Այնպիսի տպավորություն է, որ անկախացման հետ միաժամանակ հայերի մեջ տրանսֆորմացվել են մի շարք մարդկային հատկանիշներ: Զորօրինակ՝ վախը: Եթե անցյալում մարդիկ վախենում էին օրենքից կամ շեֆից, ապա այսօր շեֆից չեն վախենում, որովհետեւ շեֆ չունեն, իսկ օրենքից չեն վախենում, քանի որ, տեսնելով այսօրվա հայ օրենսդիրներին, մարդիկ, բնականաբար, վախենում են ոչ թե օրենքից, այլ օրենք գրողներից: Չնայած այս պարագայում ավելի տեղին է ասել՝ օրենք խզբզողներից:
Այնուամենայնիվ, ինչի՞ց կամ ումի՞ց են վախենում այսօր մարդիկ. Ատկինսոնից, եթե ղարաբաղցի են, ղարաբաղցիներից, եթե ղարաբաղցի չեն, նախագահի վերահսկողության ապարատից, եթե տեսուչ են, հարկային կամ մաքսային տեսուչներից, եթե մանր գործարար են, չամուսնանալուց, եթե օրիորդ են, ամուսնանալուց, եթե երիտասարդ են, աթոռ կորցնելուց, եթե նախարար են, չընտրվելուց, եթե պատգամավոր են կամ թաղապետ (ընդ որում, վախենում են ոչ թե ընտրողներից, որոնք կարող են իրենց չընտրել, այլ վերեւներից, որոնք կարող են «դաբրո» չտալ), ՀՀՇ-ից, եթե դաշնակ են, դաշնակներից, եթե ՀՀՇ-ական են, սափրագլուխներից, եթե լրագրող են (բացառությամբ մի քանի «հերոս» լրագրողների), շմոլ գազից, եթե տանը միաժամանակ ունեն եւ՛ գազ, եւ՛ պարսկական վառարան (անկախ ազգությունից), դեսպանատանը OK չստանալուց, եթե արտագաղթող են, Green card չստանալուց, եթե արտագաղթած են, Ռազմական ոստիկանությունից, եթե զինակոչիկ են, Վլադիմիր Գասպարյանից, եթե ռազմական ոստիկան են, Արմեն Ավետիսյանից, եթե արվամոլ են, սոցիալական քարտերից, եթե Արմեն Ավետիսյանն են, գովազդից, եթե հեռուստադիտող են, ընդդիմությունից, եթե հեռուստատեսության տնօրեն են (ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այսօր ընդդիմությունից վախենում են միայն հեռուստատեսությունների տերերը): Մի խոսքով, բոլորը ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենում են, բայց կա մի բան, ինչից բոլորը վախենում են հավասարապես: «Քցվելուց»: Տգեղ բառ է, սակայն արդիական: Որովհետեւ սկսած այն բանից, որ իշխանությունները վախենում են, որ Ամերիկան կամ Ռուսաստանն իրենց կարող են «քցել», վերջացրած նրանով, որ քաղաքացին վախենում է «քցվել» «լույսի մարդու» կողմից (հետաքրքիր է, չէ՞, առաջ լրիվ հակառակն էր. քաղաքացիներն էին «քցում» էներգացանցին)։ Բոլորը վերջին 10-15 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ «քցվել» են: Դրա համար էլ վախենում են, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում. «Պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»:
Համընդհանուր վախը երեւում է այնպիսի արտահայտություններում, ինչպիսիք են` «վախենում եմ՝ ուշանամ», «վախենում եմ՝ ինձ ճիշտ չհասկանաք», «վախենում եմ՝ սերիալին չհասնեմ», «վախենում եմ` իմ իզի-քարտի հերթը չհասնի», վախենում եմ…, վախենում եմ…, վախենում եմ…
Ճիշտն ասած՝ ես էլ եմ ինչ-որ բաներից վախենում: Օրինակ, երբ «դաստիարակված եւ պարկեշտ որդիները», անկախ լուսակրի գույնից եւ մեքենայի չափից, Երեւանի փողոցներում 200 կմ/ժ արագությամբ կողքովդ անցնում են, իրոք վախենալու է: Երբ 42 տարեկանում բուհի դիպլոմ են ստանում (այս դեպքում` նրանք այդ դիպլոմը «ստանում են» ինչ-որ մեկից, եւ ոչ թե գիտելիքների համար), իսկ 43,5-ում թեկնածուական թեզ են պաշտպանում, ես վախենում եմ մեր կրթության եւ գիտության ապագայի համար: Ես վախենում են, երբ լսում եմ երիտասարդների խոսակցության տոնը, բառապաշարն ու թեման, ես վախենում եմ, երբ խոսելով պատգամավորի հետ, հասկանում եմ, որ նրա մակարդակը ծովի մակարդակից բավականին ցածր է:
Բայց ես մի բան էլ եմ նկատել. որ մենք չենք վախենում միայն Աստծուց: Չնայած Աստծուց վախենալ պետք չէ, բայց նրան սիրել եւ հավատալ անհրաժեշտ է: Քանզի այս համատարած վախի մթնոլորտը կարելի է հաղթահարել միայն սիրելով եւ հավատալով միմյանց եւ Աստծուն: Իսկ ես հավատում եմ, որ այս ամենն անցողիկ է, ինչը մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք: