Քեռի Վանիկը զենքերի կոլեկցիոներ էր

17/01/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

2006թ. դեկտեմբերի 28-ին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հայտարարեցին, թե «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավարներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վահան Արոյանին: Վերջինիս տանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք ու զինամթերք պարունակող զինապահեստ, առգրավվել են տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգներ, «Մուխա» տիպի նռնականետեր, «Ստրելա» տիպի շարժական զենիթային համակարգ, մեծ քանակով տարբեր տեսակի նռնակներ, օպտիկական նշանառությամբ հրացաններ, տարբեր տրամաչափի տասնյակ հազարավոր փամփուշտներ եւ այլն:

Վահան Արոյանը՝ քեռի Վանիկը, ըստ «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անդամների, շատ հայտնի մարդ է, որովհետեւ մեծ հեղինակություն է վայելել պատերազմի ընթացքում: Քեռի Վանիկի ընկերները հենց սրանով էլ բացատրում են, թե որտեղից քեռուն այդ քանակությամբ զենք ու զինամթերք՝ վստահեցնելով, որ նրա մոտ այդ զենքերը կուտակվել են դեռեւս պատերազմի տարիներից: Իսկ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ակտիվ պաշտպաններից է, երեկ մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ քեռի Վանիկի մոտ այդ զենքերը մնացել են ոչ թե պատերազմի տարիներից, այլ նա զենքեր հավաքել է նաեւ վերջին տարիներին, որովհետեւ, ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի, զենք հավաքելը եղել է քեռի Վանիկի հոբբին: Ճիշտ այնպես, ինչպես ոմանք դրոշմանիշերի կամ տարբեր տեսակի զինվորիկների կոլեկցիաներ են հավաքում: Հմայակ Հովհաննիսյանը երեկ մեզ նաեւ հավատացնում էր, որ Վահան Արոյանի զինապահեստի գոյության մասին գյուղում բոլորը գիտեին: «Ինքս հետաքրքրվել եմ այդ մարդով եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ակտիվիստներն ինձ տեղեկացրել են, որ այդ գյուղացին զենք կուտակելու սեր ուներ: Դա հոբբի է, տարօրինակ հոբբի է, բայց մարդիկ կան, ովքեր սիրում են տարբեր զենքեր կուտակել. դա երբեմն վեր է ածվում մանիայի»,- ասում է Հ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ չնայած այդ ամենին, դեռեւս ԱԱԾ-ն պետք է ապացուցի, որ քեռի Վանիկի հոբբիի եւ Ժիրայր Սէֆիլյանի ու Վարդան Մալխասյանի ձերբակալությունների միջեւ կապ կա: «Ճիշտ է՝ զենքեր են հայտնաբերվել Արոյանի տանը, բայց այդ մարդը չի մասնակցել «Հայ կամավորականների համախմբում» հիմնական ժողովին,- ասում է պատգամավորը՝ ավելացնելով,- Միայն այն, որ նա որպես ազատամարտիկ այդ ջոկատի անդամ է եղել, չի նշանակում, որ Ժիրայրը որեւէ կապ ունի այդ զենքերի կուտակման՝ նրա հոբբիի հետ»: Հ. Հովհաննիսյանը պնդում է, որ քեռի Վանիկի հոբբին իրեն ոչ միայն հոգեհարազատ չէ, այլեւ անընդունելի է, որովհետեւ, ըստ նրա, զենքը պետք է լինի միայն օրինական: Բայց Հ. Հովհաննիսյանը կոչ է անում բոլորին` չմոռանալ անմեղության կանխավարկած ասվածը, ու Վահան Արոյանի կոլեկցիան՝ առանց ապացույցների, չկապել ընկեր Ժիրայրի հետ, որովհետեւ դա «հայտնաբերվել է հեռավոր գյուղում մի մարդու մոտ, ինչի մասին հայտնի է եղել բոլորին՝ թե՛ գյուղացիներին, թե՛ ԱԱԾ կառույցներին: Բոլորին էլ հայտնի է եղել, որ այդ մարդը զենք է հավաքում»: Հ. Հովհաննիսյանն անգամ հիշեց իր ուսանողության տարիներն ու Հովհաննես Խաչատուրովիչ Բաղրամյանին, ով անձամբ է պատմել իրեն, թե ինչպես էր իր գնդապետերից մեկը պատերազմից հետո բունկեր կառուցել՝ համարելով, որ Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է: «Այսինքն՝ դա նաեւ պատերազմի հոգեբանական հետեւանքն է, որ այդ գյուղացին զենքեր է կուտակել, ու այդ հոգեվիճակը պետք է նաեւ հասկանալ: Բայց ասել, որ դա նաեւ Ժիրայրինն է՝ սխալ է: Տարիներ են պետք, որ պատերազմից մնացած զենքը հավաքվի. դրանք կան եւ պետք է հավաքվի: Մարդիկ նաեւ այլ հարց են բարձրացնում. բա ո՞ւր են այն զենքերը, որոնք կրակում էին Տէցի կրուգում եւ երեւանյան փողոցներում: Մենք կանոնավոր բանակ ունենք, եւ որեւէ մեկի մոտ չպետք է զենք լինի»,- ասում է Հ. Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Վահան Արոյանի ձերբակալությունն իրեն ամենեւին էլ չի հիասթափեցրել Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանության առումով: «Ես չգիտեմ, ինձ ասել են, որ այդ զինապահեստի մասին վաղուց գիտեին նաեւ ԱԱԾ աշխատակիցները, բայց չգիտես ինչու՝ միայն նոր են հիշել, որ նրան պետք է ձերբակալեն: Դրա համար ես ասում եմ, որ կա անմեղության կանխավարկած, ու թող դատարանը որոշի՝ ով ինչի համար է մեղավոր: Ես չեմ փոշմանել Ժիրայրին պաշտպանելու համար, եւ գտնում եմ, որ Ժիրայրի արմատական կեցվածքն ազատագրված տարածքների հարցում անհրաժեշտ է երկրի համար եւ հնարավորություն է ստեղծում մեր իշխանությունների համար ավելի հետեւողական լինել մեր ազգային շահերի պաշտպանության հարցում»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը:

Ի դեպ, ըստ «Ա1+»-ի, Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը վստահեցրել է, որ Վահան Արոնյանը բավականին լավ կապեր է ունեցել եւ՛ ԱԱԾ-ում, եւ՛ Ոստիկանությունում, եւ՛ ՊՆ-ում եւ «իր կապերը միշտ օգտագործել է սահմանային շրջանում կարգ ու կանոն հաստատելու համար: Իր բնակավայրում՝ Լուսառատ գյուղում, ցանկացած պահի նա կարող է բոլորին միավորել եւ ռուս սահմանապահների հետ համագործակցել` սահմանը խախտողների նկատմամբ գործողություններ իրականացնելու համար: Վանիկ Արոնյանը բազմաթիվ ծառայություններ է մատուցել հայ-թուրքական սահմանը խախտողներին բացահայտելու համար: Լուսառատ գյուղը մշտապես գտնվում է թե ՀՀ եւ թե ռուս սահմանապահների ուշադրության կենտրոնում: Լուսառատում նման արսենալի գոյությունը չպետք է որ զարմացներ ԱԱԾ-ին»,- ասել է Վահե Գրիգորյանը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ քեռի Վանիկը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2000թ. պարգեւատրվել է Երկրապահ կամավորականների հուշամեդալով, 2005թ.` մարշալ Բաղրամյանի հուշամեդալով: Քեռի Վանիկին իրենց երախտագիտությունն են հայտնել ոչ միայն ՀՀ, այլեւ ԼՂՀ իշխանությունները. 1994թ. նրան պարգեւատրել է ԼՂՀ ԳԽ նախագահությունը, իսկ 2001-ին` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը նաեւ նշել է, որ իր պաշտպանյալն ու Վահան Արոնյանը մարտական ընկերներ են, եւ, որ նախքան 1992թ. Շուշիի ազատագրումը նա եղել է Ժիրայր Սէֆիլյանի հրամանատարության տակ գտնվող վաշտում: Սակայն, ըստ Վահե Գրիգորյանի, պատերազմի ավարտից հետո նրանց հանդիպումների պարբերականությունը նվազել է, եւ նրանք տարվա ընթացքում հանդիպել են ընդամենը մեկ-երկու անգամ: «Ժիրայրին նա երբեք չի հայտնել, թե ինչ զենք-զինամթերք ունի, Ժիրայրը երբեք նրան չի առաջարկել համագործակցել իր հասարակական կազմակերպության շրջանակներում: Արոնյանը միշտ ասում է, որ չի հասկանում քաղաքական, հասարակական գործունեությունից, ինքը զինվոր է»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, ասել է Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը՝ վստահեցնելով, թե իր պաշտպանյալը շատ ավելի մտերիմ ընկերներ ունի զինվորականների շրջանակներում, սակայն խուզարկել են հենց Վահան Արոնյանի տունը, քանի որ գիտեին, որ նա զենք ունի: Ըստ Վահե Գրիգորյանի, իշխանությունները, ձերբակալելով քեռի Վանիկին, սխալվել են. «Նրանք փորձում են լղոզված կապ ցույց տալ Վահան Արոնյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի միջեւ, սակայն Արոնյանը երբեք ցուցմունք չի տա Սէֆիլյանի դեմ, չի ասի այն, ինչն իրականում չկա: Նա շատ սկզբունքային մարդ է եւ բազմիցս է հրաժարվել օգտվել իշխանական պնակից»,- ասել է Վահե Գրիգորյանը: