Նախընտրական սակագներ

16/01/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2007 թվականի ամանորը անկախության տարիների մեջ բացառիկ էր այն առումով, որ բնական մենաշնորհների ոլորտի ծառայությունները ոչ միայն չթանկացան, այլ նույնիսկ՝ էժանացան: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքացիների համար ավանդույթ էր դարձել նոր տարին դիմավորել ծառայությունների նոր՝ բնականաբար բարձրացված սակագներով:

Հունվարի 1-ից մենք հեռախոսի, լույսի, գազի, ջրի համար վճարում էինք ավելի շատ, քան նախորդ տարին էր: Նոր գները սահմանվում էին տարեվերջին եւ ուժի մեջ էին մտնում հաջորդ տարվա սկզբին: Կամ էլ տարեվերջին սպառողները տեղեկանում էին, որ հաջորդ տարում թանկանալու է տվյալ ծառայության գինը: Իսկ այս տարի տեղի ունեցավ հակառակը՝ էժանացավ գազը: Հայաստանի միակ գազամատակարար «ՀայՌուսգազարդ» ընկերությունն անցած աշնանը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկել էր բնակիչ-բաժանորդների համար գազի գինը թողնել անփոփոխ՝ 1 խմ համար 65 դրամ, իսկ խոշոր սպառողների համար 1000 խմ դիմաց սահմանված 146 դոլարը դարձնել 172 դոլար: Ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն այս առաջարկը բացատրում էր նրանով, որ խոշոր բաժանորդները գազը գնում են դոլարով: Իսկ դոլարը գնալով արժեզրկվում է, եւ նրանք գազի դիմաց վճարում են էժան ձեռք բերած դոլարով եւ գերշահույթ են ստանում: Խոշոր սպառողները գերշահույթ են ստանում նաեւ գազի դիմաց կառավարության կողմից սուբսիդավորման արդյունքում: Անցած գարնանից 1000 խմ դիմաց բնակիչների համար սահմանված 90.000 դրամից 25.000-ը եւ խոշոր սպառողների համար 146 դոլարից 52-ը վճարում է կառավարությունը: Բայց 2006թ. նոյեմբերին սակագնային հանձնաժողովը կայացրեց սենսացիոն որոշում եւ երկու տիպի բաժանորդների համար էլ գազի սակագինը մի փոքր էժանացրեց: 1000 խմ դիմաց բնակիչների համար էժանացրեց 6000 դրամով, իսկ խոշոր սպառողների համար, ճիշտ է, մոտ 7 դոլարով թանկացրեց, բայց դա դրամային արտահայտությամբ ավելի էժան ստացվեց, քան մարտին էր, երբ սահմանվել էր գազի հերթական սակագինը: Հանձնաժողովը նույնպես «էժանացման» իր այս որոշումը բացատրեց դոլարի արժեզրկման հանգամանքով: Այսինքն, Հայաստանը գազը դոլարով է գնում Ռուսաստանից, բայց այստեղ վաճառում է դրամով: Բայց քանի որ դոլարը Հայաստանում արժեզրկվել է, ուրեմն պետք է դրամային արտահայտությամբ էժանանա նաեւ գազը: Թեեւ դոլարն արժեզրկվել էր ոչ թե անցած տարի, այլ 2004 թվականից, եւ այս երեք տարիների ընթացքում անընդհատ գազի ու ներկրվող մյուս բոլոր ապրանքների էժանացման մասին հարց է բարձրացվել: Մյուս կողմից էլ` Հայաստանում գազի էժանացումն անտրամաբանական է այն առումով, որ գազը թանկանում է ամբողջ աշխարհում: Այս օրերին Ռուսաստանի հետ գազային պատերազմի մեջ են Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան: Ռուսաստանն ուզում է բարձրացնել այս երկրներին մատակարարվող գազի գինը: Այս ֆոնի վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը դիտվում է որպես նախընտրական տարում իշխանությունների իջեցրած պատվեր, որպեսզի մինչեւ խորհրդարանական ընտրությունները չնեղացնեն բաժանորդ ընտրողներին:

Անցած աշնանը ֆիքսված կապի եւ որոշ ծառայությունների սակագների բարձրացման համար հայտ էր ներկայացրել նաեւ «ԱրմենՏելը»: Հանձնաժողովը մերժեց նաեւ կապի ոլորտի օպերատորի առաջարկը եւ հայտը թողեց առանց քննարկման՝ պատճառաբանելով թե թանկացումների առաջարկը հիմնավորված չէ: Հանձնաժողովը առաջարկեց «ԱրմենՏելին» ավելի հիմնավորված առաջարկ ներկայացնել մինչ գարուն: Այսօր դժվար է ասել` «ԱրմենՏելը» գարնանը հայտ կներկայացնի՞, թե՞ կսպասի մինչեւ ընտրությունների ավարտը: Ընկերության մամուլի ծառայությունից պատասխանեցին, թե նոր առաջարկի վրա աշխատում են: Կամ եթե նույնիսկ գարնանը ներկայացնի էլ, մինչեւ հանձնաժողովը որոշի եւ նոր սակագներ սահմանի, ընտրություններն արդեն ավարտված կլինեն: Թեպետ «ԱրմենՏելի» բաժանորդները սպասում էին, որ նոր սեփականատերը՝ ռուսական «ՎիմպելԿոմն» իր մուտքը կազդարարի սակագների իջեցմամբ: Եվ դրան զուգահեռ` իր գները կիջեցնի նաեւ երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլ» ընկերությունը: Չէ ՞ որ 2005թ. ամռանը երբ «ՎիվաՍելլը» սկսեց բջջային ծառայություն մատուցել, «ԱրմենՏելն» էժանացրեց իր սակագները: Մրցակցության արդյունքում երկու ընկերություններն էլ մի քանի անգամ ցածրացրին բջջային կապի սակագները: Սակայն ռուսները կարծես թե չեն շտապում, եւ լավ է, որ հանձնաժողովը հետաձգեց «ԱրմենՏելի» հայտի քննումը: Այնպես որ, այս տարի կամ գոնե մինչեւ տարվա կեսը՝ խորհրդարանական ընտրությունների ավարտը, չի թանկանա նաեւ հեռախոսակապը:

Բնական մենաշնորհների ոլորտից հաջորդը ջուրն է, որի սակագները վերջին անգամ բարձրացան անցած տարվա մայիսին: Երեւանի ջրամատակարարման համակարգի նոր՝ ֆրանսիացի օպերատորն իր մուտքն ազդարարեց ջրի թանկացմամբ եւ իրավունք ունի սակագները վերանայել տարին մեկ անգամ: Սակայն «Երեւան ջուր» ընկերությունը կարծես թե նման առաջարկ ներկայացնելու մտադրություն դեռ չունի: Սովորաբար ջրի օպերատորն իր հայտը ներկայացնում էր գարնան սկզբին, բայց այդ մասին քննարկումները գնում էին տարվա սկզբին: Այս տարի նման քննարկումներ դեռ չկան եւ թվում է, թե «Երեւան ջուրն» էլ է սպասում մեր ընտրությունների ավարտին:

Իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնին, ապա դա չի էժանացվելու, մինչդեռ սպասվում էր, որ դոլարի արժեզրկման արդյունքում պետք է էժանացվի նաեւ հոսանքի գինը: Այս հարցի հետ կապված հանձնաժողովից նույնիսկ մեկնաբանություններ եղան, թե մատակարարներն այս տարիների ընթացքում այնպիսի թանկարժեք ներդրումներ են կատարել, որ էժանացման տեղ չի մնացել: Հնարավոր է, բայց տրամաբանական կլիներ, որ այդ ներդրումների արդյունքում բարելավվեր էլեկտրաէներգիայի սպասարկման որակը, սակայն գոնե բնակիչ-բաժանորդները դա չեն զգում: Ձմռան այս ցուրտ օրերին ու հատկապես ամանորյա տոներին, երբ ծանրաբեռնված է ցանցը, խափանումներ ու վթարներ հաճախ են տեղի ունենում: Այնպես, ինչպես որ տեղի են ունենում «ԱրմենՏելում» եւ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերում: Ավելին, հոսանքի թանկացման մասին նույնիսկ հեռավոր ակնարկներ են լինում, բայց ոչ 2007 եւ 2008 թվականների համար:

Մի խոսքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. այս չորս ապրանքների կամ ծառայությունների մասով շատ անելիքներ չունի, հիմնական մասն արել է 2006թ.: Հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս պահին սակագների փոփոխման հետ կապված որեւէ առաջարկ չեն ստացել: Հանձնաժողովն այս տարի հավանաբար կզբաղվի ՀԷԿ-եր շահագործելու, ինտերնետ-կապ կամ այլ ծառայություններ մատուցելու համար գործունեության լիցենզիաներ տրամադրելով: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ այլեւս բաժանորդ-ընտրողների բարեհաճությունը գրավելու կարիք չի լինի, նորից մեծ թափով կսկսի սակագներ փոխել, ավելի ճիշտ` թանկացնել: