Ո՞ւմ կամ ի՞նչ են ընտրում հայերը

17/01/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ամանորյա ուտուշ-խմուշի ընթացքում մենք անգամ չնկատեցինք, թե ինչպե՞ս նախընտրական տարին աննկատ դարձավ ընտրական: Աստված մարդկությանն իր ստեղծած օրից միշտ կանգնեցրել է ընտրության առջեւ` օրինակ, Ադամին եւ Եվային տրվել էր հնարավորություն ընտրություն կատարել դրախտային կամ երկրային կյանքի միջեւ: Թե ի՞նչ է եղել այն ժամանակ՝ բոլորին է հայտնի (չնայած մեր պատգամավորների մեծ մասը միգուցե եւ չիմանա այդ պատմությունը):

Բայց, լինելով ծայրահեղական ազգ, մենք ընտրության հարցում էլ ենք, բնականաբար, ծայրահեղ: Եվ խոսքը միայն քաղաքական ընտրությունների մասին չէ: Այսօր, օրինակ, արտագաղթող հայերի մեծ մասը կանգնած է բարդ ընտրության առջեւ, որովհետեւ եթե գնան Ռուսաստան, որտեղ գնալու համար դեսպանատան OK պետք չէ, չի բացառվում, որ հենց օդանավակայանում նրանց կդիմավորեն «հյուրընկալ սքինհեդները» (չնայած ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ հայերին սպանում են նաեւ Ամերիկայում եւ Եվրոպայում, ուղղակի այդ փաստերը մեր մամուլը կամ չի ֆիքսում, կամ չի ուզում ֆիքսել): ԱՄՆ գնալու համար կամ «գրին քարտ» է պետք շահել, կամ ահռելի մեծ գումարներով գնել այդ բաղձալի OK-ը: Իսկ Եվրոպայում «ոտքի կանգնելը» շատ դժվար է: Ու եթե պետք է առաջադեմ Եվրոպայում «կզած» ապրեն, ավելի լավ է Հայրենիքում «կզեն»: Այդպես կարող է գոնե դաշնակները գնահատեն (չնայած անձամբ դաշնակները գերադասում են «ուրիշի տակ աշխատել» արտասահմանում, քան Հայաստանում): Դե, իսկ Հայաստանում մնացած հայերը տոներից առաջ փորձում էին հասկանալ ինչպե՞ս դիմավորել Նոր տարին` տանը (այս մեթոդն ավանդական է եւ ենթադրում է ամանորյա «բոշայություն» տնից տուն սկզբունքով), ռեստորանում (այս մեթոդը առաջինից տարբերվում է միայն նրանով, որ համ ռեստորանի ծախս են անում, համ էլ ամսի 1-ից շարունակում նախորդ մեթոդի «բոշայությունը», որովհետեւ մի քիչ ավելի շատ փող ունեն) եւ քաղաքից դուրս: Քաղաքից դուրսն իր հերթին ենթադրում է երկու տարբերակ` Հայաստանում եւ արտասահմանում: Այս մեթոդը եւս չի բացառում «բոշայությունը», քանի որ արտասահմանում հիմնականում կարողանում են հանգստանալ ազգիս այսօրվա հզորները, որոնք արտասահման են գնում ոչ թե աշխարհ տեսնելու կամ հանգստանալու, այլ բառիս բուն իմաստով` «բոշայության», օրինակ` հինգաստղանի հյուրանոցում բլոտ խաղալու:

Հայ ծնողների հիմնական պրոբլեմներից է նաեւ դպրոցի եւ բուհի ընտրությունը: Որովհետեւ կենտրոնի դպրոցները «պրեստիժնի» են, բայց այնքան փող են քամում, որ անգամ ունեւոր ծնողները չեն դիմանում այդ «նալոգներին» (ասում են, այս հարցում ռեկորդակիր է Չեխովի անվան դպրոցը, որտեղ տնօրենը նախկին պատգամավոր, «Շամիրամ» կուսակցության նախկին համանախագահ, Վիկտոր Դալլաքյանի նախկին քույր Գայանե Սարուխանյանն է): Իսկ մնացած դպրոցներում, որտեղ «նալոգներն» անհամեմատ քիչ են, ընդհանրապես ոչինչ չկա: Խոսքս գիտելիքների մասին չէ, որովհետեւ գիտելիք չեն տալիս ոչ մի տեղ: Դե իսկ բուհի ընտրությունը ամենադժվարն է: Այս ընտրությունը նախապես ենթադրում է մի քանի պարտադիր պայման` փող, շատ փող, կուսակցական պատկանելություն («կոմսոմոլը» սահուն կերպով փոխարինվել է բազմակուսակցական համակարգով, որտեղ կարեւորը իշխանամետ կուսակցության երիտասարդական թեւի անդամ լինելն է), իշխանամետ պատգամավորի կամ բարձր պաշտոնյայի զավակ լինելու փաստը, դիմորդի կամ նրա ծնողների ծննդավայրը (վերջին տարիներին անգամ ուսանողության շրջանում է մոդայիկ դառել ղարաբաղցի լինելը) եւ միայն վերջում գիտելիքը: Չնայած, եթե գիտելիքների պաշարը ձգտում է զրոյի, չի բացառվում, որ այդ երեխան եւս դառնա ուսանող: Դա արդեն «պապայի թափի» խնդիր է: Իհարկե, այս ամենը մանր ժուլիկություն է Հայաստանի քաղաքական ընտրությունների համեմատ: Ըստ ՀՀ Սահմանադրության` մեր պետությունում պետք է տեղի ունենա երեք տիպի ընտրություն` նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման: Բայց իրականում տեղի է ունենում մեկը` խորհրդարանականը: Որովհետեւ նախագահին նշանակում են աշխարհաքաղաքական ուժերը, իսկ քաղաքապետերին, գյուղապետերին եւ թաղապետերին` ներքաղաքական ուժերը: Այնպես որ, պատահական չէ, որ հենց խորհրդարանական ընտրությունների համար է ծավալվում ամենադաժան պայքարը: Ու թեեւ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց ընդամենը չորս կուսակցությունների անուններ, այնուամենայնիվ, բոլորին էլ պարզ է, որ եթե անգամ նա բլեֆ չէր անում, ապա խորհրդարանում, բացի իշխանամետ կուսակցություններից, պետք է ներկայացված լինեն նաեւ ընդդիմադիր ուժեր: Համենայնդեպս, այդպես ընդունված է Եվրոպայում, ուր մենք այդքան շտապում ենք մտնել: Բայց մեր Եվրոպա մտնելը ես, չգիտես ինչու, նմանեցնում եմ մեր ինտերնետ մտնելուն: Որովհետեւ հայերին ինտերնետից հիմնականում, «պոռնո» կայքերն են հետաքրքրում: Այս գարուն շատ դժվար է լինելու բոլորի համար: Մի կողմից` այսրոպեական գայթակղություն` փողի, կարտոֆիլի կամ պարարտանյութի տեսքով, մյուս կողմից՝ մենք այն ազգն ենք, որ ընդամենը 16-17 տարի առաջ ունեցել ենք այնպիսի ընտրություններ, որոնց կնախանձեր անգամ ժողովրդավարության առաջամարտիկ համարվող ԱՄՆ-ը: Այնպես որ, կարողանում ենք, եթե ուզում ենք: Եվ քանի որ ես լավատես եմ, ապա համոզված եմ, որ ուզում ենք: Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցում գիտելիք ստանան, ոչ թե «զակազ», ուզում ենք ընտրել Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրոպական պետությունները, ոչ թե արտագաղթի կամ քաղաքական ուղղվածության, այլ տուրիզմի նպատակներով: Եվ վերջապես ուզում ենք, որ քաղաքական գործիչը Հայաստանում լինի ոչ թե գործատու կամ բարեգործ, այլ մեր պետության առաջընթացի եւ զարգացման երաշխավորողը եւ պատասխանատուն: