Արտագաղթի մեխանիկա – 2

16/01/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարեմուտի` 2007 թ.-ի նախօրեին պաշտոնատար անձինք, ձեւավորված ավանդույթի համաձայն, հերթականությամբ եւ աննախադեպ լավատեսությամբ շնորհավորեցին ՀՀ քաղաքացիներին` երկրում արձանագրված սոցիալ-տնտեսական մեծ ու փոքր ձեռքբերումների համար:

Մեջբերենք նշված ելույթներից մի հատված. «Երկնիշ տնտեսական աճն արդեն դրականորեն ազդում է ազգաբնակչության կենսամակարդակի վրա»: Նմանատիպ ելույթներից հետո առաջին հարցը, որն առաջանում է, հետեւյալն է` տեսնես ո՞ր երկրի մասին է խոսքը: Արժեր, որ մեր բարձրաստիճան չինովնիկները հաճախակի երկրի փողոցներում, ժողովրդի մեջ հայտնվեին` սեփական աչքերով գնահատելու երկրում առկա իրողությունները, այլ ոչ թե այդ ամենի մասին դատեին` ելնելով գերատեսչությունների ներկայացրած հաշվետվությունների ճռճռան թվերից: Վերջերս հետազոտություն էր իրականացվել երիտասարդության շրջանում, եւ նրանց մոտ 77 տոկոսը նշել էր, որ իր ապագան տեսնում է Հայաստանից դուրս: Մեկ այլ վիճակագրական տվյալների համաձայն, տարբեր ծրագրերով Հայաստանից արտերկիր մեկնած ուսանողների 70 %-ն այդպես էլ հայրենիք չի վերադառնում: Այսինքն, տեղի է ունենում որակյալ մասնագետների արտահոսք: Հետաքրքրական է իմանալ, որ դրսից ընդունած մասնագետների հաշվին, Մեծ Բրիտանիան, օրինակ, 7 անգամ քիչ գումար է ծախսում, քան կծախսեր այդ մասնագետներին սեփական բուհերում ուսում տալու դեպքում:

Արտագաղթը շատերին է հատուկ, սակայն արտագաղթի նկատմամբ հայերը յուրահատուկ թուլություն ունեն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, ներկայումս ամբողջ աշխարհում գոյություն ունի 185 մլն միգրանտ: Այսինքն, յուրաքանչյուր 35 մարդուց մեկը միգրանտ է: Միայն ԵՄ երկրներում յուրաքանչյուր տարի կես մլն-ով ավելանում է նաեւ ապօրինի միգրանտների թիվը: Դրանք այն քաղաքացիներն են, ովքեր ապաստան հայցելու հեռանկարով կամ այլ նպատակներով հայտնվել են զարգացած երկրներում եւ ոչ մի կերպ չեն ուզում այնտեղից վերադառնալ իրենց երկիր: ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, 2006 թ. առաջին կիսամյակում 17 զարգացած մուտքի երկրներում ապաստան հայցող 36 ելքի երկրներից Հայաստանը գրավում է 14-րդ հորիզոնականը: Ընդ որում, Հարավային Կովկասի եռյակում Հայաստանը զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը, համապատասխանաբար, Ադրբեջանը զբաղեցնում է 21-րդ, իսկ Վրաստանը` 23-րդ տեղը: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) «Տվյալների նախաձեռնություն 2006» ծրագրով Հարավային Կովկասի երեք երկրներում իրականացված ընտրանքային հետազոտությունները վկայում են, որ վերջին 3 տարիներին արտագաղթած անդամ ունեցող տնային տնտեսությունների ամենամեծ մասնաբաժինը գրանցվել է ՀՀ-ում, իսկ ամենափոքրը` Ադրբեջանում: Ընդ որում, ՀՀ-ից արտագաղթածների ամենամեծ հոսք գրանցվել է այլ քաղաքներից (12.1 %), իսկ Բաքվի տնային տնտեսությունների միայն 0.3 %-ում են եղել արտագաղթածներ: ՀՀ-ից եւ Ադրբեջանից հարցվողները որպես արտագաղթի նպատակակետ հանդիսացող հիմնական երկիր առանձնացրել են Ռուսաստանը: Զարմանալի չէ, որ Թբիլիսիից արտագաղթածների մեծամասնությունը` մոտ 41 %-ը, մեկնում է Եվրոպա, եւ միայն 31 %-ը` ՌԴ: ԱՄՆ-ը՝ որպես նպատակակետ երկիր, Հայաստանի այլ վայրերի համեմատ, ավելի հաճախ ընտրում են երեւանաբնակները (20 %): ՀՌԿԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ից արտագաղթելու հիմնական պատճառը, 16-ից բարձր տարիքի միգրանտների շրջանում, տնտեսական գործոնն է. շատերին չի հաջողվել աշխատանք գտնել, ոմանց ստացած վաստակն էլ չի բավարարել իրենց տնտեսության ապրուստը հոգալուն, իսկ մյուսները մատնանշել են իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք չլինելու հանգամանքը: Իսկ «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հ/կ-ի կատարած մեկ այլ` «Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2002-2005 թթ.» հետազոտության արդյունքները նույնպես վկայում են, որ ՀՀ-ից տնտեսական միգրանտների 80-85 %-ը մեկնում են ՌԴ: Մեկնողների տարիքային խումբը հիմնականում աշխատունակ եւ վերարտադրողական ակտիվ տարիքի` 20-44 տարեկան տղամարդիկ են: Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ միգրանտներն արտերկրում կատարում են առավելապես չորակավորված աշխատանքներ, քանի որ դեռեւս բացակայում է պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու պրակտիկան: Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակում է ծրագիր միջազգային միգրացիայի վերաբերյալ, որի հիմնական նպատակը միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանությունն է լինելու եւ նրանց ինտեգրումը տվյալ հասարակություններին: Իսկ 1990-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված միջազգային կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2003թ. հուլիսի 1-ին, նույնպես նպատակ ունի պաշտպանել աշխատավոր միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները: «Մասսայական արտագաղթը, որը տեղի էր ունենում սրանից դեռ 10 տարի առաջ, այսօր գոյություն չունի, որովհետեւ ունենք մեկնողների եւ վերադարձողների դրական սալդո: Հանրապետությունից մեկնողների եւ վերադարձողների սալդոն այս տարի կկազմի + 20.000 մարդ: Արտագաղթողների պիկը գրանցվել է 1993թ., երբ բացասական սալդոն հասնում էր մինչեւ 100 հազարի: Իհարկե, պնդել, որ հիմա երկրից չեն մեկնում, նույնպես սխալ կլինի: Արտագաղթի մեծ ալիք չունենք, սակայն ունենք մի ուրիշ երեւույթ` աշխատանքային միգրացիա, այսինքն՝ գործ ունենք տնտեսական գործոններով պայմանավորված միգրացիայի հետ: Այն ժամանակ անվերադարձ միգրացիա էր, հիմա գնում են որոշակի ժամանակով, աշխատում են ու վերադառնում: Հայկական մենթալիտետում ընտանեկան կապերը շատ ամուր են` մեկը գնում է ու հերթով ընտանիքի անդամներին տանում է: Եվ հարցական է, եթե կյանքն այստեղ լավանա, մեկնողների թիվը կպակասի՞, թե՞ ոչ, որովհետեւ ընտանեկան գործոնը շատ մեծ դեր է խաղում»,- ասում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության «Միգրացիայի գործակալության» միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության թվերով` սալդոն բացասական է, իսկ գործակալության հաշվարկներով` դրական: Ըստ Ի. Դավթյանի, տարբերությունը բխում է նրանից, որ ԱՎԾ-ն հիմք է ընդունում հաշվառումից դուրս եկած քաղաքացիներին, իսկ իրենք` զուտ սահմանահատումները, եւ հավելում, որ անհրաժեշտ է սահմանային կետերում ներդնել ուղեւորահոսքերի հաստատման նոր համակարգ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, մուտքի երկրներից Հոլանդիայում ներկայումս մեծ թվով Հայաստանից մեկնած անօրինական միգրանտներ կան: Նրանց կառավարությունը վերջերս էլ ավելի է խստացրել իր միգրացիոն օրենսդրությունը` ընդունելով խիստ օրենք, ըստ որի, թվով 26.000 փախստականի կարգավիճակ հայցողներ պետք է արտաքսվեն երկրից: Ընդունված օրենքի համաձայն, Հոլանդիայում նույնիսկ 6-7 տարի բնակվողները ստիպված կլինեն լքել երկիրը: Ըստ Ի. Դավթյանի, եթե նախկինում ՀՀ-ից մեկնած ապօրինի միգրանտները Գերմանիայում եւ Հոլանդիայում էին շատ, հիմա պատկերը փոխվել է, որովհետեւ վերջին տարիներին մերոնք ավելի հաճախ մեկնում են Ֆրանսիա, Ավստրիա, Բելգիա: ՀՀ կառավարությունն արդեն 4 երկրների (Դանիա, Շվեյցարիա, Լիտվա, այս տարվա նոյեմբերից` նաեւ Գերմանիա) հետ ունի կնքված ռեադմիսիոն (հետվերադարձի) համաձայնագրեր: «Համաձայնագրերի ստորագրման նախաձեռնությունը պատկանում է այդ երկրներին, որոնք անդամակցելով Եվրամիությանը, պարտավորված են իրենց արտաքին սահմաններն ապահովագրել միգրացիոն հոսքերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկրների հետ: Համաձայնագիրը կարգավորում է մեր քաղաքացիների ետվերադարձը, թեպետ առանց համաձայնագրի առկայության էլ, քաղաքացուն կարող են տվյալ երկրից արտաքսել: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին հետ վերցնել, դա միջազգային նորմ է, սակայն համաձայնագրերի կնքման ժամանակ մենք միշտ բանակցել ենք, որ մասսայական արտաքսում տեղի չունենա, երկրորդը, որ բոլոր դեպքերը քննվեն դատական կարգով, հետո արտաքսեն: Այս ամենը նրա համար է, որ չլինեն ապօրինություններ»,- նշում է Միգրացիոն ծրագրերի բաժնի պետը: Շվեյցարիայի հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում 2004թ. կնքվել է նաեւ հուշագիր, որը քաղաքացիների վերադարձի աջակցման ծրագիր է: Մինչեւ հիմա այս ծրագրի շրջանակներում Հայաստան է վերադարձել 19 ընտանիք` 45 մարդ: Նշված ծրագիրը հայտնի է «ռեինտեգրացիա» անվանմամբ, որը նախատեսված է միայն կամավոր վերադարձողների համար: