Հունվարի 6-ից ուժի մեջ է մտել անցյալ տարվա վերջին ԱԺ-ի կողմից ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը: Գաղտնիք չէ, որ ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում եւ հատկապես Երեւանում գտնվում է անմխիթար վիճակում: Սակայն այս օրենքը կարծես թե ոչ մի լուծում էլ չի առաջարկում:
«Էստեղ պահեք, հա՞»
Տարեվերջի մի քանի օրերին երթուղային տաքսիներին չէր թույլատրվում «կանգառից դուրս» կանգնել: Այժմ էլ գրեթե բոլոր երթուղային տաքսիներում փակցված է ցուցանակ` «Կանգառից դուրս կանգառ չպահանջել»: Ուղեւորի համար դժվարն, իհարկե, կանգառը որոշելն էր, սակայն ինչ-որ կերպ այդ հարցը լուծվեց` քաղաքի շատ հատվածներում կանգառին բնորոշ նստարաններ տեղադրելով: Ինչեւէ, այժմ երթուղային տաքսիներում փակցված այդ ցուցանակները կարելի է համարել անհարգալից վերաբերմունք ուղեւորների նկատմամբ, քանզի նոր օրենքն, այնուամենայնիվ, միկրոավտոբուսի վարորդին թույլ է տալիս կանգնել նաեւ կանգառից դուրս: Եթե երթուղային տաքսու մեջ ազատ նստատեղեր չկան, ապա վարորդը կարող է կանգնել «թույլատրելի տեղերում» միայն ուղեւորի պահանջով, հակառակ դեպքում` նաեւ նստել ցանկացողի պահանջով: Օրենքում ամրագրված «թույլատրելի տեղեր» բառակապակցությունն ըստ էության նշանակում է, որ կարելի է կանգնել ամենուր: Լրիվ զբաղեցված նստատեղերով երթեւեկելու դեպքում ուղեւորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է նույնիսկ կանգառներում, եթե, իհարկե, այդ մասին չեն պահանջում ուղեսրահում գտնվող ուղեւորները: Ըստ օրենքի, Երեւանում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կարող է արգելվել առանձին փողոցներում կամ փողոցների առանձին հատվածներում կանգառներից դուրս ուղեւորների պահանջով նրանց իջեցումը:
Զբաղված տաքսու վրա պետք է լույս վառվի
Համաձայն նոր օրենքի, մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ (տաքսամոտորային փոխադրումներ) կատարելու իրավունք այսուհետ ունեն միայն լիցենզավորված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը: Տաքսիները պարտադիր պետք է ունենան տաքսամետր` սակաչափիչ, զբաղված լինելը կամ չլինելն արտահայտող լուսացուցիչ, տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ մեքենայի վարորդի մասին տեղեկատվություն: Ընդ որում, մարդատար տաքսիները թափքի կողային մասում պետք է ունենան շախմատաձեւ նշան: Այս ամենը, բնականաբար, հավելյալ ծախսեր է պահանջում տաքսի-ծառայություններ մատուցող կազմակերպություններից, իսկ անհատ տաքսիստներին, ըստ էության, հնարավորություն չի տալիս մրցակցել շուկայում: Օրենքով արգելվում է տաքսամոտորային փոխադրումներ իրականացնել երկդռնանի, աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով: Արդեն գործող օրենքի ամենահետաքրքիր կետերից մեկն էլ այն է, որ բացի ուղեւորի նշված վայրից ու ճանապարհի թույլատրելի մասերում կանգնելուց, մարդատար տաքսի ավտոմեքենաները կարող են նստեցումները կատարել նաեւ «տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում», ինչպիսիք, ըստ էության, Հայաստանում չկան: Տաքսիների վարորդները պարտավոր են ուղեւորներին տեղ հասցնել երթեւեկության համար թույլատրելի ամենակարճ ճանապարհով, եթե ուղեւորն այլ բան չի խնդրում: Փաստորեն, օրենքի պահանջները լիովին պատկերացնելու դեպքում մտովի կարելի է հայտնվել Եվրոպայի փողոցներում, բայց իրականում օրենքն արդեն 5 օր գործում է, սակայն ուղեւորները ոչ մի փոփոխություն դեռ չեն նկատել մատուցվող տաքսի-ծառայությունների որակի մեջ:
Պատառոտված նստատեղերով չի կարելի երթեւեկել
Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներից է, օրինակ, այն, որ օրենքով արգելվում է ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներում օգտագործվող ավտոտրասպորտային միջոցների նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը: Չեն թույլատրվում նաեւ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված նստոցների տեղադրումը կամ պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումը: Ինչ վերաբերում է ավտովարորդներին ներկայացվող պահանջներին, ապա դրանցից է նաեւ այն, որ օրվա ընթացքում վարորդի կողմից ավտոմեքենայի վարման առավելագույն տեւողությունը (ներառյալ` արտաժամ աշխատանքը) չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում` 48 ժամը: Վարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, իսկ իրավասու մարմինների թույլտվությամբ` շաբաթվա երկու օրը 8 ժամից ոչ պակաս տեւողությամբ: Առանց ընդմիջման 4 ժամից ավելի տեւողությամբ, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:
Վերոնշյալ օրենքում նշված է նաեւ, որ «ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը»: Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մարմինը ՀՀ Ճանապարհապարեկային ոստիկանությունն է (նախկին ՊԱՏ): Հասկանալի է նաեւ, որ օրենքը վերջինիս մեծ հնարավորություններ է ընձեռել փող աշխատելու, քանզի այս օրենքը, ինչպես եւ մյուսները, խրախուսում է բնակչության եւ ձեռնարկատերերի հաշվին չինովնիկների վերցրած կաշառքների չափի ավելացումը: