Մեծ ռեժիսորի հիշատակին

16/01/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նա 20-րդ դարի կինոհանճարներից էր: Սերգեյ Փարաջանովն իր կյանքի ընթացքում նկարահանել է հինգ հայտնի ֆիլմ ու գրել է չորս կինոսցենար: Դա այդքան էլ շատ չէ: Բայց նրա ստեղծած պոետիկ ու պատկերավոր կինոլեզուն ապշեցրել ու հիացրել է դեռեւս նախորդ դարում, ու շարունակում է հիացնել նաեւ այսօր: Նա հասցրեց իր նախագծերի միայն չնչին հատվածն իրականացնել, սակայն նրա բոլոր ստեղծագործությունները գլուծգործոցներ դարձան՝ «Նռան գույնը», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշիկ Քերիբ», «Մոռացված նախնիների ստվերները»:

Համաշխարհային փառքի հասած ու բազմաթիվ կինոմրցանակների արժանացած ռեժիսորը, նկարիչն ու բանաստեղծն իր կյանքն ապրել է հակասական, փոթորկալից, ողբերգական ու գեղեցիկ: Նրա կյանքում 15 տարի ձգվող լռություն (բանտարկություն եւ գործազրկություն) է եղել, որի ընթացքում նա թեեւ ֆիլմ չի նկարահանել, սակայն իր երեւակայական պատկերները թողել է թղթի, կտավի, փայտի, մետաղի, այն ամենի վրա, ինչը հայտնվել է նրա ձեռքում: Նա զգեստներ է հորինել, տիկնիկներ պատրաստել, արտասովոր լուսամփոփեր ու գլխարկներ կառուցել, մի խոսքով` արարել է իր սեփական աշխարհը:

ԽՍՀՄ-ի ամենազոր գրաքննությունը հաճախ թույլ չէր տալիս նրան նկարահանել ու նրա սցենարները «անհեռանկար» էր անվանում, եւ Փարաջանովը` հասկանալով, որ շատ բան չի հասցնի անել, պատմվածքներ, հուշեր էր գրում, նկարում էր ու տարաբնույթ նյութերից նկարներ էր ստեղծում: Նրա կոլաժները, պատմվածքներն ու կինոֆիլմերն անբաժան էին նրա էությունից: Նրա համար կյանքն ու երազանքները փորձարկումների ու պոեզիայի դաշտ էին, որտեղ նա մեծ հմտությամբ, հեգնանքով ու նվիրումով սիրում էր խաղալ, բեմադրել ու արարել: Նա կյանքի բեմադրիչ էր ու այդ կյանքը կինոժապավենին հանձնելով՝ ամեն վայրկյան, յուրաքանչյուր կադրում ու յուրաքանչյուր կտավում հեքիաթ էր ստեղծում: Նույնիսկ հասկանալով, որ մահանում է, Ս. Փարաջանովն ամեն ինչ անում էր, որ իր կողքով ընթացող կյանքը գեղեցիկ մնա: Նա մինչեւ ուղն ու ծուծը բեմադրիչ էր: Օրիգինալ, գունեղ, սենտիմենտալ ու նրբանկատ:

Հունվարի 9-ին մեծ ռեժիսորի ծննդյան օրն է, որը անպայման կհիշվի Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, քանի որ Սերգեյ Փարաջանովը ազգությունից ու տարածքից վեր մարդ էր, ապրում ու ստեղծագործում էր արվեստի կանոններով ու արվեստի լեզվով: