Անցած տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին բոլորը՝ ում տուն գնում էիր կամ ով հյուր էր գալիս քեզ, բողոքում էին խոզի բդի առատ առկայությունից։
«Ո՜ւֆֆ, հոգնել ենք արդեն, հեչ ուտել չի լինում» հառաչանքով բոլորն ասում էին, թե գալ տարին դիմավորելու են առանց բդի։ Շատերն անգամ գիտականորեն էին ապացուցում դրա վնասակարությունը, մյուսները խոսում էին գեղագիտական անպատշաճության մասին, իսկ երրորդները՝ հաշվարկներ անելով, համոզում, որ դա սեղանի ճոխությունն ապահովելու ամենաշահավետ տարբերակը չէ։
Ես չգիտեմ, պարարտ այդ մսագունդն իսկապես վնասակա՞ր է, թե՞ ոչ, չգիտեմ նաեւ` դա՞ է գեղեցիկ, թե՞ թփով տոլման, չեմ կարող ասել՝ տնտեսապես շահավետ է պատրաստել մսի այդ զանգվա՞ծը, թե՞ նույն գումարով գնել պատրաստի աղցաններ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ անցած տարվա հռետորներն այս տարի էլ էին դիմել Ամանորի եւ Սուրբ ծննդյան սեղանը զարդարելու ամենահեշտ ձեւին։
«Ինչո՞ւ» հարցին ի պատասխան, վնասակարության մասին անցած տարի բարձրաձայն խոսողներն այս տարի ասում էին, թե «խոլեստերին-մոլեստերինը» հորինված բան է, որ դա հնարել են ամերիկացիներն՝ իրենց դեղերը վաճառելու, իսկ ժամկետն անցնելուց հետո մեզ վրա նաղդելու համար։ Գեղագիտական անպատշաճության մասին խոսողներն այս տարի պնդում էին, թե խոզի տարին առանց համանուն կենդանու բդի չէր կարող լինել, իսկ տնտեսական շահավետության մասին վերլուծություններ անողները համոզում էին, որ թանկից էժանը չկա ու, որ ամենադանդաղ սպառվող ուտեստը հենց խոզի բուդն է։
Ծանոթներիս ու բարեկամներիս ամենեւին չեմ ուզում մեղադրել անսկզբունքայնության ու փոփոխամտության համար՝ հարցը դա չէ։ Հարցն այն է, որ իրականում խոզի բուդը մեծ երեւակայություն չի պահանջում։ Գնում ես մսի այդ զանգվածը, մեջը խրում սխտոր, գազար, պղպեղի գնդիկներ, ու ամեն ինչ ստացվում է հեշտ ու արագ։
Այդպես էլ մեր կյանքն է ստացվում։ Երբ տոնական սեղանն արդեն բացված է, եւ բնականաբար խոզի բուդն իր պատվավոր տեղում սպասում է հին տարվա գնալուն ու նորի գալուն, հեռուստացույցի էկրանից մեզ հետ սկսում է խոսել մեր երկրի ղեկավարն ու ասում է բաներ, որոնց պատրաստման եղանակը ոչնչով չի տարբերվում հանրահայտ ուտեստի բաղադրատոմսից։
«Անցնող տարում աճեց Հայաստանի միջազգային ներգրավվածությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները նշանավորվեցին Հայաստանի տարվա անցկացումով։ Կայացավ արդյունավետ քաղաքական երկխոսություն, ակտիվացան տնտեսական շփումները, իրագործվեց մշակութային հարուստ ծրագիր»։
Սա ոչ թե նախագահի ամանորյա զեկույց է, այլ խոզի բդի պատրաստման գաղտնագրված բաղադրատոմս։ Ամեն ինչ այնքան պարզ է ու երեւակայությունից զուրկ, որ չես էլ ուզում նկատել բովանդակության բացակայությունը։ Որպես տոնական սեղանի բուդ` այս ամենը կարելի էր պարզապես մատուցել այսպես. «Անցնող տարում Հայաստանի միջազգային ներգրավվածությունը նշանավորվեց Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումով, որի մշակութային հարուստ ծրագրում կային քաղաքական երկխոսություն եւ տնտեսական շփումներ»։
Ինքս ականատես չեմ եղել, բայց ասում են, թե նրանք, ովքեր այս տարի այնուամենայնիվ ձեռնպահ են մնացել բուդ պատրաստելուց, հյուրերի առաջ ամոթով չմնալու համար խորհրդանշական այդ ուտեստը պարտքով խնդրել են հարեւաններից։ «Ձեր բուդը (խոզի) մի երկու ժամով չեք տա՞, մարդ է գալու»։
Սա նույնպես կյանքից է, որովհետեւ տոնական զեկույցում մեր երկրի նախագահը հպարտությամբ նշում է, թե պետական այցով Հայաստան է եկել Ֆրանսիայի նախագահը եւ թե Շառլ Ազնավուրի անմոռանալի համերգով մեկնարկել է Ֆրանսիայում Հայաստանի տարին եւ, որ ամենակարեւորն է՝ ԱՄՆ-ի կառավարության հետ սկսվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրագործումը։
Կատակը՝ կատակ, բայց այս ամենն իրականում ի՞նչ կապ ունի մեր կյանքի ու կենցաղի հետ։ Ո՞վ կարող է ասել, որ «Հայաստան-Սփյուռք» առաջին եւ երկրորդ համաժողովներից հետո մեր կյանքը դույզն-ինչ բարելավվել է, որ նախագահն էլ տոնի նախաշեմին մեր աչքն է խոթում երրորդը՝ շեշտելով, թե «տարին կարեւոր էր նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»։
Ո՞վ չգիտե, որ մեր ժողովրդի մի ստվար զանգվածի բոլոր տարիներն են կարեւոր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, որ սեղան գցողների գերակշիռ մեծամասնությունը լինելիության ու պատվի խորհրդանիշ դարձած բուդը ձեռք է բերում հենց Սփյուռքից ստացած տրանսֆերտներով, ինչն էլ իր հերթին դառնում է ազգային մեր արժույթի փառքն ու պարծանքը։
Վերլուծելով նախագահի արտասանած տեքստը՝ կարելի է հանգել եզրակացության, որ անցած տարվա մեր ամբողջ հաջողությունը կազմված է.
ա) հոբելյանների նշումից,
բ) այս կամ այն երկրում մշակույթի տարիների անցկացումից,
գ) ԱՄՆ-ի կողմից իրականացվող հսկայածավալ ծրագրից,
դ) Սփյուռքի խոստումներից:
Վերլուծելով նախագահի արտասանած տեքստը՝ կարելի է հանգել եզրակացության, որ գալիք տարին՝ 2007-ը, կազմված է լինելու անցած, նախանցած եւ դրան նախորդած վեց տարվա ընթացքում չիրականացված գործերից՝ մրցակցային դաշտի ձեւավորում, դատաիրավական համակարգի արդյունավետության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։
Հիանալի է, բայց ո՞վ պիտի զբաղվի դրանցով, եթե 2007-ին երկիրը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, ինչը, նախագահի կարծիքով, անցնելու է «պատշաճ մակարդակով»։
Իսկ պատշաճ մակարդակն ամանորյա մեր մտապատկերում միայն խոզի բուդն է՝ մեջը սխտոր, գազար, պղպեղի գնդիկներ, ընդհանուր առմամբ հեռու արվեստից ու ստեղծագործությունից։