1. Հայաստանը երկու առանձնահատկություն ունի, որոնք խանգարում են նոր պայմաններում ներգրավվել միջազգային ֆինանսատնտեսական կյանքի մեջ: Առաջին առանձնահատկությունը բազմափորձ եւ բազմամիլիոնանոց սփյուռքն է՝ սփռված աշխարհի տարբեր, այդ թվում եւ` Հայաստանի ու տարածաշրջանի համար առանցքային երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Վրաստան: Այդ համայնքները ոչ միայն ուժեղ են, այլ նաեւ շատ ոլորտներում որոշում են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ուղղությունները:
2. Օրինակ, Ջավախքի ինքնավարության հարցը կարեւոր է: Առանց Ջավախքի քաղաքական-ադմինիստրատիվ ինքնուրույնության` դաշնային Վրաստանում չի կարող վրացական պետություն լինել: Եվ սա պետք է լավ հասկանան հենց Վրաստանում: Արդեն չկա ընկեր Ստալինը, որը Վրաստանի՝ դաշնային պետություն լինելու հարցը փակեց խորհրդային ժամանակաշրջանում, թեեւ այդ տարիներին հանրապետությունն իր կազմի մեջ էր պահում երեք ինքնավար կազմավորում:
3. Հայաստանի ներկայիս իշխանությունների կոմպլեմենտար քաղաքականությունն ակնհայտ պարտվողական բնույթ է կրում: Իհարկե, Հայաստանը չի կարող հաշվի չառնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին ու Եվրոպային՝ որպես իր զարգացման ռազմավարական գծի կարեւոր բաղկացուցիչ, սակայն դա պետք է ոչ թե ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ լինի, այլ ինտելեկտուալ որոնում եւ տարածաշրջանում ու աշխարհում երկրի դերի այնպիսի կազմավորում (տարածաշրջանում այդպիսի նիշա չկա, այն պետք է գտնել, ապա ստեղծել), որը գոյություն ունի ինչպես երկրի, այնպես էլ ազգի ներսում եւ տարածաշրջանում: Մեր նպատակը պետք է լինի «խաղալ» ինչպես` մեր ընդդիմախոսների, այնպես էլ` ինքներս մեր բոլոր թուլությունների ու առավելությունների վրա: Բայց դրա համար երկրում պետք է օրինական իրավակարգ լինի, ոչ թե ստվերային-բանտային: Այն իշխանություններն են կոմպլեմենտար, որոնք բացարձակ բանի տեղ չեն դնում իրենց ժողովուրդների կարծիքը, իսկ իրենք քծնում, շողոքորթում են աշխարհի հզորներին: Այստեղից էլ գալիս է մտածելակերպի այն կարծրատիպը, որը տարուբերում է իշխանությունն ու հասարակությունը՝ տեսնելով հարեւան կամ իրենց նման երկրների գործողությունները: Ահա մի օրինակ. 1. Բոլորը սպասում են Կոսովոյի ճակատագրի լուծմանը: Ո՞վ է ասել, թե մենք պիտի շարժվենք այլ երկրների ու ժողովուրդների օրինակով: Իսկ եթե այնտեղ սպասված արդյունքը չլինի՞, ուրեմն մենք պիտի հրաժարվե՞նք մեր սեփական պլաններից: Աշխարհի իրականությունների ընկալման եւ սեփական ճակատագրի որոշման նկատմամբ տարօրինակ տրամաբանություն է սա: Հայ ժողովրդի պատմական շանսը՝ շրջվելու դեպի օբյեկտիվ վերլուծությունը եւ սեփական երկրի ու տարածքների բարեկարգումը, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ վերականգնելու կարեւորագույն մեխանիզմն է, աշխարհ, առանց որի գոյություն չունի ազգի ներսում ներքին ազատություն ունեցող եւ արդարացի հայ մարդ: Ազգային կյանքը պետք է արժանապատվություն ունենա, ոչ թե սնապարծություն, ինքնահավանություն, գոռոզամտություն, ինչը մեր բնավորության մեջ բավականին շատ է: Մենք չպետք է ենթարկվենք միջազգային միջնորդների կամքին, որոնց պլանները չեն համընկնում մեր ազգային շահերի հետ: Մենք պետք է կամք եւ հեռատեսություն ունենանք, ինտելեկտուալ հնարամտություն եւ վճռականություն՝ շարժվելու այն ուղղությամբ, որտեղ մեր իրական շահն է, ոչ թե կարծեցյալ եւ բարոյական շահումը, ինչպես դա եղել է անցյալում: Եթե, օրինակ, մենք նրանց տանք Ղարաբաղի որոշ տարածքներ, միանգամից խաղաղությո՞ւն կհաստատվի, կամ նավթամուղը չի՞ շրջանցի Հայաստանը, թե՞ Վրաստանը մեզ կսկսի ավելի շատ հարգել եւ կդադարի մտածել Թուրքիայի ուղղությամբ երկաթգիծ ունենալու մասին… Ի դեպ, նավթամուղի մասին: Հայաստանը բավականին ասիմետրիկ փաստարկներ ունի: Այդ փաստարկների ազդեցությունը համաշխարհային քաղաքական, ֆինանսատնտեսական, ռազմական եւ էներգետիկ շուկաներում ավելի պակաս չի գնահատվում, քան նավթը, միայն պետք է դրանք ճիշտ եւ հաճախ շահարկել: Սակայն Հայաստանը, իշխանությունների եւ օլիգարխների կողմից քրեականացված տնտեսությամբ, հնարավորություն չունի արդյունավետ խաղալու: 2. Այժմ` այն մասին, որ Վրաստանը ցանկանում է մտնել ՆԱՏՕ: Թող մտնի՛: Հետաքրքիր է իմանալ՝ ՆԱՏՕ-ն Վրաստանին տեսնում է Ստալինի ձեռքով գծված նախկին խորհրդային սահմաններո՞ւմ, ոչ թե որպես դաշնային պետություն (իր կազմում երեք ինքնավարություն ունեցողգ!), այլ որպես ունիտա՞ր: Մեր ուղին պետք է այլ լինի: Մենք պետք է սեփական կարծիք ունենանք, իսկ դա այն չեզոքությունն է, որ մեզ համար կարեւոր է: Մենք պետք է այս ռազմավարությունն առաջ քաշենք որպես պետական՝ միջազգային հանրության կողմից քննարկվելու եւ ընդունվելու համար: Այս բարդ եւ միաժամանակ չափազանց արդյունավետ զարգացման ուղին մեր իրական կամքի ուղին է՝ թելադրված մեր ամբողջ պատմությամբ: Մեր տեղը տարածաշրջանում բոլոր երկրների նկատմամբ չեզոք լինելն է, քանի որ տեղեկատվական դաշտը, շահերն ու պատմական ավանդույթները հենց դա են հուշում՝ ՉԵԶՈՔ լինել: Ի՞նչ չեզոքություն, կհարցնեք դուք, երբ սրանք մի կողմից են ատում, նրանք՝ մյուս, իսկ երրորդները շուտափույթ մահ են ցանկանում: Հենց այդ հանգամանքներով էլ մենք պետք է առաջնորդվենք մեր պետական գերակայությունների մեջ եւ առաջիկայում տարածաշրջանում մեզ տեսնենք հենց այդպիսի ֆունկցիայով, ինչը մեր անվտանգության երաշխիքն է: Սակայն նման մտքերի եւ գործերի համար անհրաժեշտ է իշխանությունների ազնվություն, խելք եւ կամք: Ունե՞նք արդյոք այդ ամենը, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ իշխանությունը հույսը դրել է զանգվածների միֆոլոգիզացված գիտակցության վրա, իսկ ինքը ցանկանում է երկարաձգել այն, ինչն արդեն հնարավոր չէ պահել առանց արյունի:
4. Հայաստանն այլընտրանք չունի, բացի ուժեղ երկիր լինելուց` իր կարեւոր ու անհրաժեշտ ֆինանսատնտեսական, գիտատեխնիկական եւ տեղեկատվական կապերի մեջ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Նրա անհրաժեշտությունը պետք է ապացուցվի նրա տեղով եւ գործողություններով եւ՛ տարածաշրջանում, եւ՛ աշխարհում: Առանց սա հասկանալու Հայաստանը միշտ կլինի աշխարհի հետնախորշում, միշտ կվարի իբրեւ թե կոմպլեմենտար քաղաքականություն, ինչը պարզապես նշանակում է քծնել, շողոքորթել:
5. Մենք պետք է օրինակ վերցնենք, ասենք, Շվեյցարիայից, ինչը մեզնից սպասում են շատ երկրներ, այդ թվում եւ` մեր մեծ տարածաշրջանի բարի հարեւանները: Մենք պետք է հիշենք, որ մարտունակ, ժամանակակից բանակ կարող է ունենալ այն երկիրը, որն ունի կառավարման հզոր, արդար համակարգ: Սա աքսիոմա է: Ցեղասպանություն ապրած եւ չափազանց զգայուն հայ ժողովրդին միայն այդպիսի երկիր եւ այդպիսի բանակ է հարկավոր: Մյուս կողմից՝ հայ ժողովուրդը կարող է հեշտությամբ հարմարվել եւ արտաքուստ ենթարկվել իշխանության ցանկացած դեֆորմացիայի: Սակայն մինչեւ ե՞րբ. սա կարեւոր հարց է: Քանզի իր ներսում ազգը չի կորցնում արդարության մոդուլը, նա այն պահպանում է աչքի լույսի պես: