Աստղաթա՞փ, թե՞ աստղային կրքերի սկիզբ

07/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երկու տարի առաջ օրենսդիրներն ուշադրության արժանացրին նաեւ զբոսաշրջության ոլորտը: Օրենսդրական դաշտը նախատեսում էր զբոսաշրջության ոլորտին առնչվող համակարգերի նորացում եւ նոր մոտեցումների ձեւավորում: Այս տարվա հունվարի մեկից գործողության մեջ դրվեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը եւ որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» կառավարության նոր որոշումը, որով այս տարվա առաջին իսկ օրվանից սկսած` անվավեր են համարվում «աստղակիր» հյուրանոցների բոլոր «աստղերը», քանի դեռ այդ հյուրանոցները ցանկություն չեն հայտնել «աստղավորվելու» եւ չեն «աստղավորվել»: Աստղաբաշխումը տեղի է ունենալու կամավորության սկզբունքով: «Աստղաբաշխության» համար Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը ստեղծել է համապատասխան որակավորող հանձնաժողով, որի կազմում են աշխատակիցներ տուրիզմի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների պետական մարմիններից, այն հասարակական կազմակերպություններից, որոնք անմիջական առնչություն ունեն զբոսաշրջության եւ սպառողների շահերի պաշտպանության հետ, ինչպես նաեւ` ստեղծագործական երեք՝ Ճարտարապետների, Նկարիչների եւ Դիզայներների միություններից:

Աստղային որակավորումն ընդունված է համաշխարհային տուրիստական եւ սպառողական շուկայում: Մեր հյուրանոցային տնտեսությունը բավականին ճանապարհ ունի անցնելու համաշխարհային տուրիստական ինդուստրիայում ներկայանալու համար: «Աստղաբաշխումն» այդ գործընթացի առաջին քայլերից է, որ նախ միտված է հանրապետությունում ձեւավորվող հյուրանոցային տնտեսության ենթակառուցվածքների որակի ապահովմանը, մրցունակությանը հյուրանոցային օբյեկտների միջեւ եւ սպառողների ընտրության աջակցմանը:

Հյուրանոցների որակավորման գործընթացը սկսվել է տարվա սկզբից, սակայն որակավորման ոչ մի հայտ դեռեւս չի ներկայացվել: Թեեւ «արդեն առաջին բանավոր արձագանքները կան», ինչպես հավաստիացնում է Զբոսաշրջության զարգացման գործակալության պետ Արթուր Զաքարյանը:

Մոտ մեկ տասնյակ հյուրանոցային համալիրներից արված մեր հարցումներն առայժմ թույլ են տալիս ենթադրել, որ վերջիններս որակավորման այդ գործընթացից բավարար տեղեկատվություն չունեն: Մինչդեռ, որակավորման այս գործընթացում, Ա. Զաքարյանի խոսքերով՝ «գործելու է պետության անտեսանելի ձեռքի սկզբունքը՝ այսինքն, որակավորման գործընթացն անուղղակի ազդեցություն կունենա գնողունակության վրա», այն է՝ առաջարկվող գները կտեղավորվեն «10-350 դոլարի սահմաններում, միեւնույն կարգն ունեցող հյուրանոցներն իրավունք չեն ունենա կամայական գներ առաջարկել»: Բացի այդ` «հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք չեն որակավորվի կամ պարզապես ցանկություն չեն ունենա որակավորվելու, համաձայն օրենքի, նույնպես կունենան որոշակի պարտավորություններ»: Զբոսաշրջության զարգացման գործակալության պետի կարծիքով` «օրենքով սահմանված պարտավորությունները հիմնականում ուղղված են սպառողների շահերին, այն է՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առավելագույն տեղեկատվության ապահովում՝ տվյալ օբյեկտի տրամադրելիք ծառայությունների ողջ փաթեթի եւ սպասարկման գնացուցակի հետ կապված: Իսկ «ավելի կոպիտ»՝ հյուրանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ծառայություն, անկախ որակավորում ստանալու իր ցանկությունից, պարտավոր է գոնե «ամեն օր հավաքել եւ հարդարել կենվորի սենյակն ու անկողինը»: Որակավորման գործընթացում հաշվի կառնվեն անգամ «կեղտոտ վարագույրը» կամ «սպառողների մոտ արդեն ձեւավորված սանհանգույցի չափանիշները»: Եթե հաշվի առնենք, որ տեղական սպառողի պատկերացումները սանհանգույցի մասին բավականին համեստ են (հաստատ մեր սպառողների շատ քիչ տոկոսը կանանց եւ տղամարդկանց համար հատուկ նախատեսված զուգարանների պահանջ կդնի), ուրեմն կարելի է նաեւ ենթադրել, որ որակավորման այս գործընթացը միտված է հատկապես հանուն եւ հօգուտ արտասահմանցի սպառողների շահերի: Մեր հասարակ հայրենակիցը հաստատ, խիստ անհրաժեշտության դեպքում անգամ, հնարավորություն չի ունենա իր նվազագույն աշխատավարձից 10 դոլար հատկացնել մեկօրյա հյուրանոցային կյանքի համար: Որակավորմանն անհրաժեշտ չափանիշներում, բացի «եվրոսանհանգույցին» վերաբերող մանրամասներից, կան նաեւ այլ կետեր, որոնք կրկին ենթադրում են, որ հյուրանոցային տնտեսության այս բիզնեսն ուղղված է համենայնդեպս ոչ հայաստանաբնակներին: Օրինակ՝ եթե որեւէ հյուրանոցային համալիր հավակնում է 5 աստղի, պարտավոր է «հյուրի համար անվճար հյուրասիրություն ապահովել. սեզոնին` տեղական թարմ միրգ, ձմռանը՝ չիր»: Ի դեպ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պետությունը բաժնեմաս չունի, այս սեկտորը լիովին սեփականաշնորհված է: Որակավորման այս գործընթացով պետությունը ապօրինի «աստղերի» ինքնաշնորհման խնդիրը կփորձի «տեղափոխել օրենսդրական դաշտ»:

Ըստ գործունեության տեսակների` հյուրանոցային տնտեսության օբյեկտները 10 տեսակի են դասակարգված. 5 աստղի կարող են հավակնել հյուրանոցներն ու մոթելները, 4 աստղի՝ առողջարաններն ու հյուրանոցատիպ հանգրվանները, հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտները դասակարգվում են երրորդ կարգի՝ հռոմեական թվանշաններով: «Բարձրակարգ՝ 5 աստղի հավակնող հյուրանոց առայժմ դժվարանում եմ ասել` կա՞, թե չկա,- ասում է պրն Զաքարյանը,- որակավորման գործընթացից հետո կերեւա»: Ի դեպ, հյուրանոցային տնտեսության օբյեկտ կարող է հանդիսանալ եւ որակավորման կարգ ստանալ յուրաքանչյուրիս բնակարանը, եթե նմանատիպ գործունեություն ենք իրականացնում: Այս տեսանկյունից՝ համապատասխան մարմինների տեսադաշտում գործում է շուրջ 25000 հյուրանոցային տեղ, որոնցից 2500-ը բարձրակարգ սպասարկում են ապահովում, 4000-ը՝ միջին: Համապատասխան մարմիններն անցած տարում Հայաստանում վավերացրել են նաեւ շուրջ 260.000 զբոսաշրջիկ, ընդ որում, զբոսաշրջիկ կարող է համարվել նաեւ հարեւան Պարսկաստանից Հայաստան ուղեբեռ տեղափոխող եւ ՀՀ-ում մեկ գիշեր անցկացնող վարորդը, «որովհետեւ ուղղակի ազդեցություն ունի ՀՀ վճարային հաշվեկշռի վրա»:

Ի դեպ՝ բարձրակարգ 5 աստղային որակավորման հավակնող հյուրանոցներից է «Երեւան» հյուրանոցը, ուր սովորաբար հանգրվանում են հանրապետության բարձրակարգ հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները: Այս հյուրանոցում գները, աշխատակիցներից մեկի հավաստմամբ, 130-700 դոլարի սահմաններում են: Հայաստանաբնակները հազվադեպ են օգտվում այս հյուրանոցի ծառայություններից: Հիմնական, այն է` արտասահմանցի կենվորներից, հազվադեպ են բողոքներ ստանում ծառայությունների մատուցման հետ կապված, «հիմնականում գոհ են մեր սպասարկումից»՝ հավաստիացնում են, չհաշված այն դեպքերը, երբ «կենվորներին անհանգստացնում է փողոցի անկառավարելի աղմուկը»: Կոնկրետ «Երեւան» հյուրանոցի անմիջապես հարեւանությամբ գործում է «Elen-Alen» դիսկոտեկը, որի աղմուկից «Երեւանում» հանգրվանած Իսրայելի դեսպանը նյարդային լուրջ ցնցում կարող էր ապրել, եթե «մենք ներողություն չխնդրեինք եւ չտեղափոխեինք այլ համար»: Իսկ որակավորման գործընթացում հարեւանների մասին առանձին մանրամասներ չեն պահանջում…