«Միմինոյի» ուղերձը

17/01/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հուշարձանները կարող են ոչ միայն պատմության վկաները լինել կամ որեւէ պատմական փաստի արձանագրություն համարվել, այլեւ կարող են դառնալ այն առասպելը, որը հուշում է այն, ինչը չի եղել, բայց լավ կլիներ, եթե լիներ:

Հուշարձանը պատմության խաղալիքն է, որն արվեստի ու հումորի լեզվով, փոքր, խոսուն ու համակրելի հետք է թողնում անցորդների սրտում, նույնիսկ, եթե այն բնավ էլ միտված չէ հավերժ ու անանցանելի արժեք համարվել: Հուշարձանը կարող է շատ կարճ կյանք ունենալ, բայց շատ բան ասել կոնկրետ որեւէ մի ժամանակահատվածում: Բարին ու լուսավորը սերմանող, վերամբարձ խոսքերից ու մոնումենտալ պատկերներից զերծ մնացող հուշարձանների կարիքն առավել սուր է զգացվում ետխորհրդային երկրներում, որոնք սովոր էին սոցռեալիստական հսկա կառույցների միջոցով հսկա գաղափարներ ներարկել մարդկանց կյանքում: Այդ ժամանակի հուշարձաններից շատ քչերն են սիրվել ժողովրդի կողմից, ցանկություն առաջացրել զբոսնել նրանց կողքով, լուսանկարվել նրանց հետ ու ենթագիտակցաբար որեւէ ուղերձ ստանալ նրանցից: Մարդկանց սրտերի ո՞ր լարերին պետք է դիպչի ժամանակակից հուշարձանը, որպեսզի իր մեջ այդ ուղերձի նշույլը պարունակի եւ իր հասցեատերն ունենա: Որեւէ պատմական իրադարձության տարեդարձի կամ տարելիցի նվիրված կամ հանձնաժողովի կողմից ընտրված ու պետության կողմից պատվիրված հուշարձանները, որպես կանոն, այնքան մեծ ծավալների են լինում ու ջանում են այնքան շատ բանի խորհրդանիշը դառնալ, որ դժվարությամբ են ընկալվում: Հումորն ու թեթեւությունը բրոնզի, քարի կամ մարմարի մեջ պատկերելը դժվար գործ է, քանի որ փոքր ֆորմաների քաղաքային հուշարձաններ տեղադրելու փորձ մեր քաղաքում դեռ չկա: Գուցե այդ պատճառով էլ Կասկադում կանգնած Բոտերոյի սեւ կատուն ու Արա Ալեքյանի մետաղաձույլ կենդանիները ամենամարդաշատ ու ուրախ մթնոլորտի ստեղծողներն են Երեւանում: Հուշարձաններով լեցուն Սանկտ Պետերբուրգում հուշարձանների ավանդույթը շատ հետաքրքիր շարունակություն ստացավ «Չիժիկ-պիժիկ» ճնճղուկի ու ջրհեղեղից փրկություն որոնող նապաստակի տեսքով: Այսպիսով շարունակվեց ժամանակն ու ժամանակների կապը խորհրդանշող ուրախ ու թեթեւ պատկերների շարանը, որոնց օգնությամբ թերթվեց պատմության եւս մեկ էջ:

Ռուսաստանի խորհրդանիշ Ֆրունզիկն ու Վախթանգը

Թարմ ուղերձ-հուշարձանների անհրաժեշտությունը զգացել են նաեւ Մոսկվայում: Եվ քանի որ հիմա ամենաարդիական ու հրատապ ուղերձը հանդուրժողականությունն ու ընկերությունն է, ապա հենց այդ գաղափարներն էլ որոշվել է նոր հուշարձանի հիմքը դարձնել: «Ժողովուրդների բարեկամությունը» խորհրդանշող ու գովերգող գաղափարի վերանայումը կանխազգացող ռուսական «Նովայա գազետա» թերթը որոշել էր Մոսկվայի իշխանություններին խորհուրդ տալ քաղաքի սրտում նոր հուշարձան կանգնեցնել: Հուշարձանը պետք է նվիրված լինի խորհրդային տարիների սիրելի «Միմինո» ֆիլմի հերոսներին: Նշելով, որ Մոսկվայում միայն մեկ ջերմ ու մարդկային հուշարձան կա, որը պատկերում է Յուրի Նիկուլինին եւ տեղադրված է Ցվետնոյ բուլվարում, թերթը կոչ է արել նոր տարին նոր ջերմ խորհրդանիշով սկսել: «Բարեկամությունն ու ընկերությունն աշխարհի ամենալավ վաճառվող ապրանքային բրենդն են, քանի որ դրանք մարդկանց սրտերում վառ ընկերական շրջապատին միանալու ցանկություն են առաջացնում: 1970-80-ական թթ. ընկերությունն ավելի «ճիշտ» գաղափար էր, քան սերը: Մոսկվացի դպրոցական մի տղա հարցրեց մեր թերթին. «Երեք հրացանակիրների» ԴգԱրտանյանը հայ էր, Ատոսն ու Պորտոսը աբխազներ էին, իսկ ո՞վ էր Արամիսը»: Մենք էլ պատասխանեցինք. «Արամիսը վրացի էր»,- գրում է թերթը, որը «ժողովուրդների բարեկամության» խորհրդանիշը տեսնում է ձյունածածկ մեծ քաղաքում մոլորված երկու տխուր ու միայնակ կովկասցիների մեջ, որոնց համար ընկերությունն ամեն ինչից վեր է: Չթաքցնելով, որ հուշարձանի գաղափարը կապված է հակավրացական կամպանիայի հետ, թերթը համարում է, որ «Միմինոն» հենց այն ֆիլմն է, որը կարելի է ճիշտ ու բարի մարդկային հարաբերությունների օրհներգը դարձնել:

«Եթե մենք ուզում ենք սիրո հուշարձան կանգնեցնել, ապա ի՞նչ կարիք կա հետաքրքրվել այդ սիրո ազգությամբ: Հուշարձանը մեզ ավելի է պետք, քան ֆիլմի հերոսներին ու դերակատարներին, որոնք առանց բրոնզի էլ բոլորի հիշողության մեջ են»,- այսպիսի խոսքերով է իրավաբան եւ «Միմինո» ֆիլմի դերակատար Մարինա Դյուժեւան ելույթ ունեցել Մոսկվայի հուշարձանների հարցերով զբաղվող հանձնաժողովում: Երեսուն տարի առաջ Մ. Դյուժեւան ֆիլմում է դատարանում պաշտպանել Միզանդարի-Կիկաբիձեին, իսկ այժմ նա արել է դա իրական կյանքում:

Հանձնաժողովը չի առարկել այդ հուշարձանի տեղադրման գաղափարի դեմ եւ միաձայն որոշել է, որ Միզանդարիից (Վ. Կիկաբիձե) ու Խաչիկյանից (Ֆ. Մկրտչյան) բացի հուշարձանում պետք է տեղ գտնի նաեւ պահեստային անիվը, որը հայ հերոսը պատրաստ էր զոհաբերել (նաեւ աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր անիվները)` միայն թե փրկի իր անսպասելի գտնված վրացի ընկերոջը: Հնարավոր է, որ հուշարձանը կկրի հենց «Պահեստային անիվ» անվանումը ու կդառնա վաղուց մոռացված բարության ու հավատարմության «պահեստային» գաղափարը: