Եվրամիությանը Կիպրոսի անդամակցության արդյունքում հնարավոր է, որ Կիպրոսի հայերը, ովքեր մինչ օրս մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին ազատված էին պարտադիր ծառայությունից, այսուհետ զորակոչվեն բանակ: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ Կիպրոսի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձգտելու է չեղյալ հայտարարել կառավարության այն որոշումը, որով փոքրամասնությունների ներկայացուցիչներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Նախարարության մշտական քարտուղար Պետրոս Կարեկլասը լրագրողներին հայտնել է, որ այդ համայնքների ներկայացուցիչները հրավիրվել են նախարարություն եւ տեղեկացվել, որ Եվրամիությանը անդամակցությունը նշանակում է հավասար իրավունքներ եւ պարտականություններ բոլորի համար: Կիպրոսի 10-հազարանոց բանակում ծառայելու ժամկետը 25 ամիս է: Իսկ Կիպրոսում բնակվում է մոտ 3 հազար հայ: