ԱՄՆ տարածաշրջանային նախագծերը

16/01/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե «Այս տարին հիշվեց Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բազմաթիվ հանդիպումներով: Ինձ թվում է, որ ես այս տարի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ավելի հաճախ եմ հանդիպել, քան իմ ընտանիքի: Ռազմավարական տեսակետից, այս տարին հաջողված եղավ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում: Նախագահ Իլհամ Ալիեւի այցը կարեւոր պահ հանդիսացավ հարաբերությունների զարգացման մեջ»: ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում Մ. Բրայզան բազմիցս աչքի է ընկել ոչ հայանպաստ իր կեցվածքով, քանի որ Ադրբեջանն իրեն մասնավորապես եւ ի սկզբանե հետաքրքիր էր, քանզի Ադրբեջանն էներգահումքի հիմնական մատակարարներից է: Բրայզայի այդ կեցվածքը այլեւս հասկանալի է. ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը 2006 թվականը կարեւորել է էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ: Իր այդ հարցազրույցում նա նշել է Եվրաատլանտյան համայնքի հետ Ադրբեջանի համատեղ աշխատանքը, գազի արդյունահանման աճը եւ եվրոպական հիմնական շուկաներ դուրս գալը, ինչպես նաեւ երկրի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի պահանջարկների մարման հետ կապված լուծումները` միայն ներքին արտադրության հաշվին: «Սա չտեսնված հաջողություն է անկախ Ադրբեջանի համար: Սա նշանակում է էներգաաղբյուրների հարստացում Եվրոպայի համար, որի համար Ադրբեջանն էներգահումքերի հիմնական մատակարարներից մեկն է: Մի խոսքով, 2006 թվականը դրական եղավ Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,- ասել է Մ. Բրայզան:

Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի շահերի համար չի իրականացվում. «Այս համագործակցությունը մեր շահերի բավարարման ճանապարհին «կամուրջ» չէ: Մեծ հաշվով, ԱՄՆ-ը Ադրբեջանում արդյունահանվող բնական գազի կարիքն առանձնապես չունի: Եվ, այնուամենայնիվ, անկասկած, ադրբեջանական տնտեսության այդ ոլորտում մենք, ամեն դեպքում, շահեր ունենք»:

Մ. Բրայզան նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է սկսել Տրանսկասպյան գազատարի նախագծի իրագործումը: Նա ընդգծել է, որ մտադիր են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ համաձայնություն ձեռք բերել Կասպից ծովում սահմանների որոշման հարցերում: Անդրադառնալով Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի հարցին, Մ. Բրայզան ասել է. «Մենք միշտ էլ աջակցել ենք տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերին: Մենք ջանում ենք զարգացնել այն բոլոր նախագծերը, կրկնում եմ, այն բոլոր նախագծերը, որոնք միավորում են Արեւելք-Արեւմուտք միջանցքի երկայնքով մեկ ձգվող բոլոր երկրներին: Իհարկե, մենք կուզենայինք, որպեսզի Թուրքիային եւ Բաքվին միացնող երկաթուղին անցներ Հայաստանով: Նախ, որովհետեւ դա արտացոլում է մեր քաղաքականությունը, իսկ երկրորդը, որովհետեւ գոյություն ունեցող երկաթուղով տնտեսական տեսակետից առավել նպատակահարմար է Թուրքիայի եւ Վրաստանի միացումը Հայաստանի տարածքի միջով: Բայց մենք այդ մասին որոշում չենք կարող ընդունել: Ներդրողներն իրենք են առաջադրում իրենց համար ձեռնտու ներդրումային սխեմա: Եթե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, իրենց սեփական նկատառումների համաձայն, ուզում են երկաթուղի անցկացնել, ապա, բնականաբար, մենք չենք կարող դրա դեմ առարկել, բայց առանձնապես չենք սատարում այդ նախագիծը: Մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներում տարածաշրջանի բոլոր երկրներին ներգրավող տրանսպորտային սխեմայի վկաները կդառնանք»: