Հունվարի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսելու է Լեւոն Աբրահամյանն ընդդեմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործը: Երաժշտական կամերային թատրոնի նախկին տնօրեն Լ. Աբրահամյանը դատական կարգով ցանկանում է անվավեր ճանաչել նախարարի այն հրամանը, որով իրեն ազատել են տնօրենի պաշտոնից: Ի դեպ, թատրոնում արդեն նշանակվել է նոր տնօրեն: Լ. Աբրահամյանն ասում է, որ թատրոնի կոլեկտիվին անձամբ է համոզել, որ նոր տնօրենին նորմալ ընդունեն: Իսկ ինքն այժմ պատրաստվում է դատական նիստին: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի հրամանը Լ. Աբրահամյանն անհիմն է համարում: Աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ այն է, որ Լ. Աբրահամյանին այլեւս չեն վստահում: