Տոնական օրերին երեւանցիներին մատուցված անակնկալներից էին հոսանքազրկումները, ջրատար խողովակների, կոյուղագծերի սառցակալումներն ու դրանց արդյունքում ստեղծված վթարային իրավիճակները:
Հարավ-արեւմտյան Ա-1 թաղամասի 162 շենքի տասնյակ բնակիչներ դեկտեմբերի 31-ին, տոնական սեղանների շուրջ նստելու փոխարեն, ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել ցուրտ միջանցքներում` տաքացնելով մուտքերի կոյուղատար խողովակներն ու բնակարաններից դույլերով հեռացնել կեղտաջրերը: Հնարամիտ բնակիչները բնակարանները կոյուղաջրերից փրկելու համար ստիպված են եղել դրանց հունն ուղղել դեպի չշահագործվող վերելակի հորանը, որը ներկա դրությամբ «ծփում» է կեղտաջրերի մեջ: Իսկ 9-րդ հարկի բնակիչներից մեկի խոսքերով, գործող վերելակի շուրջ ստեղծված անանցանելի 50 սմ կոյուղաջրերի սառցաշերտը հաջողվել է հեռացնել միայն երկու օր առաջ` «ֆայլաբազարից» բերված վարձու բանվորների օգնությամբ, որոնց բնակիչները վճարել են 20 հազար դրամ: Բնակիչները նաեւ սեփական միջոցներով 15 հարկանի շենքի 8-12 հարկերի կոյուղատար խողովակներն են ջերմամեկուսացրել: Նրանց վկայությամբ, շենքը մատնված է անտերության: Համատիրության ղեկավարությունը ձմեռնամուտին «աչքակապություն» է արել` ջերմամեկուսացնելով միայն առաջին հարկի խողովակները, ինչը հավասարազոր է ոչինչ չանելուն: «Խոլերայի բուն է, զանգել ենք Սանէպիդկայան, որպեսզի գան ախտահանեն լոգարանները: Երբ դեկտեմբերի 31-ին մտանք լոգարան ու տեսանք սարսափելի տեսարանը, զանգահարեցինք ծանոթ-անծանոթ սանտեխնիկների, սակայն տոնական այդ օրով ոչ ոք չուզեց օգնության հասնել: Զանգահարեցինք անգամ Փրկարար ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ դա իրենց ֆունկցիաների մեջ չի մտնում: Համատիրությունից էլ ասացին, որ իրենք չունեն համապատասխան մասնագետներ: Մնում էր ապավինել սեփական ուժերին. ամբողջ գիշեր գազի բալոններով տաքացրեցինք խողովակները»,- ասում է հինգերորդ հարկի բնակչուհի տիկին Մարիամը: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը գտնվում է հենց Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի լրատվական բաժնից պատասխանեցին, որ թեեւ բազմաբնակարան շենքերն իրենց համայնքում մեծ թիվ են կազմում, այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի վթարները համայնքում նվազել են, եւ եզակի դեպքեր են արձանագրվել: Երկու օր առաջ հրավիրած ճեպազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն էլ նշել էր, որ ցածր ջերմաստիճանի պատճառով ջրատար եւ կոյուղատար խողովակների վթարներն այս տարի պակասել են: Փոխքաղաքապետը բնակիչներին նաեւ հիշեցրել էր, որ վթարների վերացման համար չպետք է դիմել քաղաքապետարան, այլ պետք է դիմել հասցեատերերին` համայնքներին եւ համատիրություններին: Ինչեւէ, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից «168 Ժամին» պատասխանեցին, որ աշնանը 2100 քառ. մետր տարածք է ջերմամեկուսացվել: Թաղապետարանի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ մասսայական սառցակալումներից հնարավոր է եղել խուսափել շենքերի մուտքերին տեղադրված դռների օգնությամբ: Իսկ բնակիչները հակառակն էին պնդում, թե ի սկզբանե, նախագծով, Հարավ-արեւմտյան թաղամասի շենքերի մեծ մասը զուրկ են մուտքի դռներից: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից տեղեկացրին նաեւ, որ համայնքային ենթակառուցվածքների վթարների վերացման ուղղությամբ բնակիչների կատարած ծախսերը կփոխհատուցվեն նրանց կատարվելիք բնակվարձերից: Ցրտաշունչ եղանակի պատճառով անմխիթար վիճակում են հայտնվել նաեւ Աջափնյակ համայնքի բազմաբնակարանները: Համատիրության նախագահ Ռոզա Բաղիշյանի հավաստմամբ, դեկտեմբերի 30-ից սկսած վթարային վիճակում են հայտնվել Մարգարյան առաջին նրբանցքի թիվ 10, 12 շենքերի, Մարգարյան երկրորդ նրբանցքի թիվ 3 շենքի, Ֆուչիկի թիվ 25 շենքի կոյուղատար համակարգերը: Խափանված են եղել նաեւ նշված համայնքի մի քանի շենքերի ջրատար խողովակները: «Ջրատար խողովակները սառում են, որովհետեւ բնակիչներն օրվա մեջ երկու ժամ են ջուր ունենում: «Երեւան-ջուր» ընկերությունը խախտելով բնակիչների հետ կնքված պայմանագրում ամրագրված 24-ժամյա ջրամատակարարման պայմանը, ստեղծում է այսպիսի վթարային վիճակ: Եթե նրանք շարունակեն նման գրաֆիկով ջուր մատակարարել, ես նրանց դատի կտամ»,- հայտնում է համատիրության ղեկավարը: իսկ «Երեւան-ջուր» ընկերության ներկայացուցիչը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենց ընկերությունը նոյեմբերի կեսերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար, եւ ընդհանրապես գոյություն չունի համատիրությունների հետ կնքված որեւէ պայմանագիր: Ընկերության ներկայացուցիչը համատիրության ղեկավարությանը խորհուրդ տվեց` «Երեւան-ջուր»-ին մեղադրելու փոխարեն, նախեւառաջ իրենց տնտեսությանը տեր կանգնել` ժամանակին ջերմամեկուսացնելով ջրատար խողովակների ներքին ցանցը:
Ի դեպ, 2005-2006թթ. Աջափնյակ համայնքում ճապոնական ԾԻԳ-ի աջակցությամբ վերանորոգվել է 51 շենքի ջրատար խողովակների ներքին ցանցը: Աջափնյակի համատիրության նախագահին ուղղված մեր այն հարցին, թե 2006թ. կառավարության կողմից համատիրություններին հատկացված գումարները որտե՞ղ են ծախսվել, Ռ. Բաղիշյանը պատասխանեց, որ կառավարությունից ոչ մի կոպեկ էլ չեն տեսել: «Երկար տարիներ եմ աշխատում այս համակարգում, բայց պետական ֆինանսավորում չի եղել, եւ կարծում եմ, որ առաջիկայում էլ չի լինի: Էժան հեղինակություն վայելելու համար են նման հայտարարություններ անում: Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ վթարներն ինքներս վերացնենք»,- ասում է համատիրության նախագահը: Դեկտեմբերի 31-ին, Աջափնյակի 10-րդ եւ 11-րդ թաղամասերի բնակիչները ժամը 18-20-ն ընկած ժամանակահատվածում նաեւ մատնված են եղել խավարի` վերհիշելով հովհարային անջատումների դաժան տարիները: Տարեմուտին էլեկտրականությունից զրկված են եղել նաեւ Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի տարբեր համայնքներ: Օրինակ, դեկտեմբերի 31-ի գիշերից մինչեւ հունվարի 1-ի 01.30-ը Դավիթաշենի Առաջին թաղամասի 5-6 շենքեր էլեկտրաէներգիա չեն ունեցել: Դավիթաշենի թաղապետարանի Բնակֆոնդի շահագործման, կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից տեղեկացրին, որ խափանված էլեկտրական մալուխների պատճառով Առաջին թաղամասի 31 շենքում նույնիսկ մեծ հրդեհ է բռնկվել, որը 3 հրշեջ մեքենաների օգնությամբ տեղայնացվել եւ մարվել է միայն հաջորդ օրը` հունվարի մեկին, ժամը 10.30-ի սահմաններում: Մասնագետների հավաստմամբ, տոն օրերին հոսանքազրկվել են հիմնականում այն թաղամասերը, որոնք գազիֆիկացված չեն եւ սնվում են միայն էլեկտրաէներգիայի ենթակայաններից: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հունվարի 1-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի երկու անջատում է գրանցվել. մեկը Երեւան քաղաքի Հարավ Արեւմտյան Ա-1 թաղամասում` ժամը 14. 00-ից 17.50-ն ընկած ժամանակահատվածում, եւ Իսակովի պողոտայի հարող տարածքում` ժամը 14.10-ից 18.20-ի սահմաններում: Նույն աղբյուրի հաղորդմամբ, հաջորդ անջատումը տեղի է ունեցել Արմավիր քաղաքում: Բոլոր դեպքերում էլ հոսանքազրկումների պատճառ նշվում է համակարգի ծանրաբեռնվածությունը: Ինչպես տեսնում եք, պատկան մարմինը տեղյակ չէ կամ թաքցնում է մայրաքաղաքի մյուս համայնքների հոսանքազրկման փաստերը: Մեր իրականությունում միշտ այդպես է, ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչով է զբաղված: