Ուտենք-խմենք հայերեն

16/01/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ամանորյա տոները տարեցտարի ավելի ակնհայտ են դարձնում մի հետաքրքիր իրողություն՝ 1700 տարվա քրիստոնյա հայ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է՝ գալիք տարին ի՞նչ կենդանու տարի է, քան՝ ի՞նչ է խորհրդանշում Սուրբ ծնունդը։

Ու բարեմաղթանքներն էլ դարձել են յուրահատուկ։ Այս տարին, ասում են, Վարազի կամ Խոզի տարի է։ Դեկտեմբերի 31-ին հաջորդող մի քանի օրերի ընթացքում բազմիցս լսել եմ «իրար հանդեպ խոզություն չանենք» խոսքերը, անգամ հեռուստատեսությամբ։ Իհարկե, այս ամենին բոլորն էլ հումորով են վերաբերվում, ինչպես ամանորյա սեղանին խոզի բուդ չդնելու հորդորներին՝ խոզին չնեղացնելու պատճառաբանությամբ։ Սակայն ստացվեց այնպես, որ մեր հարազատ իշխանությունները մեզ ստիպելու են այսուհետ մի քիչ «խոզություն անել»։

Ասվածը հասկանալի դարձնելու համար պատկերացնենք, որ Դուք որոշ ժամանակով մեկնում եք, ասենք, Շոտլանդիա՝ գործով կամ ճամփորդելու, դա էական չէ։ Էականն այն է, որ ձեր ընկերը շատ է խնդրել իրեն 3 շիշ շոտլանդական վիսկի բերել։ Գլազգոյի խանութներից մեկից գնում եք 5 շիշ վիսկի (դե, մի երկու շիշ էլ ձեզ համար)։ Իհարկե, դուք գիտեք, որ կա խմիչքի առավելագույն քանակ, որից ավելի սահմանն անցկացնելու համար դուք պետք է մաքսատուրք վճարեք։ Եվ այսպես, գալիս-հասնում եք Երեւան, եւ «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային տեսուչը ձեզ տեղեկացնում է, որ երկու շշից ավելի չեք կարող մտցնել Հայաստան։

Համաձայն ՀՀ կառավարության 2001թ. մարտի 29-ի թիվ 251 որոշման, մինչեւ երկու լիտր ալկոհոլային խմիչքը համարվում է, այսպես կոչված, բնաիրային չափ։ Այսինքն, դրանից ավելի բերելու համար պետք է վճարեք մաքսատուրք։

Դուք ցանկանում եք վճարել այդ չափը գերազանցող 3 շիշ վիսկիի համար նախատեսված մաքսատուրքը, սակայն… պարզվում է՝ անգամ վճարելու դեպքում դուք պարզապես իրավունք չունեք դրանք մտցնել Հայաստան։ Պատճառն այն է, որ Գլազգոյի խանութից գնած վիսկիի վրա պետք է հայերեն, կրկնում ենք՝ հայերեն տառերով գրված լինի արտադրող երկրի անունը, բաղադրատարրերը, արտադրման օրն ու պահպանման ժամկետները։

Այս կարգը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Համապատասխան որոշմանը դեռ կանդրադառնանք, մինչ այդ վերադառնանք ձեր ընկերոջն ու նրա խնդրած վիսկիներին։ Լավ իմանալով մեր մաքսավորների «անկաշառ» կեցվածքը՝ կարող ենք հաստատ ասել՝ չեն օգնի ոչ լեզուն, ոչ էլ փողը։ Ավելի 3 շիշ վիսկիները ձեզնից կառգրավվեն եւ համապատասխան վայրում, համապատասխան ձեւով կոչնչացնեն։ Ի՞նչ անել՝ մնացած երկու շիշը նվիրել ընկերո՞ջը, թե՞ մեկը պահել։ Ամեն դեպքում, անհարմար բան է ստացվում՝ խոզություն՝ «լայթս» տարբերակով։ Դե, իհարկե, դուք գիտեք, որ այդպես չէ, սակայն ապահովագրված չեք, որ ձեր արածն այդպես չի ընկալվի։ Եթե անգամ վիսկիները տեղ հասցնեք, միեւնույն է, մյուս անգամ որեւէ տեղ գնալիս կմերժեք որեւէ մեկին որեւէ բան բերել։ Կմերժեն բոլորը։ Եվ կամա թե ակամա կստացվի, որ Խոզի տարուց սկսած մենք բոլորս մի թեթեւ, պարտադրված «խոզություն ենք անելու» միմյանց նկատմամբ։

Իսկ կառավարության համապատասխան որոշումը (թիվ 616)՝ սննդամթերքի պարտադիր հայերեն մակնշման պահանջների մասին, ընդունվել է 2006թ. ապրիլի 20-ին։ Համաձայն այդ որոշման, 2007թ. հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման է ենթակա հետեւյալ սննդամթերքը.

– Միս, այդ թվում` թռչնի, եւ մսամթերք,
– Կաթ եւ կաթնամթերք,
– Թռչնի ձու եւ ձվի փոշի,
– Սուրճ, թեյ,
– Բուսական յուղեր,
– Ձուկ, ձկից պատրաստված պահածո, ձկան խավիար եւ փոխարինողներ,
– Կակղամորթներից եւ անողնաշարավորներից պատրաստված սննդամթերք,
– Շաքար, շաքարավազ,
– Կակաո եւ դրանից պատրաստված սննդամթերք,
– Հրուշակեղեն,
– Մանկական սնունդ,
– Մակարոնեղեն,
– Հաց եւ հացաբուլկեղեն,
– Պահածոներ,
– Մրգահյութեր,
– Խմորիչներ, թթխմոր,
– Կետչուպ, մայոնեզ,
– Չոր ապուրներ եւ արգանակներ,
– Պաղպաղակ,
– Կիսել,
– Ալկոհոլային խմիչքներ, հանքային ջուր, ըմպելիք։

Իսկ այս ցանկում չընդգրկված սննդամթերքը հուլիսի 1-ից ենթակա է պարտադիր հայերեն մակնշման։

Ինչպես անցյալ ամսվա վերջին տեղեկացրել էր ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը, հունվարի 2-ից խանութներն արդեն չպետք է ընդունեն հայերեն մակնշում չունեցող սննդամթերք։ Իսկ խանութներում մնացած չվաճառված, բայց հայերեն մակնշում չունեցող սննդամթերքը դրվելու է վաճառքի, մինչեւ տվյալ ապրանքի պահպանման ժամկետի ավարտը։

Միգուցե սա նորմալ, քաղաքակիրթ շուկայական հարաբերություններին անցնելու համար անհրաժեշտ քայլ է. հայ սպառողն իրավունք ունի հայերեն լեզվով տեղեկություն ստանալ վաճառվող ապրանքի մասին։ Սակայն որքանո՞վ է նպատակահարմար պարտադիր հայերեն մակնշման համար հիմք ընդունել սննդամթերքի այն քանակը, որը հիմք է վերցվում մաքսատուրք գանձելու համար։ Միգուցե ինչ-որ մեկը ցանկանում է մի երկու շիշ ավելի կոնյակ բերել եւ պատրաստ է դրա համար վճարել համապատասխան մաքսատուրքը։ Ընթերցողներին տեղեկացնենք, որ չափերը սահմանված են կառավարության թիվ 251 որոշմամբ։ Ըստ դրա, կարելի է ՀՀ սահմանով առանց մաքսատուրքի տեղափոխել օրինակ՝ մինչեւ 1 կգ սուրճ կամ թեյ, մինչեւ 0.5 կգ խավիար, տարբեր տեսակի սննդամթերք՝ մինչեւ 1 կգ (այս ամենը վերաբերում է օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխմանը)։

Փաստորեն, եթե նախկինում կարելի էր դրսից օդանավով Հայաստան բերել 1 կգ խավիար՝ սահմանված չափը գերազանցող 0.5 կգ-ի համար վճարելով մաքսատուրք, ապա այժմ այդպիսի հնարավորություն չկա։ Պետք է պարտադիր հայերեն մակնշում լինի, իսկ հայերեն մակնշում ունեցող ապրանք արտասահմանյան որեւէ երկրի խանութում գտնելը հրաշքին հավասար բան է։

Հարցն ունի նաեւ մյուս կողմը։ Ապրանքատեսակի մակնշումը կատարվում է համապատասխան գործարանում։ Իսկ գործարանը փոքր խմբաքանակի պատվերի դեպքում դժվար թե հայերեն մակնշում ունեցող պիտակներ կամ տուփեր թողարկի։ Սա նշանակում է, որ, ասենք, Վրաստանից սննդամթերք տեղափոխող եւ դրանց վաճառքով զբաղվող մանր առեւտրականները այլեւս գործազուրկ կդառնան։ Եվ դա կնպաստի տնտեսության է՛լ ավելի մոնոպոլացմանը, քանի որ միայն քիչ թե շատ լուրջ ներմուծողները կարող են պայմանավորվել արտասահմանյան ընկերության հետ՝ իրենց պատվիրած խմբաքանակը հայերեն մակնշելու համար։

Եվս մի հանգամանք։ Հայաստանի շուկան արդեն իսկ շատ փոքր է։ Իսկ որոշ ապրանքատեսակներ՝ օրինակ, նույն թանկարժեք վիսկին կամ ֆրանսիական կոնյակը ունեն շատ փոքր սպառում։ Կհամաձայնի՞ արդյոք թողարկող ընկերությունը մի քանի հարյուր շիշ վիսկիի համար նոր պիտակներ թողարկել՝ դժվար է ասել։ Եթե չհամաձայնի, նշանակում է` «էլիտար» խանութներից հնարավոր չի լինի գնել հայերեն մակնշմամբ խմիչքեղեն, եթե, իհարկե, ներմուծողը դրանք երկու-երկու շշով չի տեղափոխում։

Ռոբերտ Դայանը նաեւ նշել էր, որ ներմուծողների վրա այս որոշումը թանկ չի նստի։ Իրենք՝ ներմուծողներն էլ, տարբեր կարծիքներ ունեն։ Ոմանք գտնում են, որ խնդիրներ չեն ծագի արտադրող ընկերության հետ, ոմանք՝ հակառակը։

Իհարկե, ցանկացած օրենք ու որոշում ունի իր դրական եւ բացասական կողմերը, եւ ցանկության դեպքում կարելի է քննադատելու բան գտնել։ Վերը նշված հանգամանքները կարելի է ոչ էական, անխուսափելի հետեւանք համարել։

Սակայն հաշվի առնելով մեր իրականությունը՝ կարելի է հստակ ասել, որ սա պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկ։ Այսինքն, հակառակ մեր պնդման, դուք ամեն դեպքում կկարողանաք լեզու գտնել մաքսային տեսուչի հետ՝ որոշակի գումար դնելով նրա գրպանը։ Ստացվում է, սա Մաքսայինի համար լրացուցիչ եկամուտ ստանալու հիանալի հնարավորություն է։ Չէ՞ որ մենք աղա ազգ ենք, եւ վիսկի խնդրած ընկերոջ սիրտը չկոտրելու համար չենք զլանա մի քանի հազար դրամ «նվիրել» մաքսային տեսուչին։ Վերջիններս էլ, լինելով շատ նրբանկատ եւ բարեհամբույր մարդիկ, կամաչեն մերժել մեր համեստ նվերը։ Մի խոսքով, Մաքսային պետական կոմիտեն ամանորյա հիանալի նվեր ստացավ Ձմեռ պապիկից։

Նշենք, որ մեր կառավարությունն ինքն իրեն շատ նվերներ է արել։ Ասենք, մեքենաների ներմուծման համար վճարվող գումարների ավելացումը, Պետավտոտեսչության համակարգի փոփոխությունները, երբ գրված ակտերից 30%-ը գնալու է տեսուչին… Բյուջեն պե՞տք է լցնել, թե՞ ոչ։ Իսկ «նվերների» հիմքը գցվել է անցյալ տարի՝ ձանձրալի որոշումների տեսքով, որոնց ժամանակին շատ քիչ ուշադրություն է դարձվել թե՛ մամուլի, թե՛ ընդդիմության կողմից։ Իսկ արդյունքները երեւում են հունվարի 1-ից սկսած, որովհետեւ Հայաստանում ճտերը հաշվում են ոչ թե աշնանը, այլ ձմռան կեսերից։