Գովազդով փչացրած տոներ

16/01/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամանորի տոներն այս տարի ավելի քան տնական էին: Սառնամանիքը շատերին ստիպեց տոներն անցկացնել տանը: Ոչ քաղաքապետարանի, ոչ տարբեր մշակութային ու ոչ այնքան մշակութային օջախների անցկացրած միջոցառումները չկարողացան բնակչությանը տնից դուրս հանել: Ցուրտը ստիպեց մոռանալ նաեւ փոխադարձ այցելությունների ավանդույթը: Ու այս պարագային բնակչության մեծ մասի համար ժամանց կազմակերպելու հիմնական միջոց կարող էր դառնալ հեռուստացույցը: Կարող էր, բայց չդարձավ: Եթերն անտանելիորեն հաճախ ընդհատվում է գովազդային հոլովակներով: Նախատոնական ու տոնական օրերը հեռուստաընկերությունների համար փող աշխատելու շրջան են: Ոչ մի օրենք չի կարող խանգարել մեր հեռուստաընկերություններին: Ու այս օրերին հեռուստաեթերում համատարած գովազդ է: Գովազդվում է ամեն ինչ: Հակասանիտարական՝ առանց փաթեթավորում առաքված բդից մինչեւ հրաշագործ դեղահաբեր: Գովազդի անզուսպ ծավալը ստիպեց ուշադրություն դարձնել դրանց բովանդակության ու մատուցման ձեւի վրա: Մինչ այս էլ մեր շուկայում առկա էին ստերիլ անտրամաբանության մակարդակում պատրաստված գովազդներ: Օրինակ «ԱրմենՏելը» քաղաքում աջ ու ձախ նույն ցուցապաստառն է փակցրել: Կարմիր ֆոնի վրա նկարված երեխայի կողքին գրված է՝ «Շարունակիր մեծանալ»: Դժվար է ասելը` «ԱրմենՏելի» նախկին հո՞ւյն, թե՞ ներկա ռուս տերերին է թվացել, որ մեր երեխաները հեքիաթային Պիտեր Պեն են ու չեն մեծանալու: Երեւի հեռահաղորդակցության ոլորտում ստացած հեքիաթային շահույթների տպավորության տակ նրանք շարունակում են Հայաստանը հեքիաթային երկիր ընկալել: Իսկապես էլ, գովազդային Հայաստանը մեկ այլ հեքիաթի Հիմարների երկրի Հրաշքների դաշտ է հիշեցնում: Ամանորից մեկ շաբաթ անց էլ նորաբաց խանութի գովազդն առաջարկում է Նոր տարին դիմավորել այդտեղից կատարված գնումներով: Կարծեմ «ինչ-որ փողոց 8» կոչվող այդ խանութի գովազդն ի ցույց է դնում մեր գովազդային դաշտի պերճանքն ու թշվառությունը: Քաղաքի կենտրոնում հսկայական ու թանկարժեք այդ «օբյեկտի» տերը չի խնայում գովազդի վրա: Համարյա բոլոր հեռուստաընկերությունների եթերում այն առկա է: Բայց մարդը խնայել է գովազդը պատրաստելու վրա եւ Նոր տարին դիմավորելու կոչ-տեքստով գովազդը դեռ երեւի մինչեւ գարուն եթեր է տալու: Եվ այս գովազդը ցավալիորեն եզակի չէ: Ժամանակավրեպ գովազդներից հետո մեկ ուրիշը հեռուստաեթերից սպառնալից հարցնում է «Քանի՞ անգամ եք որոշել թողնել ծխելը» ու նույնքան դաժան զգուշացնում «Սա կլինի վերջինը»: Մինչ հեռուստադիտողին թվում է, թե իրեն կալիումի ցիանիդ կամ մեկ այլ թույն են առաջարկելու, գովազդը հորդորում է գնել նվազ ազդեցիկ մի դեղամիջոց: Մեր երկրում դեղամիջոցների գովազդն այդպես էլ չկարգավորվեց: Որպես դեղամիջոց` ինչ ասես չի գովազդվում: Վերջերս, օրինակ, որպես միզամուղ միջոց գովազդվում է ՀՀ-ում կոնյակ արտադրող բազմաթիվ ձեռնարկություններից մեկի արտադրանքը: Այն առանձնակի ընդունելության է արժանանում առաջացած տարիք ունեցողների մոտ: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այդ տարիքում մարդիկ հաճախամիզությամբ են տառապում: Գովազդը նրանց հիշողության գիրկն է գցում: Խորհրդային տարիներին սոցիալիզմի ճամբարից դուրս մեկնողները, որպես կանոն, նույն պատմությունն էին պատմում: Կարծում եմ, այն այսօր արժանի է վերաշարադրման: Խորհրդային տուրիստներն Արեւմտյան երկրներում, եթե լողավազան էին այցելում, որպես կանոն, ընկնում էին տհաճ պատմության մեջ: 60-ական թվականներից արեւմտյան երկրներում հասարակական լողավազանները հնարավորինս մաքուր պահելու նպատակով ջրին հատուկ նյութ էր ավելացվում: Եթե որեւէ մեկը ջրում բավարարում էր իր փոքր կարիքը, նրա շուրջն այդ նյութի պատճառով ջուրը կարմրում էր: Հետո հսկիչը լողորդին դուրս էր հրավիրում ու տուգանում: Խորհրդային տուրիստի համար առասպելական տուգանքի գումարը ողջ խմբով էին հավաքում: Մեր հեռուստատեսությամբ հաճախ պտտվող կոնյակի գովազդներից մեկն այս պատմությունն է հիշեցնում: Լողավազանի եզրին հայտնված գեղեցկուհուն մատուցողը կոնյակագույն հեղուկով բաժակ է առաջարկում: Գեղեցկուհին մի ումպ խմում է ու սլացիկ ընկղմվում լողավազանի մեջ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է անում ջրի մեջ լողացող գեղեցկուհին, որովհետեւ նրա ետեւից ջուրը ներկվում է: Ճիշտ այն գույնով, որն ունենում է լավ մրսած մարդու փոքր կարիքը: Հոլովակի վերջին կադրից առաջ մատուցողն անհայտանում է: Կամ՝ ամաչելով տեսածից: Կամ էլ՝ ապշելով իր տված միզամուղի անակնկալ ճոխ հետեւանքից: Իսկ վերջին կադրում արդեն այդ հրաշագործ հեղուկի շիշն է ու ժպտացող գեղեցկուհին: Անհաջող այս գովազդի վերապատմումը հարկավ տհաճ էր: Բայց այն գոնե սյուժե ունի: Ի հակադրություն անակնկալ հարստանալու կոչ անող զարմանազան լոտոների ու վիճակախաղերի գովազդային տեսահոլովակների: Սրանք, որպես կանոն, ոչ միայն բարոյական չեն, այլեւ՝ անտրամաբանական են: Դրանցից մեկն, օրինակ, բառացիորեն առաջարկում է մտերիմներին ու հարազատներին ցուցադրվող մեքենան նվիրել ցուցադրվող տոմսի միջոցով: Տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ այդ տոմսերից յուրաքանչյուրում մեքենայի շահում կա: Իրավական երկրում ցանկացած սպառող կարող էր շահել նման անբարեխիղճ գովազդատուի դեմ հարուցած դատը: Հայաստանում առայժմ նման նախադեպ չկա: Հավանաբար դեռ երկար չի լինի, որովհետեւ գովազդի նկատմամբ հսկողության օրենսդրական համակարգ չկա: ՀՀ կառավարությունում հիմա մշակվում է գովազդի օրենքի նոր նախագիծ: Այն հավանաբար կօրինականացնի այսօր ապօրինի համարվող ալկոհոլային խմիչքների գովազդը: Դրան զուգահեռ` ենթադրվում է ստեղծել գովազդների վերահսկողությամբ զբաղվող մարմին: Բայց այն դժվար թե արդյունավետ աշխատի: Նման կարծիք կարելի է կազմել Լեզվի տեսչության աշխատանքը տեսնելով: Այս տեսչությունն իրավական լծակներ ունի, չէ՞, ոչ հայերեն (կամ հայերենի դեմ մեղանչող) գովազդներ պատրաստողների դեմ: Բայց այս փաստը գովազդատուներին չի խանգարում փչացնել ոչ քաղաքում զբոսնող, ոչ հեռուստացույց դիտող խաղաղ բնակչության տոնական տրամադրությունը: