Արդար ընտրությունների հավանականությունը չնչին է

16/01/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ամանորյա տոները մնացին ետեւում, եւ հանրապետության ներքաղաքական կյանքը կամաց-կամաց սովորական հունի մեջ է մտնում: Այսինքն` կուսակցությունները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական հնարավոր դաշինքների մասին խոսակցություններն աշխուժանում են, միջկուսակցական բանակցություններն ակտիվանում են, եւ այլն: Իսկ մերձքաղաքական շրջանակներում քննարկվող թիվ մեկ խնդիրը հետեւյալն է` տեսնես այս ընտրությունները նո՞ւյնպես խայտառակ կեղծիքներով կընթանան, թե՞ ոչ:

Իսկ ի՞նչ է փոխվել 2003-ից հետո: Իշխող հիմնական կուսակցությունը դարձյալ ՀՀԿ-ն է, եւ Սերժ Սարգսյանը դարձյալ այդ կուսակցության հետ է, ՀՅԴ-ն դարձյալ իշխանամետ է եւ «ըմբռնումով է մոտենում» մեր կյանքի «առանձին թերություններին», «Արդարություն» դաշինքն ու «Ազգային Միաբանությունը» դարձյալ ինտենսիվորեն բանակցում են, եւ ամենայն հավանականությամբ վճռական պահին նրանց միջեւ նորից տարաձայնություններ ի հայտ կգան, եւ այլն: Ըստ էության, 2003-ից հետո չի փոխվել նաեւ հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ: Իսկ այդ վերաբերմունքը, եթե հիշում եք, այնպիսին էր, որ 2003 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում Քոչարյանը չկարողացավ 50 տոկոս ձայն հավաքել, իսկ ընդդիմության հարյուր հազարանոց հանրահավաքային ալիքը մարվեց միայն զանգվածային ձերբակալությունների մջոցով: Պնդել, թե 2003-ից հետո կյանքը լավացել է, եւ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը նվազել է, հնարավոր չէ: Ճիշտ հակառակը. այս ընթացքում կյանքը թանկացել է (հատկապես արտասահմանյան տրանսֆերտներով ապրողների համար), հասարակության սոցիալական բեւեռացվածությունն ավելի է մեծացել, եւ այլն:

Մեծ հաշվով, այս ընթացքում ներքաղաքական կյանքում միայն մի փոփոխություն է տեղի ունեցել: Ստեղծվել է նոր կուսակցություն` «Բարգավաճ Հայաստանը»: Բայց այս կուսակցությանն անդամագրվելն ավելի շուտ ժամանակավորապես աշխատանքի տեղավորվելու նման մի բան է, եւ, որպես կանոն, այս կուսակցությանն անդամագրվում են նրանք, ովքեր ընդհանուր առմամբ դժգոհ են իշխանություններից, բայց իրենց վիճակի փոփոխության հույսը կապում են ոչ թե քաղաքական փոփոխությունների, այլ ստեղծված իրավիճակին հարմարվելու հետ: Օրինակ, կարելի է որոշակի բարեկեցության հասնել քայլ առ քայլ եւ հետեւողականորեն` ձգտել ստեղծել նորմալ երկիր, ունենալ նորմալ աշխատանք եւ այլն, բայց կարելի է նաեւ դրա փոխարեն լոտոյի տոմս գնել եւ փորձել շահել «ընտանեկան փաթեթ»: Մոտեցումների խնդիր է: Այլ հարց է, որ հնարավոր չէ «ընտանեկան փաթեթով» միանգամից բոլորի բարեկեցության աստիճանը բարձրացնել: Ինչեւէ:

Լավ, գոնե տեսականորեն հնարավո՞ր է, որ 2007 թ. խորհրդարանական ընտրությունները չկեղծվեն: Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ նույնիսկ տեսականորեն դա հնարավոր չէ: Որովհետեւ, եթե ընտրությունները չկեղծվեն (բոլոր կուսակցություններին հավասարաչափ եթեր տրամադրվի, ընտրակաշառքները բացառվեն, արդյունքները չնկարվեն), այդ դեպքում ընտրողների ձայների 65-70 տոկոսը կբաժանվի ընդդիմադիր ուժերի միջեւ, իսկ 30-35 տոկոսը բաժին կհասնի իշխող կամ իշխանամետ ուժերին: Սա է օբյեկտիվ իրողությունը: Բայց մյուս կողմից էլ` դժվար է պատկերացնել, թե ինչպես են, ասենք, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու ՄԱԿ-ը նույն դաշտում պայքարում իրար դեմ` հանուն 30-35 տոկոսի, ու թողնում, որ ընդդիմադիր կուսակցություններն իրար մեջ կիսեն 65-70 տոկոսը: Այսինքն` ակնհայտ է, որ իշխանական եւ իշխանամետ ուժերն իրար դեմ պայքարելու են հենց ընդդիմադիր 65-70 տոկոսի համար: Այլ կերպ ասած, ընտրական պայքարի հիմքում ի սկզբանե հենց կեղծիքներն են դրված, եւ պայքարն ընթանալու է այդ կեղծիքներն իրականացնելու իրավունքի համար:

Ի դեպ, թող որեւէ մեկին թյուրիմացության մեջ չգցի այն հանգամանքը, որ զանազան սոցհարցումների համաձայն, ընդդիմության լիդերների վարկանիշները շատ ցածր են, իսկ ընդդիմադիր ուժերից միայն մեկ-երկուսը 5 տոկոսից բարձր վարկանիշ ունեն: Ամենեւին չի բացառվում, որ այդ հարցումներն իսկապես էլ համապատասխանեն իրականությանը: Բայց փորձեք հարցադրումը փոխել, եւ պատկերը միանգամայն այլ կլինի: Ասենք` փորձեք պարզել, թե ժողովրդի քանի տոկոսն է գոհ իշխանություններից, եւ կհամոզվեք, որ խոսքն առավելագույնը 25 տոկոսի մասին է: Իսկ դա նշանակում է, որ ընտրողների 75 տոկոսը կամ կողմնորոշվելու է ընդդիմադիր ուժերից որեւէ մեկի օգտին եւ ձայն է տալու այդ ուժին, կամ չի կողմնորոշվելու եւ չի մասնակցելու ընտրություններին: Որովհետեւ ակնհայտ է, որ իշխանություններից դժգոհ ընտրազանգվածն իշխանական ուժերից որեւէ մեկի օգտին կքվեարկի միայն եւ միայն ընտրակաշառքի դիմաց:

Մի խոսքով, այս պահի դրությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ազատ-արդար անցկացնելու նույնիսկ տեսական շանս չկա: Թեեւ ինչ-որ բաներ դեռ կարող են փոխվել: Մինչեւ մայիս դեռ բավականին ժամանակ կա: