Անցած շաբաթ երեւանցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց մի ավտովթար, որը կարող էր արտառոց չթվալ, եթե դրա հեղինակը չլիներ մեր քաղաքում շրջող տասնյակ HUMMER-ներից մեկը։ Եվ եթե ավտովթարի հեղինակն այդ հսկա ավտոմեքենան չլիներ, գուցե հիմա պարզ լիներ, թե ով է եղել վարորդը, ում մեղքով է եղել ավտովթարը եւ ում մեղքով են զոհվել անմեղ մարդիկ։ Այս հանգամանքները դեռ չեն պարզվել եւ, կարծում եմ, չեն էլ պարզվի, որովհետեւ HUMMER ավտոմեքենան մեզանում արդեն նշանակում է օրենքից ու կարգերից վեր մի բան։
Այս պատմությունը լսելուց եւ դրա մեկնաբանությունները թերթերում կարդալուց հետո մտաբերեցի մի դեպք, երբ ծանոթներիցս մեկն աջուձախ հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է ձեռք բերել նառուշիլովկա։ Եվ երբ ես միամտաբար հարցրի, թե դա ինչ է, նա զարմացած պատասխանեց՝ ամեն ինչ, հասկանո՞ւմ ես, ամեն ինչ։
Ես, անկեղծ ասած, մինչեւ այս հոդվածը գրելը չէի հավատում, թե կարող է նման բան լինել, կարծում էի՝ ծանոթիս վառ երեւակայության արդյունքն է։ Բայց գրելուց առաջ որոշեցի հետաքրքրվել ու Ներքին գործերի համակարգին քաջատեղյակ բարեկամներիցս մեկի հետ զրուցելով` պարզեցի, որ անհեթեթ այդ բանն իսկապես կա։ Ուրեմն, պարզվում է, որ օպերատիվ աշխատանք կատարողներին տրվում է մի փաստաթուղթ, որով նրանք կարող են խախտել օրենքը։ Բայց այդ փաստաթուղթը տրվում է ոչ միայն նրանց՝ կարգուկանոնի եւ օրինականության պահապաններին, այլեւ՝ կախարդական այդ թղթիկը ստորագրողների բարեկամներին, ծանոթներին ու մոտիկներին։ Չեմ ուզում հավատալ, որ տրվում է նաեւ փողով, բայց հավատում եմ, որ օրենք խախտելու համար բարձր գին վճարողների պակաս մեր երկրում չի զգացվի։
Առանց այդ թղթի կտորի էլ չի զգացվում, որովհետեւ նառուշիլովկայի արտահայտչաձեւերը մեր իրականության մեջ բազմաթիվ են ու բազմապիսի։ Նույն HUMMER-ը։ Չափի քիչ թե շատ զգացողություն ունեցող մեկը Երեւանում քշելու համար այդպիսի մեքենա չի գնի, որովհետեւ փողոցները նեղ են, ավտոկանգառների խնդրի անլուծելիության պատճառով` ավելի նեղացած, եւ ինտուրիստի ավտոբուս հիշեցնող այդ մեքենան մեր քաղաքում ամենեւին տեղին չէ։ Բայց գնում են HUMMER, գնում են ավտոբուս հիշեցնող այլ ավտոմեքենաներ, որովհետեւ դրանք, բացի շքեղ ու պրեստիժնի լինելուց, նաեւ ծառայում են որպես նառուշիլովկա։ Դուք երբեւէ տեսե՞լ եք որեւէ ավտոտեսուչի, ով օրը ցերեկով կամ գիշերվա մթնով HUMMER կանգնեցնի։ Ես չեմ տեսել։ Ընդհանրապես, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աստիճանաբար շատանում էին արտասահմանյան ավտոմեքենաները, ցանկացած ֆիրմա ավտո նառուշիլովկայի ուժ ուներ։ Հիմա այդպես չէ։ Հիմա ավտոտեսուչները ջոկողություն են անում։ Լավ ֆիրմաներին չեն կանգնեցնում, հասարակներին, օրինակ, OPEL-ներին, համեստ չափեր եւ պատկառելի տարիք ունեցող MERSEDES-ներին ու BMW-ներին, կանգնեցնում են։
Նառուշիլովկայի յուրօրինակ դրսեւորում է նաեւ ավտոմեքենայի պետհամարանիշը, որի լավը ձեռք բերելու համար, ըստ քաղաքում շրջող լուրերի, մարդիկ վճարում են 100-500 դոլար։ Եվ երբ ունենում են միեւնույն թվի կրկնությամբ համարանիշ, դա նրանց մոգական ուժ է հաղորդում, իսկ ավտոտեսուչների գլխում առաջացնում խառնաշփոթ։ Պարզ է, որ բոլոր համարները եւ նրանց տերերին անգիր չես հիշի, դրա համար էլ, «թանկ» համար տեսնելիս ուղղակի պիտի աչք փակես ու մտածես «սթից» համարներով ավտոներից ավելի շատ փող վերցնելու մասին։ Չէ՞ որ, ինչպես խորհրդային կարգախոսն էր ասում, «Պլանը օրենք է, կատարումը` պարտադիր, գերակատարումը՝ պատիվ»։
Ժամանակին լավ ուժ ուներ HKP համարանիշը։ Սկզբում այդ համարանիշն ունեցող ավտոմեքենաները չէին կանգնեցնում ղարաբաղյան շարժման, Արցախյան ազատամարտի ու մեր ազատասեր եղբայրների նկատմամբ ունեցած հարգանքից, բայց ավելի ուշ՝ 97-98-ից հետո, այդ հարգանքը փոխվեց վախի, եւ ավտոտեսուչների գլխում բուն դրեց «ի՞նչ իմանաս` ո՞վ կլինի» կասկածը։ HKP-ը ստույգ նշանակություն ուներ։ Ցանկացած ավտոտեսուչ գիտեր, որ այդ մեքենայից դուրս եկողը կարող է լինել իշխանական վերնախավի մերձավորն, ու կատարվածը դժվար կլիներ թյուրիմացություն որակել։
Մի այլ ազդեցություն ունի ռազմական ՊՆ համարանիշը։ Երբ այդ համարանիշը տեսնում ես բեռնատարի, ավտոբուսի, վիլիսի կամ ԳԱԶ-31-ի վրա, կարող ես մտածել, որ կողքովդ զենք, զինվորներ, հրամանատար կամ ավելի բարձր հրամանատար են տեղափոխում։ Խորհրդային բանակում ռազմական համարանիշը համարվում էր պետական գաղտնիք, եւ եթե մեկը փորձեր լուսանկարվել այդպիսի համարանիշ ունեցող մեքենայի մոտ, լավագույն դեպքում կզրկվեր լուսանկարից, այլ դեպքում կհայտնվեր զինվորների համար նախատեսված բանտում՝ հաուպտվախտում։ Ես չգիտեմ, ճի՞շտ էր Խորհրդային բանակի խստությունը, պե՞տք է առանձնացնել ռազմականը քաղաքացիականից, բայց գիտեմ, որ եթե մի բան ստեղծված է բանակի համար, պետք է բացառապես բանակին ծառայի։ Իսկ այսօր փողոցներում կարելի է տեսնել ՊՆ համարանիշով ամեն տեսակի մեքենաներ, որոնց տեխնիկական բնութագիրը դժվար թե թույլ տա դրանք մարտական համարել, հատկապես, որ քաղաքի փողոցներում մարտեր չեն ընթանում։ Այդ մեքենաների ղեկին շատ հաճախ կարելի է տեսնել անչափահասությունը հենց նոր լքած աղվամազոտ տղաների, ում պապաները, Հայրենիքը պաշտպանելուն զուգահեռ, բանակի «ռեզերվին» սովորեցնում են միանգամայն օրինական ճանապարհով օրենք խախտել։ Խեղճ ավտոտեսուչ, ձեռքը կգնա՞ կանգնեցնել մեկի OPEL-ը, կամ 09-ը կամ որեւէ փոքրալիտրաժ մեքենա, եթե չգիտի, թե ում տղան է նստած ղեկի մոտ։
Ինչո՞ւ վերեւում հիշեցի լուսանկարվելու արգելքը. որովհետեւ վերջերս համալսարանի մոտ մի խումբ «ախպերություն» նկարվում էր ՊՆ համարանիշով միանգամայն մարդատար մեքենայի ֆոնին։
Նառուշիլովկայի մի տեսակ էլ կա։ Երբ ավտոտեսուչը կանգնեցնում է, աջ ձեռքիդ ցուցամատն ու միջնամատն իրար միացրած դնում ես ձախ ուսիդ, ինչը ժեստերի հանրածանոթ լեզվով նշանակում է. «Աշխատող եմ»։ Պարզ է, որ բոլորն էլ իրենց գլուխը պահելու համար աշխատում են, բայց այս «աշխատողն» ուրիշ գործի է։ Նա տքնում է մեր երկրի իրավապահ-օրինապահ համակարգում։ Բայց ասեմ, որ ժեստերի այս լեզուն միշտ չի անցնում։ Ի տարբերություն վերը նշված դեպքերի, այս անգամ ավտոտեսուչներն իրենց թույլ են տալիս կասկածել։ Բայց երբ պարզվում է, որ իսկապես աշխատող է… հազար ներողություն են խնդրում, արդարանում, թե իրենք էլ իրենց աշխատանքն են կատարում։
Հիմա գրում եմ ու ծիծաղս գալիս է։ Մի ժամանակ` 90-92 թվականներին, երբ ձեւավորվում էին ֆիդայական ջոկատները, պակաս նառուշիլովկա չէր նաեւ մորուքը, եւ համեստ անձս ակնածանքի էր արժանանում թավ մորուքի համար։ Բայց գիտե՞ք, ինչու է գալիս ծիծաղս, որովհետեւ մինչ այդ մորուքով մարդ տեսնելիս անպայման հարցնում էին՝ նկարի՞չ եք, իսկ դրանից հետո ոչինչ էլ չէին հարցնում, որովհետեւ գիտեին, որ յուրաքանչյուր մորուքով բան ֆիդայի է, ու յուրաքանչյուր նկարիչ մեկ-երկու տարի անվտանգ երթեւեկում էր։