնելու համար, Սադամը մերժեց: Մի քանի րոպեում մարդասպան բռնակալից նահատակի վերաճած Սադամը վերջին անգամ հպարտորեն գոչեց. «Կեցցե Պաղեստինը, կեցցե Իրաքը»: Եվ նրբանկատ օպերատորն անջատեց տեսախցիկը: Մահապատժի տեխնոլոգիայի շարունակությունը պարզ է բոլոր նրանց, ովքեր դիտել են «Խավարում պարողը» ֆիլմը. պարանը պարանոցին անցկացնելուց հետո բացվում է մահապարտի ոտքերի տակի հատակն, ու նրա՝ արդեն անկենդան մարմինը հայտնվում է մի հարկ ներքեւ գտնվող խցում: Այն, որ ծննդյան տոնակատարությունների մասին պատմող ռեպորտաժներին հաջորդող մահապատժի կադրերը ցնցեցին արյունոտ տեսարանների սովոր մարդկությանն, անկասկած է: Եվ խնդիրն այն չէ՝ որքանո՞վ էին արդար դատավորները, կամ որքանո՞վ էր մեղավոր բռնակալը: Այլ այն, որ, կրկնենք, պատիժն իրագործվեց միջնադարյան գործիքով եւ մարդկության ամենախորհրդավոր ու ամենակարեւոր տոներից առաջ: Եվ Պենտագոնի հայտարարությունները, թե Սադամի մահապատիժը մեկ քայլ էր դեպի ժողովրդավարություն, այնքան էլ համոզիչ ու անկեղծ չէին, քանի որ ֆեոդալական Իրաքը ժողովրդավարության կղզյակ դարձնելու ճանապարհին եվրոպական ու արեւմտյան արժեքները տանուլ տվեցին՝ տեղը զիջելով փոքրոգությանն ու վրեժին: Սադամի մահապատժին հաջորդեցին Իրաքի ողջ տարածքում հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանք խլած ահաբեկչական նոր գործողությունները: Սակայն ԱՄՆ-ը անդրդվելի է. Սպիտակ տան խոսնակ Թոնի Սնոուն համարյա նեղացած էր, թե այդ ինչու է մարդկությունն իր ուշադրությունը սեւեռել Սադամ Հուսեյնի կյանքի վերջին երկու րոպեների վրա՝ մոռանալով նրա կյանքի նախորդ 69 տարիները: Սադամին կախաղան հանելն արդարադատության (ավելի ստույգ՝ վրեժի) այն ձեւն էր, որով բռնակալը ներկայացավ որպես նահատակ, իսկ արդարադատություն իրականացնողը՝ բռնակալ: Եվ դրա սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ թաքստոցից հանեցին կեղտոտ ու գզգզված մորուքով ծերուկ Սադամին, եւ դարձյալ տեսախցիկի առաջ զինվորական բժիշկն իր գործիքով զննում էր նրա արյունոտ բերանը՝ ստորացնելով ու նսեմացնելով նրան ողջ մարդկության առաջ:

Ամերիկյան արդարադատությունը որոշեց, որ ցմահ ազատազրկված, բայց ողջ Սադամն ավելի վտանգավոր է, քան մեռածը, եւ նրան կախաղան բարձրացրեց: Բոդլերի հայտնի ստեղծագործություններից մեկում մի երիտասարդ ինքնասպան է լինում՝ կախվելու միջոցով: Որդու կորստից հուսահատված ու վհատված՝ նստած է հայրը սենյակի մեջտեղում եւ փորձում է հասկանալ՝ ինչպես է շարունակելու ապրել՝ առանց իր սիրելի որդու, երբ տան դուռը մեկը կամացուկ թակում է: Հարեւանն էր, որը լսել էր, թե կախաղան հանվածի պարանի անգամ մի փոքրիկ կտորը երջանկություն ու հաջողություն է բերում, եւ եկել էր հորից խնդրելու՝ իրեն տալ որդու պարանից գոնե մի փոքրիկ կտոր: Վստահելով հմուտ օպերատորի տեսախցիկին, կարող ենք պնդել, որ Սադամին այն աշխարհ ճանապարհած պարանը բավականաչափ երկար էր եւ կարող էր հաջողություն բերել Ջորջ Բուշի ողջ վարչակազմին՝ առանձին-առանձին եւ միասին վերցրած: Սակայն, եթե չենք սխալվում, այդ ավանդույթն իր վաղեմության ժամկետն արդեն կորցրել է: