Կորեացի լինելը կասկածելի է

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երկուշաբթի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում տեղի Է ունեցել հետաքրքիր միջադեպ. Հայաստանում Բրիտանական ավիաընկերության ներկայացուցչության աշխատակիցներն օդանավին մոտենալու պահին, թռիչքից անմիջապես առաջ, ետ են կանչել Լոնդոն թռչող Կորեայի երկու քաղաքացիներին`պատճառաբանելով, թե նրանք կասկածելի են:

Մինչ ավիաընկերության աշխատակցուհիներն իրենց կասկածը կփարատեին՝ Երեւան-Լոնդոն երթուղին իրականացնող օդանավը թռչում է: Կորեացիները ժամը 11.15-ի թռիչքով պետք է մեկնեին Լոնդոն, այնտեղից էլ` նույն օրը՝ Դուբայ: Նրանք այդ երկար երթուղին էին ընտրել ավելի շուտ տեղ հասնելու համար, որովհետեւ Երեւանից Դուբայ թռիչք կար միայն երեքշաբթի գիշերը ժամը 12.35-ին: Կորեացիները շտապում էին, որովհետեւ նույն օրը երեկոյան Դուբայում ունեին շատ կարեւոր գործնական հանդիպում եւ, ինչպես իրենք են վկայում, պետք է ստորագրեին շատ կարեւոր փաստաթղթեր: Ավելացնենք, որ կորեացիները «հաջողությամբ» անցել էին չվերթի հաշվառումը (ռեգիստրացիա), անձնագրային, մաքսային եւ անվտանգության ստուգումները, այսինքն` մինչեւ օդանավին հասնելը «ստուգվել էին» բոլոր անցագրային կետերում: Եթե ավիաընկերությունը կասկածներ ուներ, պետք է փարատեր անմիջապես հաշվառման ժամանակ, մնացած ստուգումներն արդեն մաքսային, անձնագրային եւ այլ անցակետերի աշխատակիցների գործն էր: Ու երբ նրանց ուղեկցողները բրիտանական ավիաընկերության աշխատակցուհիներից կատարվածի համար բացատրություն էին պահանջել, տվյալ մասնաճյուղի տնօրեն Իրինա Խաչատրյանը պատասխանել էր, թե իրենք կասկածել են շեղաչք կորեացիներին ու չեն ուզեցել, որ վերջիններս Լոնդոն թռչեն: Իսկ թե ինչի՞ համար են կասկածել, ոչ միայն չեն պատճառաբանել, այլեւ օգնության են կանչել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Երբ կատարվածից ապշած ու զայրացած կորեացիները ներկայացրել են իրավիճակն ու սպառնացել են ավիաընկերությանը դատի տալ, հատուցում պահանջել վնասների համար, աշխատակցուհիները նոր միայն հասկացել են իրավիճակի լրջությունը: Այդ ժամանակ արդեն պաշտոնական գրությամբ ներողություն են խնդրել ու հավաստիացրել՝ եթե փաստաթղթերի ստուգումից հետո պարզվի, որ կասկածանքն անհիմն է, ավիաընկերությունը հյուրանոցի եւ թռիչքի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա:

Մենք հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ո՞րն էր կորեացիներին կասկածելու պատճառը: Օդանավակայանի մասնաճյուղի տնօրեն Իրինա Խաչատրյանն այսպես բացատրեց.

– Քանի որ Բրիտանիայի կառավարությունը դեմոկրատ երկիր է, ասիական երկրներից կեղծ փաստաթղթերով էմիգրանտներ այնտեղ շատ են մեկնում: Իսկ ամեն մի այդպիսի ուղեւորի համար տվյալ ավիաընկերությունը տուգանվում է 4000 դոլարի չափով: Այս հանգամանքից ելնելով` մեր ընկերությունն ասիական երկրների ներկայացուցիչների նկատմամբ ուշադիր է, որպեսզի նրանք Հայաստանը չօգտագործեն որպես տրանզիտ ճանապարհ, եւ մենք ավելորդ տուգանքների չենթարկվենք: Մենք կարող ենք օդանավը հետ կանգնեցնել եւ կասկածելի ուղեւորին իջեցնել:

Պարզվեց, որ կորեացիներ Ահն Հյուկ Սանգը եւ Լիի Սանգ Սուն «LG էլեքտրոնիքս» ընկերության Միջին Արեւելքի տարածաշրջանի ներկայացուցիչներն են եւ Հայաստան են եկել «ԱՐԱՅ» ընկերության հետ ունեցած առեւտրային գործարքների խնդիրներով: Պարզվեց նաեւ, որ կորեացիները Դուբայի ռեզիդենտ քաղաքացիներ են: Իսկ մինչեւ պարզվեց՝ «Երեւան-Լոնդոնը» թռավ: Զայրացած կորեացիները չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր բոլոր ստուգումներն անցած ուղեւորին անհեթեթ պատճառաբանությամբ հետ կանչել թռիչքից անմիջապես առաջ։ Ճիշտ է, Բրիտանական ավիաընկերությունն իր վրա է վերցրել կորեացիների հյուրանոցային եւ թռիչքի ծախսերը, բայց ուշացրած գործարքի համար պատասխանատվությունը ճնշում է արտասահմանյան գործարարներին: Հայ գործարարին, տվյալ դեպքում, այս զգացողությունն անծանոթ մնաց. տիկին Խաչատրյանը զարմանալի անհոգությամբ շարունակում էր մեզ բացատրել, որ իրենց մոտ այս դեպքն առաջինը չէ, հավանաբար վերջինն էլ չի լինի, որովհետեւ իրենք նույն կերպ կվարվեն նաեւ հաջորդ կասկածյալի նկատմամբ, ով էլ որ նա լինի, եւ սխալվելու դեպքում` անպայման կհոգան տուժածի ծախսերը: Իսկ եթե ոչ բոլոր տուժածներն են կարողանում ապացուցել իրենց «անմեղությո՞ւնը»: Դա արդեն Բրիտանական ավիաընկերության «պռոբլեմը» չէ: